Հայկական լեռնաշխարհում նախնադարից անցումը քաղաքակրթությանը և վաղ պետական կազմավորումներին տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում:
Մ․թ․ա III-II հազարամյակում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ, ինչը մեծամասամբ պայմանավորված էր լեռնաշխարհի բնակիչների ազգակցական կապերով։ Դրան զուգահեռ խորանում են սոցիալական տարբերությունները առանձնապես հինարևելյան ստրկատիրական երկրների հետ սերտորեն կապված ցեղերի ու ցեղախմբերի մոտ, մասնավորապես Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան և հարավային շրջաններում։
Շրջակա ցեղերի ու ժովուրդների դեմ մղվող պատերազմները ստրկության աղբյույւներ են դառնում, երևան է գալիս տնային ստրկության ինստիտուտը։ Տոհմացեղային կազմակերպության ընդերքում ամրապնդվում է հայրիշխանական ընտանեկան համայնքը, տղամարդը լայն իրավունքներ է ստանում ոչ միայն կնոջ, այլև յուրայինների նկատմամբ։
Սկսում է ուժեղ չափով գործել տնտեսական ժառանգության իրավունքը։ էնեոլիթում հաստատված ռազմական դեմոկրատիան այս տարածքներում իր տեղը զիջում է վաղ դինաստիական իշխանության, երբ ռազմական առաջնորդները ժողովներից ստանում են զգալի արտոնություններ ու իրավունքներ։ Ձևավորվում է տոհմացեղային ավագանին իր սեփական ունեցվածքով, իշխանությամբ և այն պաշտպանելու ցանկությամբ։ Ցեղապետերը և տոհմացեղային ավագանին իրենց կենցաղով, հագուստով, արդուզարդով, նույնիսկ թաղման արարողություններով և դամբարաններով ցանկանում են նմանվել հինարևելյան տիրակալներին և արտոնյալ խավերին։
Ազգակցական կապերից զատ տոհմացեղային հարաբերություններում ակտիվանում են նաև դրացիական կապերը։ Մի քանի համեմատաբար թույլ ցեղերը կարող էին հավատարմության երդում տալ հարևան ուժեղ ցեղին և կապվել նրա հետ նահապետական կապերով։ Մի քանի ազգակից կամ ոչ ազգակից ընտանեկան համայնքներ միասին կազմում են նոր կազմակերպչական միասնություն։ Մասնավոր սեփականության վրա հիմնված ընտանիքի հանդես գալը, բնակչության աճող խտությունը և իրար ոչ արյունակից տոհմերի և ցեղերի համակեցությունը, տոհմի տերիտորիայում ստրուկների շատանալը վերացնում են տոհմային համայնական հողատիրությունը, հողի կոլելտիվ մշակումը և տողմային համայնքը վերացնում գյուղական համայնքի։
Գյուղերը համախմբվում էին մեկ կամ մի քանի կենտրոնների’ ամրացված բնակավայրերի շուրջը, որոնք պայմանականորեն կոչում ենք «քաղաք»։ Այնտեղ էր գտնվում տաճարը, առաջնորդի կամ կառավարչի, ինչպես նաև համայնքների միության կամ «քաղաք֊պետության» պաշտոնական անձանց բնակարանը։ Այստեղ էր հավաքվում ավագների խորհուրդը և, հավանաբար, համայնքի ժողովը։ Այդ «քաղաքը» երբեմն ենթարկվում էր տիրակալին, որը խեթական, ապա՝ ասորեստանյան աղբյուրներում հաճախ անվանում էին «թագավոր»։
Փոխադարձ տնտեսական — մշակութային կապերի և արտաքին թշնամու դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությամբ սկզբում առաջանում են ցեղային միությունները, իսկ հետագայում սրանց ձուլումից կազմավորվում է ժողովուրդը՝ մի միանական տերիտորիայով և լեզվով։ Առաջ են գալիս նաև ժողովրդական համաժողովը, խորհուրդը և ժողովրդի զորահրամանատարության պաշտոնը։ Աստիճանաբար ձևավորվում է նաև պետությունը՝ որը գործիք է դառնում տոհմացեղային ավագանու համար իր սեփականությունը, ազդեցությունն ու իշխանությունը պահելու և պաշտպանելու, շահագործվող խավերին ճնշելու և հպատակ պահելու համար։
Հայաստանի արևելյան շրջանների ու Անդրկովկասին կից վայրերի ցեղերն ու ցեղախմրերը փոքր-ինչ հետ են մնում հասարակական կյանքի բնագավառում, սակայն ընթանում են զարգացման նույն ուղիներով։
Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկզբնակղբյուրները՝ շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները և Աստվածաշունչը: Նրանց վկայմամբ՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:
Պետական առաջին կազմավորումներից հիշատակվում է Արատտան (մ. թ. ա. XXVIII-XXVII դդ.)։ Խեթական սեպագրերում մ. թ. ա. XV -XIII դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա թագավորությունը: Ասորեստանյան արքաներն իրենց հյուսիսային արշավանքները նկարագրելիս նշում են Նաիրի և Ուրուատրի ցեղային միությունները, իսկ արդեն մ․թ․ա IX դարից Ուրարտու թագավորությունը։
Մ. թ. ա. III հազարամյակի պետական կազմավորումներից է Արման(ում)-ը, որի մասին վկայում են Միջագետքի Աքքադական պետության հիմնադիր Սարգոնը (մ. թ. ա. XXIV-XXIII դդ.) և նրա թոռը’ Նարամսինը (Նարամ-Սուեն, մ. թ. ա. 2236-2200): Վերջինս հյուսիսում բախվել է Արմանում (Արմանի) երկրի թագավորին:
Հին Բաբելոնի թագավորության տիրակալ Համմուրապիի (մ. թ. ա. 1792 -1750) անվան հետ կապված բնագրերում բազմիցս հիշատակվում են Հայկական լեռնաշխարհի պետականությունները, մասնավորապես Սուբուրտուն (Սուբուր – Արմանի), Կուտի(ում)ը և այլն:
Փոքր Ասիայի արևելքում՝ Քանեշ քաղաքից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում հիշատակվում են մ. թ. ա. XX դ-ի հայկական շուրջ մեկ տասնյակ իշխանություններ’ Ծուփանա (Ծոփք), Խախ(ում), Թեգարամա (Թորգոմա տուն, Թոգարմա) ևն: Վերջինս հիշատակվում է նաև Աստվածաշնչում:
Հայկական լեռնաշխարհում պետական այլ կազմավորումների մասին հաղորդում են ուրարտական արձանագրություները։ Մանսավորապես նրանք հիշատակում են Էթիունի և Դայա (միջնադարյան Տայք) ցեղային միությունները, Թեգարամա (հայտնի է հայկական պատմագրության մեջ որպես «Թորգոմի տուն»), Մելիտա/Մելիդ (ներկայիս Մալաթիա),Խաթե, Ծուփան (հինհայաստանյան Ծոփք), Արմե և Ուրմե հիմնականում հայախոս երկրները։
© Բագրատ Մովսեսյան