Հայերը, որպես էթնիկական կազմավորում առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով՝ մ.թ.ա. II – I հազարամյակներն ընդգրկող շրջանում:
Լեզվաընտանիքի հայրենիքն է Հայկական լեռնաշխարհը և հարակից երկրամասերը` Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելքը և Իրանական բարձրավանդակի հյուսիսը: Դեռ նեոլիթի դարաշրջանում այստեղ կատարվել է հնդեվրոպական լեզվով խոսող ցեղերի տրոհումն առանձին լեզվաբարբառների, ապա`ցեղակից լեզուների: Այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով:
Հայ ժողովրդի առաջացմանը մասնակցել են Հայկական լեռնաշխարհը բնակեցնող տարբեր ցեղեր և ցեղային միություններ` ինչպես հնդեվրոպական, այնպես էլ` հարակից լեզվաընտանիքների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ցեղ կամ ցեղային միություն, որը մասնակցել է հայ ժողովրդի կազմավորմանը, վերցրել է հայկական ցեղերի լեզուն, էթնիկ անվանումը, միաժամանակ փոխանցել իրենց մարդաբանական կերպարանքը, լեզուն, նյութական կամ հոգևոր մշակույթը: Հայ ազգի կազմավորման ընթացքում մեծ դեր են խաղացել խուռիները՝ դառնալով նրա ֆիզիկական — մարդաբանական հիմնական տարրը։
Խեթական պետության հանդես գալը Փոքր Ասիայում (մ.թ.ա. XVIII դ.) և Միտաննի պետության ստեղծումը Հյուսիսային Միջագետքում արագացնում են Հայկական լեռնաշխարհի բնակչության հասարակական — անտեսական զարգացումը և տեղական պետական կազմավորումների առաջացումը։
Խեթական աղբյուրները Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասում հիշատակում են Հայասա-Ազգի պետական կազմավորումը (մ.թ.ա. XV-XIII դդ.), որը Խեթական պետության դեմ համառ պայքարի գնով պահպանում է իր անկախությունը: Գիտնականները «hay» ինքնավանումը կապել են հենց այս երկրի հետ, որը ընգրկում էր Բարձր Հայք և Փոքր Հայք նահանգները։ Աստվածաշնչում այն հիշատակվում է նաև որպես «Տուն Թորգոմայ» կամ Թեգարամա երկիր
Մ.թ.ա. XIII -XII դարերում Փոքր Ասիան ենթարկվեց «ծովի ժողովուրդների» հարձակմանը: Թրակա-փռյուգիական ցեղերը դեպի արևելք իրենց գաղթի ճանապարհին ոչնչացրին Խեթական երբեմնի հարուստ պետությունը աոաջ բերելով տեղական ժողովուրդների և ցեղերի մի վիթխարի շարժ: Նրանց ճնշման տակ Թեգարամա երկրի բնակիչները շարժվեցին հյուսիս-արևելք և հարավ-արևելք’ սկզբում հաստատվելով Ակիփսենե (Եկեղիք), Սիսպիրիտիս (Սպեր), ապա նաև` Կալաքենե ու Ադիաբենե հրկրներում:
Ավելի մեծ դեր էր վիճարկված Թեգարամա երկրի շուրջ 300 ընտանիքներին՝ Հայկյաններին, որոնք Հայկի առաջնորդությամբ (կամ միավորված Հայկ գերագույն աստծո պաշտամունքով) նույն ժամանակահատվածում տեղաշարժվեցին արևելք մինչև Ադիաբենե այնուհետև պատմական Վասպուրականում գտկվող Հարքի արգավանդ դաշտավայր:
Իրենց առաջնորդ Արամանյակի օրոք (մ․թ․ա XI դար) Հայկյանները հաստատվեցին Այրարատյան դաշտում, իսկ Արամայիսի օրոք՝ մ.թ.ա. 1032 թվին հիմնադրում են Արմավիր քաղաքը եւ ստեղծում Այրարատյան թագավորությունը։ Հայկյաններից և ոչ մի թագավորի անուն գրավոր աղբյուրներում արձանագրված չէ’ բացառությամբ Արամե -Արամի, որն իշխել է մ.թ.ա. 859-843 թթ.:
Ուրարտական պետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VII դդ. ) հայերի կազմավորման պրոցեսն ավելի ուժեղացավ։ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I և Սարդարի I թագավորներին հաջողվեց իրենց իշխանության ներքո միավորել Հայկական լեռնաշխարհի տարածքի մեծ մասը։ Քանի որ իշխող ցեղախումբը փոքրաթիվ էր, թագավորները իրականացնում էին բնակչության տեղաշարժեր՝ նվաճված ցեղերին տեղափոխելով տարբեր երկրամասեր: Թագավորության բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին, և այդ տեղափոխությունների ու բռնագաղթերի հետևանքով հայ ժողովրդի կազմավորման գործընթացները խիստ արագացան: Միայն Արգիշտի I և Սարդուրի II թագավորները մ․թ․ա 780-730-ականներին բռնագաղթեցրել էին շուրջ կես միլիոն բնակիչների։
Ուրարտական թագավորների կողմից թողնված արձանագրությունների լեզուն հայերեն չէ։ Հենց այդ պատճառով XIX -XX դարում տարածվեց հայերի եկվոր լինելու թեզ և իբր նախահայերը ուշ են ներգաղթել Հայկական լեռնաշխարհ:
Այնուամենայնիվ, ուրարտերենի և Ուրարտուի իշխող տոհմի հայրենիքը գտնվում էին լեռնաշխարհի հարավային շրջաններում, որոնք նույնիսկ Ուրարտական պետության մաս չէին կազմել։ Փաստացի, տերության խարիսխը կազմում էր ուրարտերեն լեզվով խոսող մարդկանց փոքր համայնքը, մինչդեռ երկրի բնակչության մեծ մասը բաղկացած էր այլ էթնիկական տարրերից, հիմնականում` նախահայերից։
Խուռիական ծագում ունեցող թագավորական տոհմը նույնպես հայացավ` չնայած ավանդույթի ուժով շարունակում էր թողնել արձանագրություններ ուրարտական Վանյան սեպագրերով: Կիմերական և սկյութական ցեղերի արշավանքները խիստ թուլացրին այն, և արդեն մ․թ․ա VII դարի վերջում Հայկական լեռնաշխարհում վերականգվեց Այրարատյան թագավորությունը: Հայ ժողովրդի կազմավորման գործընթացներն էլ ավելի արագացավ և այն թևակոխեց իր ավարտական փուլը:
Երվանդականների իշխանության շրջանում (մ․թ․ա IV- III դդ) չնայած տեղ-տեղ պահպանվել էին այլալեզու ցեղերը, սակայն հայ ժողովրդի կազմավորումն ավարտվել էր, իսկ Ստրաբոնի համաձայն՝ Մեծ Հայքի թագավոր Արտաշեսի և Ծոփքի թագավոր Զարեհի օրոք (մ․թ․ա II դար) Հայաստանի բնակչությունը դարձել էր միալեզու:
Հայերի ծագման, անվան և կազմավորման վերաբերյալ պահպանված ժողովրդական ավանդությունները հեռու չեն պատմական ճշմարտությունից: Հայոց ծննդախոսական առասպելը, որը բերում է Մովսես Խորենացին (V դար), հայ ժողովրդի անվանադիրը (էպոնիմ) համարում է Հայկին, իսկ նրա «արմեններ» օտարաշխարհիկ անունը կապում է Հայկի հաջորդներից մեկի` Արամի անվանը:
Տես նաև՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը