Ուրարտական թագավորներին հաջողվեց իրենց իշխանության ներքո միավորել Հայկական լեռնաշխարհի տարածքը։ Քանի որ Բիայնա թագավորական դինաստիան ներկայացնող խուրի-ուրարտական վերնախավը փոքրաթիվ էր՝ արքաներն իրականացնում էին բնակչության տեղաշարժեր’ նվաճված ցեղերին տեղափոխելով տարբեր երկրամասեր: Թագավորության բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին, և այդ տեղափոխությունների ու բռնագաղթերի հետևանքով հայ ժողովրդի կազմավորման գործընթացները խիստ արագացան:
Շուրջ կես միլիոն բնակիչների բռնագաղթեցումը միայն Արգիշտի I և Սարդուրի II թագավորների օրոք (մ․թ․ա 786-735թթ) լեռնաշխարհի բնակչությանը վերածեց մի մեծ կաթսայի, որի մեջ իրար էին խառնվում տարբեր ցեղերի ներկայացուցիչները: Տոհմա-ցեղային համայնքը վերջապես իր տեղը զիջում է հարևանական կամ աշխարհագրական համայնքին, ինչը, բնակաբաբար, արագացնում էր ժողովրդագրական գործընթացները։
Բիայնա թագավորական տոհմն արագ հայացավ’ չնայած ավանդույթի ուժով դեռ երկար շարունակում էր թողնել արձանագրություններ ուրարտական (Վանյան) սեպագրերով: Կիմերական և սկյութական ցեղերի արշավանքները խիստ թուլացրին այն։
Մ․թ․ա VII դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում՝ Արմե Շուպրիայի տարածքում վերականգնվում է Հայկազունների իշխանապետությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Ռուսա II-ից (մ․թ․ա 685-645 թթ) հետո ուրարտական թագավորների իշխանությունըն այդ տարածքի նկատմամբ դառնում է անվանական:
Սկայորդու որդի Պարույրին հաջողվում է իր իշխանության տակ միավորել Վանա լճից Եփրատ գետ ընկած տարածքը և դաշինք կազմել Մարաստանի և Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ․թ․ա 612 թվականին նա իր ջոկատներով ակտիվ մասնակցում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավմանն ու կործանմանը, որից հետո կարգվում թագավոր։ Մ․թ․ա 609 թվականին մարերը գրավում են ուրարտական մայրքաղաք Տուշպան, նշանակում այնտեղ իրենց դաշնակից տիրակալին, ապա արշավում են հարավ՝ գրավելու Ասորեստանի վերջին կարևոր հենակետ Կարքեմիշը։ Պարույրը ընդարձակում իր թագավորության սահմանները՝ գրավելով Ասորեստանյան դաշտը, Եփրատից արևմուտք ընկած հողերը մինչև Մաժակ քաղաքը ներառյալ և Սև ծովի ափերը:
Տուշպա-Վանում հաստատվում է նոր իշխանապետություն Երվանդ I գլխավորությամբ։ Նվաճման իրավունքով Երվանդի և նրա տոհմի ձեռքն է անցնում ոչ միայն Ուրարտական պետության հարստության զգալի մասը, այլև Բիայնա թագավորների բուն տիրույթը հանդիսացող տարածքը, որը այնուհետև վերանվանվում է Երվանդունիք։ Հենվելով ունեցած տնտեսական որ ռազմական գերազանցության վրա՝ մ․թ․ա 580-ական թվականներին Երվանդը նվաճում է Արմենի-Շուպրիայի թագավորությունը և հայկական մյուս պետական միավորումները։
Այսպիսով մ․թ․ա 570 թվականներին Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է Երվանդի և նրա ժառանգների իշխանության ներքո։ Մովսես Խորենացին այս նոր արքայական տոհմը անվանում է «Հայկազյանց»։ Հատկանշական է, որ Երվանդունիների օրոք Հայկական լեռնաշխարհում տեղ-տեղ պահպանվել էին այլալեզու ցեղերը, բայց հայ ժողովրդի կազմավորումն ավարտվել էր։
Ասորեստանի դեմ մղվող պայքարի ժամանակ հայերը հանդես են եկել ոչ միայն իբրև մարերի դաշնակից, այլև հայերի ու մարերի միջև գոյություն են ունեցել բարեկամական և դաշնակցային իրավահավասար հարաբերություններ, որոնք հաճախ ամրապնդվել են նաև խնամիական կապերով: Հայոց թագավորների կառավարման են հանձնվել Փոքր Ասիայի այսրհալիսյան մարական տիույթները։ Սակայն դաշնակցային իրավահավասար այս հարաբերությունները երկար չեն պահպանվում։
Երվանդն ստիպված ընդունում է Մարաստանի Աստիագես (Աժդահակ) թագավորի (մ․թ․ա․ 585— 550թթ․) գերիշխանությունը, կնության տալիս իր դուստր Տիգրանուհուն, պարտավորվում տարեկան 50 արծաթ տաղանդ հարկ վճարել և տրամադրել 20 հազարանոց հեծելազոր։
Երվանդ I Սակավակյացը երկար չի դիմանում Մարաստանի գերիշխող դիրքին և մ․թ․ա մոտ 560 թվականին հրաժարվում է ստանձնած պարտավորություններից։ Աստիագեսը (Աժդահակ) իր զորահրամանատար, պարսից արքա Կյուրոսին հեծյալ ու հետևակ զորքով ուղարկում է Հայաստան՝ ապստամբությունը ճնշելու համար։ Հայոց թադավորը, երբ լուր է ստանում Կյուրոսի մոտենալու մասին, շտապ զորք է հավաքում և մարտակարգ կազմում թշնամու դեմ։ Սակայն Կյուրոսը խորամանկությամբ գերեվարում ու ձերբակալում է հայոց թագավորին և նրա ընտանիքի անդամներին։ Թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ նախկին հիմունքներով, բայց վճարվելիք հարկը ավելացնելու պայմանով՝ հաշտություն է կնքվում Մարաստանի և Հայաստանի միջև։
Տիգրան Հայկազունը (մոտ 560-530-ական թթ) դաշնակցում է պարսից արքա Կյուրոսին Մարաստանի Աժդահակ արքայի դեմ պատերազմում (մ․թ․ա 553-550 թթ), իսկ մ․թ․ա 539 թվականին ՝ աջակցում Բաբելոնի նվաճմանը, որից հետո ստանում է Աքեմենյան կայրության արևմտյան մասի փոխարքան։ Աքեմենյան տոհմի հետ դաշնակցային հարաբերությունները Տիգրանը պահպանեց նաև Կյուրոսի հաջորդի՝ Կամբիսի օրոք, սակայն հայոց արքայի մահից հետո Հայաստանը զրկվում է դաշնակցի կարգավիճակից և Մարաստանի հետ միավորվում մի սատրապության մեջ։ Սա ևս մի պատճառ է դառնում Հայաստանում ապստամբության համար հայոց արքա Վահագնի (մ. թ. ա. մոտ 524-515 թթ․) գլխավորությամբ։
Մ․թ․ա 522-521 թթ. Աքեմենյան տիրակալությանը հպատակ բազմաթիվ երկրների հետ միաժամանակ Հայաստանը նույնպես ապստամբել է Դարեհ I դեմ, ում մեղադրեցին Կյուրոսի կրտսեր որդի Կարդիային սպանելու և գահը զավթելու մեջ։
Պարսից պատժիչ զորքերի դեմ հայկական զորքերը տվել են հինգ ճակատամարտ, որոնց մասին Դարեհ I պատմում է Բագաստանայի (Բեհիստուն) ժայռին քանգակած իր եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և աքադերեն) տարեգրությունում։ Այդ արձանագրության մեջ Հայաստանր հին պարսկական ձևով անվանված է Արմինա, իսկ աքադերեն՝ Ուրաշտու։
Ւր դեմ առաջացած ապստամբությունը ճնշելու համար սկզբում Դարեհը Արմինա (Հայաստան) է ուղարկում Դադարշիս անունով իր հայ զորավարին, որի երեք արշավանքներն իր համար անհաջող ընթացք ունեցան։
Հայերը ոչ միայն գլխովին ջախջախել էին պարսկական բանակը և դուրս քշել Հայաստանի սահմաններից, այլև հետապնդել թշնամուն և ներխուժել Ասորեստանի հյուսիսային շրջանները։ Դարեհը նոր բանակ է ուղղարկում Հայաստան Վահումիսա անունով պարսիկ զորավարի ղեկավարությամբ, որը երկու ճակատամարտ է տալիս հայերին։ Հայաստանը վերջնականապես կորցնում է իր անկախությունը և դառնում առանձին սատրապություն։
Բագաստանայի (Բեհիստուն) արձանագրությունը նաև հայտնում է, որ Բաբելոնում Դարեհի դեմ ապստամբում է հայազգի Արախան, ով իրեն հայտարարում է Նաբուքոդոնոսոր VI արքան։ Հատկանշական է, որ Արախան նշվում է որպես Հալդի աստծո երկպագու։ Ըստ այդմ՝ մ․թ․ա 520 ական թթ. Հայերի մոտ շարունակվում է Հալդի- Հայկ աստծո պաշտամունքը. մյուս կոգմից արձանագրությունը վկայում է Բաբելոնի և Հայաստանի կապի մասին: Առկա է վարկած, թե Բաբելոնի ապստամբությունը կարող էր ուղղորդվեր Հայաստանից, ինչը տարածաշրջանային ազդեձության ուղղակի վկայություն է:
Այսպիսով՝ մ․թ․ա 520 թ. Հայաստանը ճանաչում է, Աքեմենյանների գերիշխանությունը, բայց պարսիկներր ևս ստիպված գնում են զիջումների: Հայաստանամ շարունակում էին իշխել Հայկազուն-Երվանդունիները, որոնք հատում էին սեփական դրամ և վայելում լիակատար ներքին ինքնավարաթյուն։ Աքեմենյանները նրանց հաճախ հանձնարարում էին սատրապի պաշտոնը։ Հայաստանը Աքեմենյան կայրությանը որպես հարկ տարեկան վճարում էր 400 արծաթ տաղանդ և 20000 ձի։
Մ․թ․ա VI դարի վերջից մինչև V դարի վերջը Հայաստանի սատրապ-թագավորներ են հիշատակվում Հյուդարնես I-ը, Հյուդարնես II-ը, Հյուդարնես III-ը և Արտաշիրը: Վերջինիս հաջորդել է Երվանդ II-ը (մ․թ․ա մոտ 404-360), որն ամուսնացած էր աքեմենյան արքա Արտաքսերքսես II—ի (մ.թ.ա. 404—358) դստեր Հռոդոգունեի հետ: Հայոց արքան հատել է սեփական պատկերով ոսկեդրամ։ Ինչպես հայտնում է հույն պատմագիր Քսենոփոնը իր «Անաբասիս» աշխատության մեջ՝ Հայաստանի արևմտյան մասը ուներ իր կառավարիչը (հյուպարքոս)՝ Տիրիբասը, ով ենթարկվում էր Երվանդ II-ին։
Մ․թ․ա․ 380-ական թթ. Երվանդ II-ը գլխավորել է Փոքր Ասիայի սատրապությունների ապստամբությունր Արտաքսերքսես II-ի դեմ: Ապստամբության պարտությունից հետո հաշտվել է պարսից թագավորի հետ և շարունակել գահակալել մինչև մ․թ․ա մոտ 360 թ.: Այնուհետև նշանակվել է Միսիայի սատրապ: Ըստ հունարեն մի արձանագրության Երվանդ II-ը կյանքի վերջին տարիներին հանգրվանել է Հունաստանում, որտեղ մահացել է մ․թ․ա․ 344 թվականին:
Հայտնի է, որ աքեմենյան վերջին տիրակալ Դարեհ III Կոդոմանոսը նախկան գահին բարձրանալը եղել է Հայաստանի սատրապ Արտաշիր անվամբ։ Մ․թ․ա 336 թվականին նա բազմում է կայրության գահին։ Հայաստանի սատրապ է դառնում Հայկազուն-Երվանդունիների տոհմի ներկայացուցիչ Երվանդ (Օրոնտես) III -ը. որին վիճակված էր վերականգնել Հայաստանի անկախությունը:
Հայաստանը կառավարման համակարգը ժառանգություն ստացավ Ուրարտուից։ Մ․թ․ա VII-VI դարերում Հայկազուն-Երվանդունիների տոհմի արքաները կրում էին «Հայոց թագավոր» տիտղոսը։ Արքան երկրի գերագույն տերն էր, գլխավոր հրամանատարը, նրա իրավասությունն էր պատերազմ հայտարարելը, այլ երկրների հետ պայմանագրեր կնքելը, նոր քաղաքներ ու ամրոցներ հիմնադրելը և դրանց անվանակոչելը։
Արքայից հետո երկրի կարևորագույն դեմքը քրմապետն էր, ով հոգևոր գերագույն առաջնորդ լինելուց բացի, նաև երկրի գլխավոր դատավորն էր և արքայի գլխավոր խորհրդականը: Ի տարբերության վաղ թեոկրատական պետությունների, որտեգ արքան նաև քրմապետն էր, այս ժամանակաշրջանում արքայի և քրմապետի պաշտոններն առանձնացել էին։ Այդ կարևորագույն պաշտոնն արքայական ընտանիքի ձեռքում էր և սովորաբար քրմապետ էր դառնում արքայի եղբայրը: Արքան երկիրը կառավարում էր արքունիկի և արքունի գործակալների միջոցով։ Հիշատակվում են զորավար սպարապետներ, արթունի հացարարներ, մատռվակներ, դպիրներ և այլն:
Մ․թ․ա 521-331 թթ. Հայկազուն – Երվանդունիներն շարունակում էին իշխել սատրապի կարգավիճակով։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի արևմտյան մասն ուներ իր կառավարիչը (հյուպարքոս), որը ենթարկվում էր սատրապին։ Մ․թ․ա 418 թվականի բաբելոներեն մի փաստաթղթում Արևմտյան Հայաստանի վարչական կենտրոնն է հիշատակվում Մելիդը (Մալաթիա)։ Գավգամելայի ճակատամարտում (մ․թ․ա 331թ.) հիշատակվում են Մեծ և Փոքր Հայքերը՝ որպես առանձին միավորներ իրենց կառավարիչներով։