Տիգրան II Մեծի (մ.թ.ա. 95-55թթ) կողմից ստեղծված հայկական աշխարհակալությունն իր հզորության գագաթնակետին և անկմանը հասավ հենց հիմնադրի օրոք։ Այդ հելլենիստական տերությունը ստեղծվել էր ուժի և Տիգրան II-ի անձնական հեղինակության շնորհիվ, ուստի շատ զգայուն էր արտաքին և ներքին գործոնների նկատմամբ։ Մոտ 25 տարի տևող իր հաղթական առաջխաղացման և նվաճումների ընթացքում Տիգրան II-ը ստեղծում է տարբեր աստիճանների վրա գտնվող երկրների ու ժողովուրդների մի խառնուրդ՝ աշխարհակալություն, որի գոյությունը և պահպանությունը առանձապես հիմնված էր ռազմական ուժի վրա։
Մեծ Հայքը և Միհրդատյան պատերազմները
Մինչդեռ Հայաստանում զբաղված էին մեծածավալ տերության ներքին գործերով, Արևմուտքում հռոմեացիները պատրաստվում էին նոր արշավանքների։ Հռոմը չէր կարող հաշտվել Արևելքում նոր հզոր ախոյանի երևան գալու հետ․ բախման պահը մոտենում էր։ Փոքր Ասիայում գերիշխանության համար մղվող Միհրդատյան պատերազմները չէին կարող չներքաշել նաև Հայաստանը։
Մ․թ.ա. I դարի սկզբներին Հռոմեական Հանրապետության անմիջական ծրագրերի մեջ էր մտնում Փոքր Ասիայի զավթումը: Այստեղ գերիշխանության էր ձգտում նաև Պոնտոսի տիրակալ Միհրդատ VI Եվպատորր: Նա երեք պատերազմ էր մղել Հռոմի դեմ։ Մ.թ.ա. 89 թվականին պոնտական արքան տիրացավ գրեթե ամբողջ Փոքր Ասիային, նույնիսկ մտավ Հունաստան։ Սակայն հռոմեացիներին հաջողվեց ջախջախել Պոնտոսի զորքերը։
Միհրդատը չընկճվեց և մ.թ.ա. 73 թ. նորից հարձակվեց Հռոմի վրա։ Դարձյալ սկզբում բախտը ժպտում էր Պոնտոսին, բայց հետո Հռոմի զորավար, Կիլիկիայի կոնսուլ Լուկիոս Լուկուլլոսը ծանր պարտություն հասցրեց նրան, և Միհրդատը մ.թ.ա. 71 թվականին փախավ Մեծ Հայք։
Հռոմեա-պոնտական պատերազմների ընթացքում (մ.թ.ա. 89-71թթ.) Տիգրան II-ը փաստորեն զբաղված էր սիրիական ռազմավարական ծրագրերի իրականացմամբ: Սակայն Հռոմր երբեք չէր կարող հաշտվել այն իրողության հետ, որ Հայկական տերությունը դուրս էր եկել Միջերկրական ծով և սպառնում էր իր շահերին Եգիպտոսում։ Այն Հռոմի առջև նաև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Ահա թե ինչու Հռոմը սկսում է լրջորեն նախապատրաստվել Հայաստանի դեմ պատերազմի:
Հռոմը Տիգրան II-ին հայտարարելով իր ամենավտանգավոր և զորեղ թշնամին Արևելքում՝ հայկական տերության ներսում զանազան խոստումների և կաշառքների միջոցով հրահրեց մի շարք հուժկու խռովություններ և զինված ելույթներ: Տիգրան II-ի դեմ ապստամբեցին նրա գահատենչ որդի Զարեհը, Հռոմի հետ գաղտնի գործակցող Սելևկյան արքա Անտիոքոս XIII-ը և նրա մայրը՝ Սելենե Կլեոպատրա թագուհին, ինչպես նաև Նաբաթեայի թագավորությունը: Մ.թ.ա. 73-69 թթ. Տիգրան II-ը կաշկանդվեց այդ խռովություններից և անհնազանդություններից և չկարողացավ ռազմական օգնություն ցույց տալ իր դաշնակից Պոնտոսի թագավորին։
Միհրդատ VI-ին հաղթելու և Պոնտոսի թագավորությունր նվաճելու փառքով խանդավառված Լուկուլլոսն առանց հոոմեական սենատի համաձայնության ծրագրում է արշավել նաև Տիգրան II-ի վրա և խորտակել նրա տերությունը: Նախապատրաստվելով պատերազմի՝ մ.թ.ա. 71թ. վերջին Տիգրան II-ի մոտ ուղղարկեց մի պատվիրակություն՝ իր աներորդի Ապպիոս Կլավդիոսի գլխավորությամբ: Քանի որ հայոց արքան այն ժամանակ զբաղված էր Պտղոմայիս քաղաքի պաշարումով, հռոմեական պատվիրակությունն անարգել շրջագայեց տերությունում, զանազան խոստումներով ու կաշառքներով Հոոմի կողմը ներգրավեց նվաճված մի շարք քաղաքների կառավարիչների և ուրիշ իշխանավորների, այդ թվում՝ Կորդուքի արքա Զարբիենոսին, հավաքեց լրտեսական տեղեկություններ։ Հանդիպելով Տիգրան II-ին, Ապպիոս Կլավդիոսը պատերազմի սպառնալիքով պահանջեց Հռոմին հանձնել Մեծ Հայքում պատսպարված Միհրդատ VI Եվպատորին: Իր աներոջր և հյուրին հանձնելը համարելով հայոց արքայի պատվին անհարիր՝ Տիգրանը մերժեց Լուկուլլոսի պահանջը և հայտարարեց, որ եթե հռոմեացիները պատերազմ սանձազերծեն, ապա կարժանանան հակահարվածի:
Հայ-հռոմեական առաջին պատերազմը
Լուկուլլոսը մ.թ.ա. 69թ. գարնանր առանց պատերազմ հայտարարելու Փոքր Հայքի Մելիտինե քաղաքից շարժվելով՝ հատեց Եփրատ գետը և ներխուժեց Ծոփք: Երկրամասի կուսակալ Մերուժանին հանձնարարվեց իր ձեոքի տակ եղած հետևակով և 3 հազար հեծելազորով խոչընդոտել Լուկուլլոսի առաջխաղացումը մինչև հիմնական զորքի տեղ հասնելը Պաղեստինից: Տեղի ունեցած ճակատամարտում հայկական փոքրաթիվ ուժերը պարտվեցին, մարտադաշտում զոհվեց Մերուժանը:
Հռոմեական զորաբանակը Ծոփքից ներխուժեց Աղձնիք և պաշարեց Տիգրանակերտ մայրաքաղաքը, որի պաշտպանությունը Հայկական սակավաթիվ ուժերով և հույն վարձկաններով գլխավորում էր զորավար Մանկայոսր: Ժամանելով Աղձնիք՝ Տիգրան II-ն իր թիկնապահ հեծելագնդով ճեղքեց թշնամու պաշարման օղակը, Տիգրանակերտից դուրս բերեց արքունի գանձերը և ընտանիքը: Տիգրանակերտի հերոսական պաշտպանությունը մ.թ.ա. 69թ. գարնանից շարունակվեց մինչև ուշ աշուն։ Քաղաքի պաշտպանները կպրաձեթով այրեցին հռոմեացիների պաշարողական մեքենաները, ետ մղեցին նրանց բոլոր գրոհները: Հապճեպ զորահավաքից հետո հոկտեմբերի սկզրին Տիգրան II-ը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Ճակատամարտը հակառակորդների միջև տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին:
Բարեբախտաբար, հռոմեացիներին չհաջողվեց ծուղակի միջոցով պարտության մատնել հայերին։ Հայկական զորքը ոչ մեծ կորուստներով նահանջեց երկրի խորքերը: Օգտվելով առիթից՝ Տիգրանակերտի օտարերկրյա բնակիչները և հույն վարձկանները գաղտնի բանակցություններ վարեցին Լուկուլլոսի հետ և քաղաքը դավադրաբար հանձնեցին նրան: Հռոմեացիները կողոպտեցին մայրաքաղաքի հարստությունները, մասնակիորեն ավերեցին, իսկ օտարերկրյա բնակիչներին արձակեցին իրենց երկրները:
Մ.թ.ա. 69-68թթ. Լուկուլլոսի բանակը ձմեռեց Կորդուքում, որի դավաճան արքա Զարբիենոսը մինչ այդ մահապատժի էր ենթարկվել Տիզրան II-ի հրամանով: Այդ ընթացքում Տիգրան II-ը և Միհրդատ VI-ը, համախմբելով հայկական զորաբանակը (շուրջ 70 հազար մարտիկ), մշակեցին ռազմական գործողությունների համատեղ ծրագիրը։ Տիգրան II-ը փորձեց հակահռոմեական դաշինքի մեջ ներգրավել նաև Պարթևաց արքա Հրահատ III Արշակունուն, բայց վերջինս գերադասեց չեզոքությունը:
Մ.թ.ա. 68թ. գարնանը Լուկուլլոսի զորաբանակը հատեց Հայկական Տավրոսի լեռնաշղթան և ներխուժեց Արածանու դաշտը։ Տիգրան II-ը և Միհրդատ VI-ը Արածանու դաշտում թշնամուն գամելով աքցանի մեջ և երեք ամիս խուսափելով բաց ճակատամարտից՝ հյուծեցին հակառակորդին։ Սեպտեմբերի 22-ին Արածանի գետի ափին տեղի ունեվավ Հայ-հռոմեական պատերազմի երկրորդ խոշոր ճակատամարտը։ Հայկական հեծելազորի վճռական հարվածից ջախջախիչ պարտություն կրելով՝ հռոմեացիների վերջին մնացորդներով նահանջեցին Հայոց Միջագետք, գրավեցին Մծբին քաղաքը և ձմեռեցին այնտեղ:
Լուկուլլոսի հիմնական ուժերի պարտությունից հետո Միհրդատ VI-ը 10 հազարանոց հայկական հեծելազորի օգնությամբ Զելայի ճակատամարտում ջախջախեց հռոմեական զորքերին, ազատագրեց Փոքր Հայքը և Պոնտոսը, վերականգնեց իր թագավորությունր: Իսկ Տիգրան II-ր գրավեց Կապադովկիան, կոտորեց հռոմեացիներին և փախուստի մատնեց դրածո Արիոբարզանես թագավորին: Պարտված և վարկաբեկված Լուկուլլոսին մ.թ.ա. 67 թ. փոխարինեց զորավար Գնեոս Պոմպեոսր:
Մ.թ.ա. 67թ. տեղեկանալով, որ իր որդին՝ Ծոփքի փոխարքա Տիգրան Կրտսերը, Արտաշատում փորձեց գրավել Մեծ Հայքի գահը, Տիգրան II-ը վերադարձավ Կապադովկիայից և պարտության մատնեց նրան։ Վերջինս փախավ պարթևական տերություն, որտեղ ամուսնացավ Հրահատ III-ի դստեր հետ։ Մ.թ.ա. 66 թ. պարթևական ուժերով Տիգրան Կրտսերը կրկին փորձեց բռնագրավել Մեծ Հայքի գահը, բայց Արտաշատի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտվեց և իր դավադիր մոր՝ Կլեոպատրայի հետ փախավ Պոնտոս:
Տեղեկանալով, որ իր պապը՝ Միհրդատ VI-ը, պարտվել է հռոմեական զորքերից և լքել Պոնտոսը, Տիգրան Կրտսերն իր ծառայությունն առաջարկեց Պոմպեոս զորավարին: Վերջինս, ունենալով շուրջ 70-80 հազարանոց զորաբանակ, նախապատրաստվեց ներխուժել Մեծ Հայք և գրավել Արտաշատը:
Հաշվի առնելով, որ Մեծ Հայքը գրկվել է նախկին մի շարք դաշնակից երկրների աջակցությունից, իսկ տերության ներսում սկսվել են երկպառակություններ, Տիգրան II-ը գերադասեց խաղաղ բանակցություններ վարել Պոմպեոսի հետ, նրան հրավիրեց Արտաշատ և կնքեց հաշտության պայմանագիր: Պոմպեոսը Տիգրան II-ի առաջարկն ընդունեց մեծ հաճույքով։
Արտաշատի պայմանագիրը և հայ-հռոմեական դաշինքը
Մ.թ.ա. 66թ. աշնանը Արտաշատում Պոմպեոսի և Տիգրան II-ի միջև կնքված հաշտության պայմանագրի համաձայն Սելևկյաններից գրավված երկրամասերն անցան Հռոմին, իսկ Պարթևստանից գրավվածները մնացին Մեծ Հայքի կազմում: Տիգրան Կրտսերը, որը ճանաչվեց Ծոփքի և Կորդուքի փոխարքա, հոր մահից հետո ժառանգելու էր Մեծ Հայքի զահը: Պայմանագրի մի հոդվածով Մեծ Հայքը հռչակվեց «հռոմեական ժողովրդի դաշնակիցն ու բարեկամը»: Մի այլ հոդվածով Հռոմին տրվող ռազմատուգանքի գումարը (1200 տաղանդ կամ շուրջ 370 տոննա ոսկի) վճարվելու էր Տիգրան Կրտսերի տիրույթների հաշվին: Վերջինս ընդվզեց Արտաշատի պայմանագրի դեմ, գաղտնի բանակցություններ վարեց աներոջ՝ Հրահատ III-ի հետ և մտադրվեց նրա օգնությամբ տիրանալ Մեծ Հայքի գահին: Բայց Պոմպեոսը կալանավորեց նրան և աքսորեց Հռոմ, իսկ 58թ. մահապատժի ենթարկվեց փախուստի փորձ կատարելու մեղադրանքով:
Հայաստանից Պոմպեոսը մ․թ․ա 65թ․հաջողությամբ արշավեց Իբերիա (Վրաստան) և Աղվանք։ Հռոմի գերիշխանությունը ընդանեցին նաև Հայաստանի հարևան ու դաշնակից Ատրպատականը։ Ի պատասխան՝ Հրահատ III-ը գրավեց Միջագետքն ու Կորդվաց աշխարհը, որոնք Պոմպեոսի հետ կնքված դաշինքի համաձայն պետք է պատկանեին պարթևներին։ Սակայն Պոմպեոսը պահանջեց Հրահատից ազատել Կորդվաց աշխարհը և Հյուսիսային Միջագետքի մի մասը: Առանց պատասխանի նա հանձնեց դրանք Տիգրան II-ին և խախտեց կնքած դաշինքը։ Հրահատը ստիպված եղավ լռությամբ տանել հռոմեացիների այս անարգանքը։
Մ.թ.ա. 64 թ. Տիգրան II-ը բարեկամության դաշինք կնքեց Հրահատ III-ի հետ, որով փաստորեն վերականգնվեց քաղաքական հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում: Նա թագավորեց ևս ութ տարի և մահացավ 85 տարեկան հասակում։ Նրան հաջորդեց Արտավագդ II-ը (մ.թ.ա. 55-34թթ.), որը Տիգրանակերտի ճակատամարտից հետո թագադրվել էր իբրև հոր գահակից, մասնակցել նրա մղած պատերազմներին:
Հայաստանը և Կրասոսի Պարթևական արշավանքը
Մ.թ.ա. 60թ. Հռոմեական Հանրապետության երեք ականավոր գործիչներ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարն ու Մարկոս Կրասոսր ստեղծեցին մի դաշինք, որը հայտնի է «Աոաջին եռապետություն» անունով: Եռապետերը հանրապետությունը բաժանեցին ազդեցության զոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և Պարթևստանի դեմ արշավելու հրամանատարությունը։ Մ.թ.ա. 54 թվականի գարնանը նա 50 հազարանոց զորաբանակով մտավ Ասորիք։ Նախապատրաստվելով Պարթևստանի դեմ արշավանքի՝ Կրասոսն Արտավազդ II-ին հորդորեց հայկական ռազմական ուժերով միանալ հռոմեական բանակին:
Մ.թ.ա. 53 թ. գարնանը Արտավազդ II-ը 6 հազարանոց հեծյալ անձնապահ գնդով մեկնեց Ասորիք և Կրասոսին առաջարկեց Պարթևաց դեմ արշավանքը ձեռնարկել Մեծ Հայքի տարածքով, որտեղ հայկական 30 հազար հետևակային և 10 հազար հեծելազորային զորամասերը կմիանային հռոմեական զորքերին, որոնք կպարենավորվեին և կապահովվեին պարթևական հեծելազորի հարձակումներից: Բայց հռոմեացի զորավարը մերժեց հայոց արքայի առաջարկը և Պարթևստանի դեմ արշավանքը վճռեց ձեռնարկել Միջագետքի բաց տափաստաններով: Արտավազդն իր արքայական թիկնազորով վերադարձավ Արտաշատ:
Պարթևաց արքա Օրոդես II-ը (մ.թ.ա. 57-37թթ.) իր ուժերի մի մասը՝ Սուրեն զորավարի հրամանատարությամբ, Հյուսիսային Միջագետքում կենտրոնացրեց հռոմեացիների դեմ, իսկ ինքը զորքի մյուս մասով ներխուժեց Մեծ Հայք, որպեսզի խափանի հայերի օգնությունը հռոմեացիներին։ Բայց Հայոց և Պարթևաց տիրակալները խոհեմաբար խուսափեցին զինաբախումից և Արտաշատում կնքեցին ռազմաքաղաքական դաշինք, որն ամրապնդվեց Արտավազդի քրոջ և Օրոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ:
Մ.թ.ա. 53թ. մայիսի 6-ին Հյուսիսային Միջագետքի Խառան քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին՝ տալով 20 հազար զոհ։ Գերի ընկած Կրասոսը գլխատվեց, նրա գլուխը Սուրեն զորավարն ուղարկեց Արտաշատ ի նշան հաղթանակի, որը հույն դերասան Յասոնի ձեոքով նետվեց Հայոց և Պարթևաց արքաների առջև, երբ նրանք թատրոնում դիտում էին Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը:
Մինչդեռ Հռոմում ընթանում էին քաղաքացիական պատերազմները, մ.թ.ա. 51-38թթ. հայ-պարթևական զորքերը թագաժառանգ Բակուրի հրամանատարությամբ գրավեցին Պաղեստինը, Փյունիկիան, Ասորիքը և մտան Կիլիկիա։
Հայաստանը և Անտոնիոսի Պարթևական արշավանքը
Մ․թ․ա 43 թ. Հռոմում կազմակերպվեց Երկրորդ եռապետությունը, որը հանրապետությունը բաժանեց ազդեցության ոլորտների: Արևելքը ստացավ Մարկոս Անտոնիոսը։ Մ․թ․ա․ 38 թվականին Բակուրի զոհվելուց հետո Հռոմի և Պարթևստանի միջև կնքվեց հաշտություն, որով երկու տերությունների սահմանագիծ ճանաչվեց Եփրատ գետը: Մ.թ.ա. 37 թվականին դավադրաբար սպանվեց Օրոդես II-ը, և Պարթևաց արքա հռչակվեց նրա որդի Հրահատ IV-ը (մ.թ.ա. 37-2թթ.), որի գահակալման սկզբնական տարիներին հայ-պարթևական հարաբերությունները դարձան թշնամական։
Օգտվելով պատեհ իրավիճակից՝ Մարկոս Անտոնիոսը 100 հազարանոց զորաբանակով մ.թ.ա. 36 թ. գարնանը անցավ Եփրատ գետը և ճամբարեց Կարնո դաշտում՝ ծրագրելով Մեծ Հայքի վրայով արշավել Պարթևստանի դեմ։ Արտավազդ II-ը պարտավորվեց Անտոնիոսին տրամադրել 7-10 հազարանոց հետևակ և 6 հագար հեծյալ զորամաս:
Հռոմեական զորաբանակը Մեծ Հայքի տարածքով ներխուժեց Ատրպատական՝ նպատակ ունենալով նախ գրավել Հրահատ IV-ի դաշնակից Արտավազդ Մեդացու պետության՝ Արտրպատականի մայրաքաղաք Փրաասպան։ Մասնատելով բանակը՝ Անտոնիոսն իր հիմնական ուժերը նետում է Փրաասպայի դեմ: Գումակը բավականին հեռավորությամբ դանդաղ հետևում էր առաջապահ զորամասերին: Ուստի պահապան զորամասը ոչինչ չկարողացավ անել, երբ պարթևները հանկարծակի գրոհով շրջապատեցին գումակը: Պաշարողական մեքենաները ջարդուփշուր արվեցին ու այրվեցին:
Ատրպատականի սահմանագլխում Արտավազդ II-ը հրաժարվեց իր զորամասերով մասնակցել Պարթևստանի դեմ Անտոնիոսի արկածախնդիր արշավանքին: Անխոհեմ մարտավարության հետևանքով հռոմեական զորքերը կրեցին ծանր պարտություն` տալով 35 հազար սպանված:
Հռոմեական զորքերի մնացորդները 27-օրյա դժվարին նահանջից հետո հասան Մեծ Հայքի սահմանագլուխ, հատեցին Երասխ գետը և Արտավազդ II-ի ուժերի պաշտպանությամբ փրկվեցին պարթևների հետապնդումից։ Արտավազդ II-ի համաձայնությամբ հռոմեական զորքերը ձմեռեցին Մեծ Հայքում, իսկ Անտոնիոսը շտապեց իր կնոջ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի մոտ։
Արտավազդ II-ի կալանավորումը և մահը։ Արտաշես II
Հռոմեական սենատի և Կլեոպատրայի առջև արդարանալու նպատակով Անտոնիոսն իր պարտության մեղքը բարդեց Արտավագդի վրա և քանիցս փորձեց խարդախությամբ ձերբակալել նրան։ Չհասնելով նպատակին՝ մ.թ.ա. 34 թ գարնանը Անտոնիոսր խոշոր ուժերով ներխուժեց Մեծ Հայք։
Արյունահեղ պատերազմից և ավերածություններից երկիրը փրկելու համար Արտավազդ II-ը կնոջ և որդիների՝ Տիգրանի ու Արտավագդի հետ անձնատուր եղավ Անտոնիոսին։ Կողոպտելով և ավարի մատնելով Մեծ Հայքի բազմաթիվ գավառներ՝ Անտոնիոսր մեկնեց Եգիպտոս: Նա Ալեքսանդրիա քաղաքում կազմակերպեց հաղթահանդես և Արտավադդ II-ին ազատություն պարգևելու խոստումով հորդորեց խոնարհվել Կլեոպատրայի առաջ ու բարձրաձայն ներում աղերսել: Սակայն Հայոց թագավորը և նրա ընտանիքը հրաժարվեցին նվաստացումից, որի համար նետվեցին բանտ:
Մ.թ.ա. 31 թվականին երևելի զորավար, եռապետ Օկտավիանոսը Հունաստանի Ակտիում քաղաքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում պարտության մատնեց Անտոնիոսին, որն իր կյանքին վերջ տվեց ինքնասպանությամբ: Հենց այդ ժամանակ էլ Կլեոպատրայի հրամանով գլխատվեց Արտավազդ II-ը: Մ.թ.ա. 30 թվականի ամռանը, երբ Օկտավիանոսր մտավ Եգիպտոս, Կլեոպատրան նույնպես դիմեց ինքնասպանության։
Գերեվարությունից փրկված Արտավազդ II-ի գահաժառանգ որդի Արտաշեսը, գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մ.թ.ա. 31 թվականին կարողացավ ուժերը համախմբել և հռոմեական զավթիչներից ազատագրել Մեծ Հայքը:
Արտաշես II-ը (մ.թ.ա. 30-20թթ.) հրամայում է ոչնչացնել հռոմեկանա բոլոր կայազորները։ Դրանով Հայաստանը ցճռականորեն հայտարարում էր իր անկախության մասին։ Այնուհետ արքան ջախջախեց հռոմեացիների հետ համագործակցող Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացուն և Ատրպատականը միացնել Մեծ Հայքին։ Արտավազդ Մեդացին մնաց հայոց արքունիքում որպես պատանդ։ Արտաշես II-ի դրամների վրա շարունակվում է դրոշմվել «արքայից արքա» տիտղոսը։
ՏԵՍ ՆԱԵՒ
Արտաշիսյաններ․
Մեծ Հայքի վերելքը մ․թ․ա II դարում
Մեծ Հայքի դարձը աշխարհակալ տերության
Մեծ Հայքի պետական ճգնաժամը I դարերում