Ալեքսանդր Մակեդունացու արշավանքները և մ.թ.ա. 331 թվականին Աքեմենյան տիրակալության խորտակումը նոր իրավիճակ են ստեղծում Առաջավոր Ասիայում: Ալեքսանդր Մակեդոնացին ստեղծում է ընդարձակածավալ ու աշխարհակալ մի պետություն, որը նրա վահաժամ մահից հետո (մ.թ.ա. 323թ) բաժանվում է միմիանց նկատմամբ թշնամաբար տրամադրված մի քանի հելլենիստական տերությունների։ Մ.թ.ա. 301 թվականից Առաջավոր Ասիայում գերիշխող դիրք է ձեռք բերում Սելևկոս I Նիկատորի աշխարհակալությունը, որի ծավալապաշտական նկրտումներից զերծ չի մնում նաև Հայաստանը։
Հունա-մակեդենական և պարսկական զորքերի միջև մ.թ.ա. 331 թվականին Գավգամելայի մոտ տեղի ունեցած նշանավոր ճակատամարտում, ինչպես վկայում են հույն և հռոմեացի պատմագիրները, Դարեհ Կոդոմանի բանակում հայերը նույնպես կռվել են Ալեքսանդր Մակեդոնացու դեմ։ Երվանդ III թագավորը (մ․թ․ա մոտ 336-300 թթ.) իր փոխարքա Միթրաուստեսի հետ դուրս են բերել 40000 հետևազոր և 7000 հեծելազոր: Ճակատամարտում պարսկական բանակի պարտությունից հետո հայկական զորքի մնացորդները իրենց առաջնորդների հետ միասին վերադառնում են Հայաստան։
Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստանի սատրապ է նշանակում Միթրե (Միհրան) անունով մի պարսիկի։ Այս նշանակումը, սակայն, բացառապես ձևական և անվանական էր մնացել, որովհետև Միթրե֊Միհրանը չէր կարողացել մտնել Հայաստան և այնտեղ հաստատվել սատրապի պաշտոնում։
Մ.թ.ա. 330 թվականին Երվանդ III և Միթրաուստեսը, օգտվելով Ալեքսանդր Մակեդոնացու Միջին Ասիայում և Հնդկաստանում զբաղված լինելու հանգամանքից, վերականգնում են Հայաստանի անկախությունը և այնտեղ հիմնում երկու ինքնուրույն թագավորություն։ Երվանդ III իրեն անկախ թագավոր է հայտարարում Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը’ Փոքր Հայքում։
Մ.թ.ա. 328 թվականին Ալեքսանդրը Մակեդոնացին Մենոն զորավարի առաջնորդությամբ հատուկ զորամաս է ուղարկում Հայաստան՝ Սպեր գավառում գտնվող ոսկու հանքերը գրավելու համար, սակայն հայերը ջարդում են հունա-մակեդոնական զորքերին և ճակատամարտում սպանում Մենոնին։
Մ.թ.ա. 323 թվականին Ալեքսանդրի մահից հետո աշխարհակալությունը բաժանվում է նրա զորավարների միջև, որոնք շատ շուտով սկսում են միմիանց դեմ սուր պայքար՝ իշխանության և տարածքների վերաբաշխման համար։ Հայկական պետության վերնախավը Երվանդ III գլխավորությամբ փորձում էր օժանդակել այն ուժերին, որոնք ամեն կերպ աշխատում էին պահպանել Ալեքսանդրից ժառանգած իրավիճակը, համեմատաբար տանելի պայմաններ ապահովել հպատակ ժողովուրդների համար և հարձակումներից պաշտպանելու երաշխիքներ տալ անկախություն ձեռք բերած պետությունների համար։ Միաժամանակ Երվանդը թշնամական վերաբերմունք էր դրսևորում մակեդոնական ազնվականության անջատողական ձգտումների նկատմամբ, քանի որ այդ ազնվականությունը նվաճողական լայն ծրագրեր ուներ։ Հատկապես մեծ վտանգ էր սպառնում զորավար Անտիգոնոսի ուրվագծվող միապետությունը (մ.թ.ա. 320-315թթ)
Մ.թ.ա. 320 թվականին Անտիգոնոսի գլխավոր մրցակից էվմենեսը պատերազմական գործողությունների ընթացքում անհաջողության մատնվելով Կապադովկիայում, որոշում է ապաստանել Հայաստանում և դաշնակիցներ ձեռք բերել այնտեղ։ Երվանդ III-ը բարեհաճ դիրք էր բռնել Էվմենեսի խմբավորման նկատմամբ։ Բնականաբար, Անտիգոնոսը սպատնում էր ներխուժել Հայաստան որպես թշնամի երկիր։
Հայաստանը ոչ միայն չի նվաճվել, այլ նույնիսկ ակտիվ դեր է խաղացել Փոքր Ասիայի քաղաքական կյանքում։ Մեծ Հայքի ազդեցությունը տարածաշրջանում այնքան է մեծանում, որ մ.թ.ա. 301-300 թվականին Երվանդ III աջակցությամբ Սելևկոս I էքսպանսիայից իրենց անկախությունը պահպանեցին Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները: Մ.թ.ա. III դարի սզբներին Երվանդունիները տարածում են իրենց իշխանությունը Կոմմագենե (հին Կումմուխ) երկրի վրա, որը Մեծ Հայքից բաժանում էր Եփրատ գետը։
Մեծ Հայքի Երվանդունիների արքունիքը կազմված էր հելլենիստական մյուս պետությունների օրինակով։ Միաժամանակ, ավանդույթի համաձայն՝ արքայի եղբայրը դառնում էր գերագույն քրմապետ։
Հայոց թագավորը շրջապատված էր հայ հասարակության հելլենիզացված վերնախավի ներկայացուցիչներով, որոնց թվում կարող էին լինել նաև հույներ։ Թագավորի դիվանի գործերը վարվում էին հունարեն լեզվով, օգտվում էին մակեդենա-սելևկյան օրացույցից։ Արմավիրում գործում էր հունական դպրոց, լայն տարածված էր հունական գրականությունը։
Մ.թ.ա. IV-III դարերի սահմանագծին Մեծ Հայքի մայրաքաղաքը տեղափոխվում է Արարատյան ղաշտ՝ ուրարտական նախկին Արգիշաիխինիլիի տեղում վերակառուցված Արմավիր քաղաքը։ Արարատյան դաշտն այսուհետ դառնում է Հայաստանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի կենտրոնը։
Մ.թ.ա. III դարում Մեծ Հայքի տնտեսական, հասարակական և սոցիալական կյանքում զգալի տեղաշարժեր ու փոփոխություններ են կատարվում, որոնք հիմնականում երկրի ներքին օրինաչափ զարգացման, մասամբ նաև Առաջավոր Ասիայի հելլենիստական երկրների ունեցած ազդեցության հետևանք էին։ Մասնավորապես առաջանում են մի շարք նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։
Քաղաքաշինությունը հատկապես Այրարատ նահանգում մեծ ծավալ է ստանում Երվանդ lV-ի (մ.թ.ա. մոտ 230—201 թթ․) ժամանակ։ Արքան Արաքս և Ախուրյան գետերի խառնարանի մոտ իր անունով կառուցում է մի նոր քաղաք Երվանդաշատը և Արմավիրից այնտեղ է տեղափոխում արքունիքը։ Ախուրյանի ձախ ափին նա կառուցում է Երվանդակերտ դաստակերտն ու Բագարան փոքր քաղաքը, որը դարձնում է մի քանի աստվածների պաշտամունքային կետնրոն։ Այս ժամանակահատվածում հանդես են գալիս Երվանդավանը, Վարդգեսավանը (հետագայում՝ Վաղարշապատ) և Երասգավորսը։
Մ.թ.ա. III դարի կեսերից Մեծ Հայքում ուժեղանում են կենտրոնախույս ուժերը։ Հայկական լեռնաշխարհի արևմուտքում անկախանում է Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը Շամ (Սամոս) Երվանդունու գլխավորությամբ։ Հյուսիսում հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ են ներկայացնում քարթվելական իշխանությունները, արևելքում ակտիվանում են կոզկասյան ցեղերը։
Երվանդ IV իշխանությունը հաստատուն չէր։ Արքան վախենում էր իր շրջապատից, ինչպես նաև ժողովրդից։ Նա չի կամենում կուռքերը տեղափոխել իր նոր մայրաքաղաք, երկյուղ կրելով, որ միգուցե, երբ ժողովուրդը զոհաբերության համար հավաքվի այդտեղ, հնարավոր չլինի ապահովել իր անվտանգությունը։ Դժդոհություն էր տիրում երկրի մեծամեծների, նախարարների մեջ։
Մ.թ.ա. 201 թվականին Մեծ Հայքի ավագանու ընդդիմադիր հոսանքի ղեկավար Արտաշեսը (Արտաքսերքսես) Սելևկյան տիրակալ Անտիոքոս III֊ի օգնությամբ պայքար է սկսում Երվանդ IV-ի դեմ։ Նա զգալի ուժերով հարձակվում է արքայի վրա, հաղթում նրան, պաշարում և գրավում Երվանդաշատը։ Մայրաքաղաքի գրավման խառնաշփոթության ժամանակ զինվորներից մեկը սպանում է Երվանդին։ Դրանից հետո Արտաշեսր, գրավելով նաև Բագարանն ու սպանելով քրմապետ Երվազին՝ վերացնում է Երվանգունիների դինաստիան։
Երվանդ III տապալումից ու սպանությունից հետո Անտիոքոս III-ը բռնակցում է Մեծ Հայքը իր տերությանը և Արտաշեսին նշանակում ստրատեգ։