Մ.թ.ա. III դարի վերջերին Հայաստանն ուժեղ ճնշման ենթարկվեց իր հարևան երկրների՝ Սելևկյան պետության, Ատրպատականի և Վրաստանի կողմից, որոնք իրենից մի շարք երկրամասեր խլեցին։ Բայց երկու տասնամյակ անց փոխված միջազգային իրավիճակը հնարավորություն ստեղծեց ոչ միայն վերականգնել անկախությունը, այլև վերադարձնել կորցրած տարածքները։ Մեծ Հայքում հաստատվում է նաև նոր՝ Արտաշեսյանների դինաստիան։
Սելևկյան պետության կարճատև գերիշխանության տարիներին (մ.թ.ա. 200-190 թթ.) Անտիոքոս III արքան Հայաստանը տկարացնելու և իր տիրապետությունն այնտեղ ամրապնդելու նպատակով այն տրոհեց չորս կուսակալ-զորավարությունների՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմմագենեի միջև, ընդ որում Մեծ Հայքից տարանջատեց եզերական մի շարք գավառներ և դրանք նույնպես կցեց շրջակա այլ երկրների: Սակայն մ.թ.ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում Հռոմի հանրապետության զորաբանակը Լուկիոս Կոռնելիոս Սկիպիոնի հրամանատարությամբ ծանր պարտության մատնեց Անտիոքոս III-ին և նրան հարկադրեց հրաժարվել փոքրասիական տիրույթներից:
Օգտվելով միջազգային բարեպատեհ իրավիճակից’ Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց նրա կուսակալ Արտաշեսը, Փոքր Հայքում’ Միհրդատը, Ծոփքում’ Զարեհը, իսկ Կոմմագենեում’ Պտղոմեոսը: Չի բացառվում, որ Մեծ Հայքի արքա Արտաշեսր և Ծոփքի արքա Զարեհը սերել են Հայկագյան — Երվանդունի հնամենի արքայատոհմի ճյուղերից: Ստրաբոնի համաձայն’ Մեծ Հայքի թագավոր Արտաշեսի և Ծոփքի թագավոր Զարեհի օրոք Հայաստանի բնակչությունը դարձել էր միալեզու:
Արտաշես 1-ր (մ․թ․ա 189-160 թթ ) իր գահակալման սկգբին վերամիավորեց Մեծ Հայքից անդամահատված հողերը՝ Պարխարի նախալեռները, Կղարջքը, Գուգարքը, Դերջանը, Կարինը, Եկեղիքը, Փավնիտիդեսը, Բասորոպեդան, Կասպքը, Տմորիքը և այլն: Սյունիքը, Արցախը և Ուտիքը այդ ժամանակ նույնպես Հայաստանի անբաժանելի մասն էին կազմում։ Փոքր Հայքի, Ծոփքի, Կոմմագենեի վերամիավորման փորձերում Արտաշես I հաջողության չհասավ Հռոմի և Կապադովկիայի միջամտության պատճառով:
Արքան ստեղծեց ազգային հզոր զորաբանակ և այն բաժանեց չորս սահմանակալ զորաթևի’ հանձնարարելով Մեծ Հայքի չորս կողմերի ռազմական հսկողությունն ու պաշտպանոլթյունը: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 վարչամիավորի (ստարտեգիանևրի), կարգավորվեց կառավարման համակարգը և գործակալությունները: Հազարապետության, քրմապետության և սպարապետության առաջնահերթ գործակալությունները Արտաշեսը հանձնարարեց որդիներին, իսկ թագադիր ասպետության գործակալությունը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։
Օգտագործելով Հռոմի և փոքրասիական որոշ երկրների հակասելևկյան հակվածությունը՝ Արտաշես I-ը վարում էր Սելևկյան տիրապետության թուլացման և կազմալուծման քաղաքականություն։ Բայց նա չդաշնակցեց Հռոմին, նույնիսկ առժամանակ հյուրընկալեց և ապաստան տվեց Հռոմի անհաշտ թշնամուն՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։
Մ.թ.ա. 165 թ Արտաշես I-ը հակահարված հասցրեց Սելևկյան արքա Անտիոքոս IV Եպիփանեսին, ետ մղեց նրա հարձակումը Մեծ Հայքի վրա Տմորիքում։ 161 թ. սելևկյան կուսակալ Տիմարքոսը Մարաստանում ապստամբություն բարձրացրեց և իրեն հայտարարեց թագավոր։ Արտաշեսը, որի համար խիստ ցանկալի էր Սելևկյան թագավորության հետագա թուլացումը’ և Հայաստանի համար նրա անվտանգ դարձնելը, ընդառաջեց Տիմարքոսի ցանկությանը և դաշինք կնքեց նրա հետ։ Արտաշեսի ցույց տված ռազմական օգնությամբ Տիմարքոսը ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը Մարաստանում, այլև սելևկյաններից գրավեց Հյուսիսային Միջագետքը
Արտաշես I հասավ մինչև Կկովկասյան Մեծ լեռնաշղթա, հակահարված հասցրեց կովկասյան ցեղերին, կանխեց նրանց հրոսակային արշավանքները դեպի Մեծ Հայք: Ալանների հետ կնքվեց հաշտության պայմանագիր, որն ամրապնդվեց Արտաշեսի և ալանաց արքայադուստր Սաթենիկի ամուսնությամբ:
Արտաշես I-ի օրով զգալի առաջընթաց ապրեց երկրի տնտեսությունը, զարգացան երկրագործությունը, արհեստագործությունը, առևտուրը: Մասնավոր հողատերերի և գյուղական համայնքների միջև սրված հակասությունները մեղմելու նպատակով Արտաշես I մ.թ.ա. 180 թվականի հրամանով նրանց հողերի սահմաններում հաստատվեցին հատուկ քարեր:
Արտաշես I-ը խրախուսեց քաղաքների և հելլենիստական քաղաքակրթության ղարգացումը: Նա իր հոր’ Զարեհի անունով հիմնեց հինգ քաղաք, որոնցից երեքը կոչվեցին Զարեհավան, իսկ երկուսը’ Զարիշատ։
Մ.թ.ա. 185 թ. Արտաշես I-ը Երասխ և Մեծամոր գետերի հին հուների միախառնման մոտ հիմնեց Մեծ Հայքի նոր մայրաքաղաք Արտաշատը։ Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ՝ քաղաքի տեղանքն ընտրեց և հատակագիծը կազմեց Կարթագենի զորավար Հաննիբալը, որն առժամանակ ապաստանել էր Հայոց թագավորի արքունիքում: Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Կարճ ժամանակամիջոցում Արտաշատը դարձավ արհեստագործության, առևտրի և հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոն: Մայրաքաղաքը ստացավ նաև դրամ հատելու իրավունք։
Հարևան հելլենիստական պետությունների օրինակով Արտաշեսը Մեծ Հայքում սահմանում է նաև թագավորի և նրա նախնիների պաշտամունքը: Արտաշատում կառուցված Անահիտի տաճարում նա տեղադրում է նաև իր հայրական և մայրական նախնիների արձանները։ Հատկանշական է, որ նրանց թվում էին Հայկազուն — Երվանդունիներն ու Աքեմենյան տիրակալները։ Սրանց ևս ժողովուրդը պետք է երկրպագեր և զոհեր մատուցեր՝ որպես աստվածներ։ Թագավորի աստվածացումը և նրա նախնիների պաշտամունքի հաստատումը բարձրացնում էր թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում։
Արտաշեսը կարգադրեց ճշգրտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը, կազմակերպել նավագնացություն լճերի և նավարկելի գետերի վրա
Մեծ Հայքի թագավորության ընդարձակվելն ու հզորանալը պայմաավորված էր նրանով, որ Արտաշեսի գրաված նահանգների բնակչության մեծ մասը, բացի Կասպիանե երկրամասից, հայեր էին։ Արտաշեսը ոչ թե գրավում էր այս կամ այն երկրամասը, այլ միավորում հայկական հողերը մի միասնական պետության մեջ, իր ավարտին էր հասցնում հայ ժողովրդի կազմավորման ընթացքը և քաղաքական իշխանությամբ ամրապնդում այն։
Մ.թ.ա. 160-115 թթ. Մեծ Հայքում գահակալել են Արտաշես 1-ի ավագ որդի Արտավազդ I-ը։ Նրա օրոք պարթևական Միհրդատ II թագավորը (մ.թ.ա. 123—88թթ) իր էքսպանսիոն քաղաքականությունն ուղղում է դեպի Մեծ Հայք։ Այս պատերազմում թեև Հայաստանը չէր նվաճվել պարթևների կողմից, բայց Արտավազդը ստիպված էր եղել ընդունել Միհրդատ II –ի գերիշխանությունը և ժառանգ չունենալու պատճառով իր եղբորորդուն՝ Տիգրանին, պատանդ տալ պարթևների մոտ։
Արտավազդին հաջորդել նրա կրտսեր եղբայր Տիրան-Տիգրան I-ը (մ.թ.ա. 115—95թթ.), որի գործունեության մասին տեղեկություններ չեն հասել: