Մ․թ․ա I դարի վերջին երկու տասնամյակներն անցան դեպի Արևելք Հռոմեական տերության ծավալման դեմ պայքարի պայմաններում։ Արտաշեսյան արքաները մեծագույն դժվարությամբ էին կարողանում ոչ միայն պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը, այլ նույնիսկ՝ անկախությունը։ Մ.թ. I դարի սկզբին Հայաստանը կանգնեց իր պետականության պահպանման մարտահրավերի առջև։
Արտաշիսյանների արքայատոհմի ընհատումը
Մ.թ.ա. 20 թվականին Օկտավիանոս կայսրը խոշոր ուժերով մտավ Ասորիք և գահակալական կռիվներում թուլացած Հրահատ IV-ին հարկադրեց կնքել անջատ պայմանագիր, որով արձակվեցին Հռոմի ձեռքերը Մեծ Հայքի թագավորության դեմ: Նույն թվականին հռոմեական զորքերը Տիբերիոս Կլավդիոս զորավարի հրամանատարությամբ ներխուժեցին Մեծ Հայք: Հուսալքված և Հռոմի սադրանքներից դրդված հայ ավագանու որոշ ներկայացուցիչներ հզոր թշնամու դեմ պատերազմից խուսափելու և պետական անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով դավադրաբար սպանեցին Արտաշես II-ին և համաձայնվեցին գահը հանձնել նրա եղբորը՝ երկար տարիներ Հռոմում պատանդ գտնված Տիգրան III-ին (մ․թ․ա․ 20-6թթ․): Միաժամանակ Մեծ Հայքից անջատվեց Ատրպատականը:
Տիգրան III-ը գահակալման վերջին տարիներին գրեթե ձերբազատվեց Հռոմի միջամտություններից, մերձեցավ Պարթևական արքունիքին և սկսեց իր դրամները հատել պահլավերեն մակագրությամբ: Իր մահվան պահին նա, Հռոմի մտադրություններին հակառակ, հայոց գահը կտակեց իր որդի Տիգրանին և դստեր՝ Էրատոյին։ Տիգրան IV-ը գահ բարձրացավ մ․թ․ա 8 թվականին «արքայից արքա» տիտղոսով: Մ․թ․ա 5 թվականին հռոմեացիներին հաջողվում է գահազուկ անել նրան և գահին նստեցնել Արտաշես II-ի մյուս պատանդ եղբայր Արտավազդին։ Սակայն Հռոմը սրան կարողացավ գահին պահել ընդամենը երեք տարի։ Ապստամբության հետևանքով իշխանության գլուխ կրկին անցան Տիգրան IV-ը և Էրատոն։
Մ․թ․ 1 թվականին Կովկասից Մեծ Հայք ներխուժեցին լեռնականներ։ Նրանց դեմ պատերազմում Տիգրան IV-ը մահացավ։ Հռոմեացիների ճնշմամբ Էրատո թագուհին հրաժարվեց գահից։ Տիգրան IV-ի մահով և նրա տոհմի արական սերնդի ընդհատմամբ Արտաշեսյան արքայատունը Մեծ Հայքում մարեց։ Հայաստանի առջև ծառացավ նոր արքայատոհմ հաստատելու խնդիրը, որը հրատապ լուծում էր պահանջում: Թեև այն առաջին հերթին ներքին խնդիր էր, սակայն անմիջապես ձեռք բերեց միջազգային քաղաքական հնչեղություն։
Հայաստանը Ատրպատականի հետ միացնելու ծրագիրը
Օկտավիանոս Օգոստոս կայսրը հեռատեսորեն պաշտպանում էր այն ուղեգիծը, թե տերության հետագա ընդարձակումը կարող էր անկանխատեսելի բացասական հետևանքներ ունենալ երկրի ճակատագրի համար: Նա առաջարկում էր բավարարվել կախյալ թագավորությունների համակարգի իրողությամբ: Ի թիվս այլ երկրների՝ Մեծ Հայքը ևս հայտնվեց նման կախյալ թագավորությունների շարքում: Առաջնորդվելով այս ուղեգծով՝ Հռոմը Հայաստանում գահ էր բարձրացնում Արտաշեսյան արքայատոհմի հետ հեռավոր արյունակցական կապ ունեցող անձանց, որոնց տրվում էին «Արտաշես» կամ «Տիգրան» դինաստիական անուններ, և որոնք հավատարմության երդում էին տալիս իրենց հովանավոր կայսրին: Հռոմի դրածոները, հայկական գահի վրա իրենց զգալով ժամանակավոր և անապահով, ոչ միայն չէին պաշտպանում երկրի շահերը, այլև, որքան կարելի է, կողոպտում էին այն։
Օգոստոսի հեռագնա ծրագրի համաձայն՝ զորավար Գայոս Կեսարը Հայաստանի թագավոր է նշանակում Ատրպատական-Մարաստանի արքա Արիոբարզանեսին, որը հավանաբար մայրական կողմից ուներ Արտաշեսյան ծագում: Այդ քայլով Հռոմը, ընդդեմ իր մշտական ախոյան Պարթևստանի, Արևելքում ձեռք էր բերում Հայաստան-Ատրպատական միացյալ և ուժեղ թագավորություն:
Հայ ժողովուրդը, վրդովված սրանից, 2 թվականին ապստամբություն է բարձրացնում, բայց Գայոս Կեսարը հռոմեական ուժերով ճնշում է այն։ Հերոսական ու համառ դիմադրությամբ հատկապես աչքի ընկավ Արտագերս ամրոցը: Երբ վերջապես հսկայական գոհերի գնով ամրոցը գրավվեց, և կողմերի միջև սկսվեցին բանակցություններ, բերդապահ Ադդոնը անսպասելիորեն դաշունահարեց Գայոս Կեսարին և ինքն էլ ինքնասպան եղավ:
Արիոբարզանեսի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ 4 թվականին նա դառնում է հայոց ավագանու կազմակերպած դավադրության զոհ: Հայաստանի գահը Օգոստոսը հանձնում է Արիոբարզանեսի որդուն՝ Արտավազդ IV-ին։ Սակայն հայերը 5 թվականին նոր ապստամբություն են բարձրացնում և սպանում հոոմեական այս նոր դրածոյին։
Հայ ժողովրդի համառ դիմադրությունը, Արիոբարզանեսի կասկածելի պատահական մահը և Արտավազդ IV-ի սպանությունը հարկադրում են Հռոմին հրաժարվել Հայաստանը Ատրպատականի հետ միացնելու իր ծրագրից։
Հռոմեական և պարթևական հավակնությունները Մեծ Հայքի գահի նկատմամբ
6 թվականին Օգոստոսը Հայաստանում թագավոր է նշանակում Տիգրան V-ին, ով ծագումով հրեա էր և միայն մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ Արտաշեսյան թագավորական տան հետ։ Ի պատասխան՝ հայերը նոր ապստամբություն են բարձրացնում։ Հռոմեացիներին և Տիգրան V-ին դուրս վտարելով Հայաստանից՝ նրանք կրկին գահ են բարձրացնում Արտաշեսյան թագավորական տոհմի վերջին ներկայացուցչին՝ էրատո թագուհուն։ Սակայն սա, արդեն ծերացած լինելով, դժվարությամբ էր կառավարում երկիրը։
11 թվականին պարթևական գահը գրավում է Արտավան III-ը (11-40 թթ)՝ ճակատամարտում հաղթելով և երկրից դուրս վտարելով Հռոմի կողմնակից ու կամակատար Վոնոն թագավորին։ Պարտված և գահընկեց արված Վոնոնը, գալով Հայաստան, հռոմեացիների օգնությամբ գահընկեց է անում Էրատոյին, տիրում հայկական գահին և կարճ ժամանակով դառնում Հայաստանի թագավոր։
Արտավան III-ը երկար չէր կարող հանդուրժել իր հակառակորդի գահակալությունը Հայաստանում։ Երկրում իր իշխանությունը ամրապնդելուց հետո նա պատերազմի սպառնալիքով Հռոմից պահանջում է իր ախոյանին հեռացնել Հայաստանից։ Խուսափելով Արևելքում վտանգավոր պատերազմից՝ Հռոմը բավարարում է Արտավանի պահանջը։ Տիբերիոս կայսեր (14-37թթ.) կարգադրությամբ Ասորիքի հռոմեական կուսակալը 16 թվականին իր մոտ է հրավիրում Վոնոնին և ձերբակալում։
Տիբերիոսը շուտով Արևելք է ուղարկում իր որդեգիր Գերմանիկոսին։ Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր է հռչակում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին, որը մանկությունից ապրել էր հայկական միջավայրում և յուրացրել էր հայերի սովորույթներն ու բարքերը։ Հայերը փոխում են սրա օտար ու խորթ անունը և վերանվանում են Արտաշես։ Զենոն-Արտաշեսը (18-34 թվականներ) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված օտարազգի թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար` մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով։
34 թվականին Արտավան III-ը հայկական ավագանու համաձայնությամբ իր անդրանիկ որդուն` Արշակին, դարձնում է Հայաստանի թագավոր: Հայկական վերնախավը համակրանքով է ընդունում Արշակ I-ի գահակալությունը, քանի որ Հայաստանը Արշակունիների դինաստիայի պետական սիստեմի մեջ մտցնելու պայմանով ձգտում էր վերականգնել երկրի պետական անկախությունն ու ինքնուրույնությունը։
Սակայն Հռոմեական կայսրությունը, Հայաստանի հարևան իր «բարեկամ ու դաշնակից» երկրների, հատկապես Իբերիայի (Արևելյան Վրաստան) Փարսման թագավորի օգնությամբ կարողանում է կրկին վերականգնել իր գերիշխանությունը Հայաստանում։ Հռոմեացիների թելադրանքով 33թ. Փարսմանը և նրա եղբայր Միհրդատը, դավադրությամբ սպանելով Արշակին, մեծ զորքով հարձակվում են Հայաստանի վրա և գրավում Արտաշատը։ Արտավան III-ի փորձերը՝ Հայաստանը կրկին գրավելու և վրացիներից վրեժ լուծելու ուղղությամբ, ապարդյուն են անցնում։ 35թ. հռոմեացիների համաձայնությամբ Միհրդատը կարգվում է Հայաստանի թագավոր։
37 թվականին ստորագրվեց հռոմեա-պարթևական պայմանագիր։ Հռոմը ճանաչում էր Արտավան III-ի գահակալությունը Պարթևստանում, իսկ վերջինս՝ Միհրդատի գահակալումը Հայաստանում։ Բացի այդ, պարթևական կողմին էր անցնում Հայկական Միջագետքը՝ Մծբին քաղաքով, որոնք միացվում էին Ադիաբենե թագավորությանը։ Վրաստանին միացվեց Մեծ Հայքի հյուսիսային կուսակալությունը՝ Գոդերձականը։
Տարածքային այս կորուստները բերեցին Հայաստանում սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած հակահռոմեական հուժկու ապստամբության, որի շնորհիվ Միհրդատը դուրս վռնդվեց։ Ենթադրվում է, որ Մեծ Հայքի գահը կայսր Կալիգուլան (37-41թթ․) նշանակեց Զենոն-Արտաշեսի քրոջ որդուն՝ Փոքր Հայքի թագավոր Կոտիսին (37-43թթ)։ Կայսր Կլավիդիոսը (41-54թթ.) 43 թվականին հայկական գահը վերադարձնում է վրացի Միհրդատին, որը Տիգրան IV-ի և նրա քույր-կին Էրատոյի դուստրն էր։
51 թվականին Միհրդատը և նրա ամբողջ ընտանիքը զոհ է գնում իր հարազատ եղբոր՝ Փարսմանի և սրա որդու՝ Հռադամիզդի կազմակերպած դավադրությանը։ Հռադամիզդը Միհրդատին և նրա կնոջը խեղդել է տալիս ծանր գորգերի տակ, որովհետև խոստացել էր նրանց չսպանել ոչ սրով և ոչ էլ թույնով։
Հայաստանում հռոմեա-պարթևական մրցակցության հետևանքով քաղաքականապես անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչը սպառնում էր երկրի անվտանգությանը: Հայոց գահին ամրանալու Հռադամիզդի ճիգերն անհաջողության էին դատապարտված, քանզի նա իր հանցավոր գործողություններով ատելի էր հայ ժողովրդին: Իսկ հռոմեացիներն էլ ձևացնելով, թե հավանություն չեն տալիս ոճրագործությանը, պահանջում էին, որ վրաց արքա Փարսմանը հեռանա Հայաստանից՝ իր հետ տանելով Հռադամիզդին: Կապադովկիայի հռոմեական կուսակալը ներխուժում է Հայաստան, ավերածություններ պատճառում երկրին, սակայն հայերից հուժկու հարված ստանալով՝ գնում է Հռադամիզդի մոտ: Կաշառվելով՝ հռոմեական կուսակալը Հռադամիզդին անօրինաբար թագադրում է Արտաշատում: Շուտով հռոմեական կուսակալն իր հրամանատարությունից կարգադրություն է ստանում հեռանալու Հայաստանից՝ պարթևների հետ պատերազմից խուսափելու համար:
Հայ-պարթևական Տասնամյա պատերազմը Հռոմի դեմ
Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) իր թագավորությունում գահակալական կռիվներին վերջ տալու և Հռոմի նվաճումներին դիմակայելիս դաշնակից երկրների զինակցություն ստեղծելու նպատակով որոշում է իր եդբայրներին բազմեցնել Հայաստանի և Ատրպատականի գահերին: Նա առանց դժվարության դա իրագործում է Ատրպատականում, որտեղ թագավորեցնում է Բակուրին։
Հայաստանում իր ծրագիրը իրականացնելիս Վաղարշը դաշնակիցներ է գտնում ի դեմս Հայոց ավագանու։ Հայոց վերնախավը գտնում էր, որ պարթևները չեն սպառնամ հայկական պետականության գոյությանը, կենցաղով, բարքերով, սովորույթներով մոտ են հայերին և համատեղ ուժերով կարող են հակահարված տալ Հռոմի ծավալապաշտությանն Արևելքում: Ստեղծվում է հայ-պարթևական զինակցություն ընդդեմ Հռոմի և նրա վրացի դրածոյի:
52թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան, դուրս վռնդում Հռադամիզդին ու նրա մերձավորներին: Արտաշատ մայրաքաղաքը և Տիգրանակերտը բացում են իրենց դոները նրանց առջև: Սակայն ցրտաշունչ ձմռան և պարթևական զորքում սկսված հիվանդությունների հետևանքով պարթևական զորքը հեռանում է երկրից:
Հռադամիզդը կատաղած վերադառնում է Արտաշատ և որոշում հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ: Սակայն զինված ժողովուրդը շրջապատում է պալատը, և Հռադամիզդն իր կնոջ հորեղբոր՝ Միհրդատի դստեր Զենոբիայի հետ փախուստի է դիմում։ Ճանապարհին նա ձիերի վազքը արագացնելու համար դանակահարում է և գետը նետում իր հղի կնոջը, բայց սրան փրկում են օգնության հասած հովիվները։ Տրդատը մուտք է գործում Արտաշատ և թագադրվում։
Տրդատ I-ին տապալելու և Մեծ Հայքը վերանվաճելու ծրագիր ունենալով` Հռոմի Ներոն կայսրը (54-69թթ) արևելյան զորքերի գերագույն հրամանատար կարգեց երևելի զորավար և դիվանագետ Գնեոս Կորբուլոնին: Երեքամյա ռազմական նախապատրաստությունից հետո, երբ Վաղարշ I-ը գտնվում էր ապստամբած Վրկան նահանգում, 58 թ. Կորբուլոնը Կարին-Արտաշատ ուղիով ներխուժեց Մեծ Հայք: Տրդատ I-ը մարտերով նահանջեց Ատրպատական և սպասեց եղբոր ռազմական աջակցությանը: Կորբուլոնի հետ դաշնակցում է վրաց Փարսման թագավորը, որը հռոմեացիներին իր հավատարմությունը ցույց տալու համար սպանել էր իր որդուն՝ Հռադամիզդին:
Արտաշատում ձմեռած հռոմեական զորքերը 59թ. գարնանը կողոպտեցին և ավերեցին քաղաքը, ապա Տարոնով մտան Աղձնիք, աշնանը գրավեցին Տիգրանակերտր և այնտեղ Մեծ Հայքի թագավոր հռչակեցին Կապադովկիայի թագավորական ընտանիքից՝ Տիգրան VI-ին (60-61թթ․): Վերջինիս համաձայնությամբ Հռոմը Մեծ Հայքից անդամահատեց հյուսիս — արևմտյան և արևմտյան մի շարք գավառներ և դրանք միացրեց Իբերիային, Պոնտոսին, Փոքր Հայքին և Կոմմագենեին: Հռոմեացիների վայրագությունները սաստկացնում է հայ ժողովրդի զայրույթը և հռոմեական զավթիչներին ցույց տրվող դիմադրությունը ստանում է համընդհանուր բնույթ:
Տրդատ I-ի պահանջով 61 թ. Վաղարշ I-ը դադարեցնում է պատերազմը Վրկան նահանգում և իր ռազմական ուժերը կենտրոնացնում Հայոց Միջագետքում՝ ընդդեմ Կորբուլոնի զորաբանակի։ Հայկական զորքերը Տրդատ I-ի գլխավորությամբ արագընթաց հարձակմամբ պաշարում են Տիգրանակերտը: Հաշվի առնելով հռոմեական զորքերի համար ստեղծված վտանգը՝ Կորբուլոնը Մծբին քաղաքում Վաղարշ I-ի հետ կնքում է զինադադար, որի համաձայն հռոմեական և պարթևական զորքերը դուրս են բերվում Մեծ Հայքից, ետ է կանչվում Տիգրան VI-ը, իսկ Տրդատ I-ր վերահաստատվում է հայկական գահին։ Պատճառաբանելով, թե ինքը չունի հաշտություն կնքելու լիազորություն, Կորբուլոնը հորդորում է Վաղարշ I-ին՝ պատգամավորություն ուղարկել Հռոմ և Մծբինի զինադադարի պայմանները վավերացնել Ներոնի համաձայնությամբ: Սակայն Ներոնը, Մեծ Հայքը նվաճելու և այն հռոմեական նահանգ դարձնելու մտադրությամբ, Հռոմի արևելան զորքերի գլխավոր հրամանատար է նշանակում իր մտերիմ Պետոսին։
Նա ներխուժում է Հայաստան և շարժվում դեպի Տիգրանակերտ: Անցներով Արածանի գետը՝ հռոմեական զորքը բանակ է դնում Հոանդեա կոչվող վայրում: Հայ-պարթևական զորքը, ջախջախելով Հայկական Տավրոսի լեռնանցքներում տեղակայված հռոմեական կայազորները, շրջապատում է Պետոսի ճամբարը: 62թ. գարնանը տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիները մեծ կորուստներ են կրում: Պետոսը հաշտություն է խնդրում: Հաղթողները զինաթափում և ծաղրուծանակի են ենթարկում հռոմեական զորքին, որին ստիպում են ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստված «լծի» տակով, ինչը մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար: Հայերը ազատում են հռոմեացիների կողմից գերեվարված իրենց ազգականներին և հետ վերցնում ավարառված հարստությունը:
Ներոն կայսրը, ձգտելով փրկել Հռոմի հեղինակությունը, 63թ. Վաղարշ I-ի նոր պատվիրակությանը հայտնում է, որ եթե Տրդատն անձամբ մեկնի Հոոմ և թագը ստանա իրենից, ապա ինքը կճանաչի նրան՝ որպես Հայաստանի թագավոր: 64թ. Հայաստան է գալիս Կորբուլոնը և բանակցություններ վարում Վաղարշի ու Տրդատի հետ: Նրանք ընդունում են Ներոնի առաջարկը, բայց պահանջում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Հոանդեայում՝ հռոմեացիների պարտության վայրում: Ի նշանավորումն հաշտության՝ Հռանդեայում Տրդատը թագը հանում և դնում է հռոմեական գորքի բերած՝ Ներոնի արձանի մոտ՝ այն կայսեր ձեռքից Հռոմում ստանալու պայմանով: Պարթևստանի մասնակցությամբ երկրորդ հայ-հռոմեական պատերազմն ավարտվում է։
Նախորդող՝
Մեծ Հայքի վերելքը մ․թ․ա II դարում
Հաջորդող՝
Մեծ Հայքի աշխարհակալության անկումը