Արատտան Հայկական լեռնաշխարհի առաջին հայտնի վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են մ․թ․ա XXVIII-XXVII դարերին: Շումերական աղբյուրներում Արատտան հիշատակվում է որպես «բարձր լեռնային երկիր»:
Արատտայի մասին տվյալները հասել են Ուրուկի Էնմերքար ու Լուգալբանդա իշխանների (մ․թ․ա XIX-XVIII դարեր) մասին վիպերգերից և Գիլգամեշին նվիրված էպոսից։ Արատտայի տեղարման հարցում միասնական մասնագիտական կարծիք բացակայում է։ Առկա են վարկածներ, թե Արատտան գտնվում է Իրանի կենտրոնական կամ հյուսիսային մարզերում, նույնիսկ Կասպից ծովի ափերին։ Հայկական լեռնաշխարհում Արատտայի գտնվելու թեզը հիմնավորել է պատմաբան Արտակ Մովսիսյանը։ Նա երկրի անվանումը կապված է Արարատ լեռան և Մեծ Հայքի Այրարատ նահանգի հետ, ինչը կարող է այն տեղակայել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասերում։ Արատտայի հետ են կապում նաև մ․թ․ա IX-VI դարերում Հայկական լեռնաշխարհը միավորած Ուրարտու պետության անվանումը։
Շումերական արձանագրությունների համաձայն Արատտան աստվածապետական (թեոկրատական) կարգերով երկիր էր, որի արքան միաժամանակ գերագույն քուրմն էր: Հովանավորն էր իմաստնության և տիեզական ջրերի Էնկի կամ Հայ(ա) աստվածը։ Նրան պատկերում էին ջրի աղբյուրներով շրջապատված՝ ձկան պոչով և ճրագով։ Նրա զոհասեղանի մոտ պեղումների ժամանակ հայտնաբերվել են հատկապես մեծ քանակությամբ ձկան ոսկորներ։
Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»: Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին:
Արատտացիները Շումերից ներմուծել են հացահատիկ և երկրագործ, այլ ապրանքներ, արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր, ինչպես նաև շինարարական հումք’ «լեռնային քարեր»: Ըստ շումերական աղբյուրների’ մեկ տարի պաշարելով Արատտայի համանուն պարսպապատ մայրաքաղաքը’ շումերները չեն կարողացել գրավել այն: Կարևոր է Արատտայում սեփական գրի գործածության փաստը, որն ապացուցվում է Հայաստանի տարածքից հայտնաբերված մ. թ. ա. III հազարամյակի՝ տակավին չվերծանված մեհենագիր հուշարձաններով: Լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանին վերաբերող մշակութային շերտը հնագիտական գրականության մեջ կոչվում է Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթ:
Մ. թ. ա. III հազարամյակի պետական կազմավորումներից է Արման(ում)-ը, որի մասին վկայում են Միջագետքի Աքքադական պետության հիմնադիր Սարգոնը (մ. թ. ա. XXIV-XXIII դդ.) և նրա թոռը’ Նարամսինը (Նարամ-Սուեն, մ. թ. ա. 2236-2200): Վերջինս հյուսիսում բախվել է Արմանում (Արմանի) երկրի թագավորին:
Փոքր Ասիայի արևելքում՝ Քանեշ քաղաքից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում հիշատակվում են մ. թ. ա. XX դ-ի հայկական շուրջ մեկ տասնյակ իշխանություններ’ Ծուփանա (Ծոփք), Խախ(ում), Թեգարամա (Թորգոմա տուն, Թոգարմա) ևն: Վերջինս հիշատակվում է նաև Աստվածաշնչում:
Հին Բաբելոնի թագավորության տիրակալ Համմուրապիի (մ. թ. ա. 1792 -1750) անվան հետ կապված բնագրերում բազմիցս հիշատակվում են Հայկական լեռնաշխարհի պետականությունները, մասնավորապես Սուբուրտուն (Սուբուր – Արմանի), Կուտի(ում)ը և այլն: