OST Armenia
  • Welcome to the official site of the Non – Governmental Organization “Cultural center of the East”.
  • Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:
  • Добро пожаловать на официальный сайт ОО «Центр Культуры Востока».

Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետությունը  (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ԼՂՀ), կարճ` Արցախ, միջազգայնորեն դեռ չճանաչված հայկական երկրորդ անկախ պետությունն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում:  Պատմականորեն հանդիսացել է Մեծ Հայքի հյուսիսարևելյան աշխարհներից մեկը` զբաղեցնելով Հայրենիքի միայն 1/20-ը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտնող նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացել է հանրաքվե, որին մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա դեկտեմբերի 28-ին  ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին:

Արևմուտքից Արցախի Հանրապետությունը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Ելք դեպի ծով չունի:

Տարածքը  11458 քառ. կմ է

Բնակչությունը`  141.հազար.մարդ

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոնը  Շուշի քաղաքն է:

Ի պատասխան հանրաքվեի արդյուքնների` Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այդ պատերազմը փոփոխական հաջողություններով շարունակվեց մինչև 1994թ. մայիս:1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի և ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին այդ նույն կողմերը պայմանավորվեցին կրակի դադարեցման շուրջ, որը գործում է ցայսօր:

1992թ. մարտին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանը միացավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության Խորհուրդը (1994թ. դեկտեմբերից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն)։ 1997թ. ընդունվեց Մինսկի խմբի եռանախագահությունը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), որը մինչ այսօր միակ համաձայնեցված ձևաչափն է։


Պետական կառուցվածք

Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ ԼՂՀ Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին ՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2017 թ. փետրվարի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքով Արցախը դարձավ  նախագահական համակարգով հանրապետություն:

ԼՂՀ Նախագահի նստավայր - ostarmenia Պետության ղեկավարը Նախագահն է: Նա հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է ԼՂՀ քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։  Նախագահը ունի օրենսդրական վետոյի իրավունք, ինչը Ազգային ժողովը կարող է հաղթահարել միայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ

 Արցախում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային ժողովը բաղկացած է 33 պատգամավորներից: Այն ընտրվում է  համամասնական ընտրակարգով: ԱԺ մարմիններն են հանդիսանում Նախագահը, նրա տեղակալը, պատգամավորները և մշտական հանձնաժողովները: Պատգամավորների քանակից ձևավորվում են խմբակցություններ, պատգամավորական խմբեր:  Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարել Ազգային ժողովը:

Գործադիր իշխանությունն իրականացնում է ԼՂՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից; պետական նախարարը Հանրապետության նախագահի հանձնարարությամբ վարում է կառավարության նիստերը, համակարգում է Հանրապետության նախագահի կողմից որոշված նախարարների գործունեությունը; Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը հրապարակում է իր ծրագիրը (Հոդված 102):

 Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններից և Գերագույն դատարանից, ինչպես նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից: Գերագույն դատարանը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից: Այն ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառումը: Գերագույն դատարանի նախագահը և մյուս դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից` Հանրապետության Նախագահի առաջարկությամբ:

 Արցախի Սահմանադրության համաձայն Հանրապետությունում գործում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:  Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել մարդու իրավունքների պաշտպան: Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

173-րդ հոդվածով սահմանվում է, որ Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Վարչատարածքային բաժանում

Արցախի  Հանրապետությունը բաժանվում է 7 շրջանների: Առանձին համայնքի կարգավիճակ ունի մայրաքաղաք Ստեփանակերտը: Շրջաններն իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Արցախի Հանրապետության տարածքում գտնվում է   10 քաղաք և 322 գյուղական բնակավայր: Ըստ ԱՀ Սահմանադրության` համայքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:

Արցախի Հանրապետության վարչական շրջաններն են. Քաշաթաղ, Մարտակերտ, Շահումյան, Ասկերան, Մարտունի, Հադրութ, Շուշի և քաղաք Ստեփանակերտ:


Արցախի Հանրապետության պետական դրոշն ու զինանշանը  

Արցախի  Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձև կտոր` հորիզոնական կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով, յուրաքանչյուրը 20 սանտիմետր լայնությամբ: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Սա խորհրդանշում է Հայաստանից կտրված Արցախը, և  իր ուրվագծերով նման է 1991 թվականին անկախության մասին հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզին: Նախշանկարը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը: Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը կազմում է 1:2 /60×120 սմ/:

ԼՂՀ պետական զինանշանը (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ, հեղինակ՝ Լավրենտի Ղալայան) իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները և զետեղված է Արտաշիսյանների հարստության թագը: Այն կապվում է Արցախի տարածքում Տիգրան Երկրորդի կողմից կառուցված Տիգրանակերտ արքայանիստ քաղաքի հետ: Կենտրոնում ԼՂՀ պետական դրոշի և Քիրս լեռան ֆոնի վրա «Մենք ենք, մեր սարերը» քանդակի պատկերն է: Ներքևում` արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն -Արցախ»:

Արցախի Հանրապետության պետական օրհներգ 

Պետական օրհներգը Արցախի Հանրապետության անկախ պետականության խորհրդանիշն է:

ԼՂՀ պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: «Հիմն Արցախի» տեքստի հեղինակը Վարդան Հակոբյանն է, երաժշտության հեղինակը` Արմեն Նասիբյանը:

Աշխարհագրություն

Հանրապետության ռելիեֆը ընդհանուր առմամբ լեռնային է. այն ընդգրկում է Ղարաբաղյան բարձրավանդակը և թեքությամբ իջնում է արևմուտքից՝ արևելք: Հանրապետության տարածքը բնութագրվում է սուր կտրված լեռնային ռելիեֆով: Միջին բարձրությունը ծովի մակերևույթից` 1100  մ:

Ամենաբարձր լեռը Գոմշասարն է  (3724մ)
Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը։

Միջին ջերմաստիճանը`
հունվարին – -1C,
հուլիսին  +21 C

Տեղումների տարեկան միջին քանակը` բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։

Բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։

Կլիման` չափավոր մերձարևադարձայինն է                           Մանրամասն →

Բնակչություն

 Արցախի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ: Միջին խտությունը կազմում է 12 մարդ 1 քառ. կմ-ի վրա: Ամենախիտ բնակեցվածը Ստեփանակերտն է ( 54,1 հազար մարդ): Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը՝ 67.217 մարդ է կամ 47.5 %։ Արցախում տղամարդկանց թիվը կազմել է 70,7 մարդ կամ 48.1%, կանանցը՝ 75,9 կամ 51.9%։

Բնակչության 95%-ը հայեր են։ Ազգային փոքրամասնությունների հիմնական մեծ խմբեր են կազմում ռուսները,  հույները, վրացիները, ուկրաինացիները, ադրբեջանցիները:

Արցախի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է: Բնակչության մոտ 95%-ը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներ, ուղղափառներ, ավետարանականներ: Կան նաև մահմեդականներ:

 Հանրապետության պետական լեզուն հայերենն է:               Մանրամասն→

Մշակույթ

 Հայկական մշակույթի զարգացման բազմադարյան պատմության մեջ իր յուրահատկությամբ աչքի է ընկնում պատմական Հայաստանի արևելյան հատվածի`  Արցախի մշակույթը, որն իր մեջ բյուրեղացրել է հայ էթնոսի բնորոշ գծերը:

 Արցախահայությունը դարերի հորձանուտում մասնակցել է հայ ժողովրդի ամբողջական մշակույթի ստեղծմանն ու զարգացմանը: Արցախն իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ ոչ միայն հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է կազմել, այլև մշտապես եղել է նրա արթուն սահմանապահը: Արցախի պատմամշակութային ժառանգությունը նյութավորված է հազարավոր հնագիտական և պատմաճարտարապետական հուշարձանների մեջ, որոնք սփռված են ԱՀ պատմական Արցախի մյուս տարածքներում:

Տնտեսություն

Արցախի Հանրապետության տնտեսությունը մեծապես տուժել է 1991-1994թթ պատերազմի տարիներին: 2008 թվականից ՀՆԱ աճը պահպանվում է 9-11% շրջանակներում:

 Արցախյան տնտեսությունը 2016 թ. ավարտել է ՀՆԱ 6% աճով: ՀՆԱ-ի գերակշիռ մասը՝ շուրջ 60%-ը, ստեղծվել է մասնավոր հատվածում: ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 12 %-ը կազմում է արդյունաբերությունը, 14%-ը` գյուղատնտեսությունը, 9%-ը՝ շինարարությունը: Ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 28%-ն է, որից 7%-ը՝ առևտուրը և հանրային սնունդը: ՀՆԱ-ի շուրջ 34%-ն ապահովել են փոքր և միջին ձեռնարկությունները: Հանրապետությունում մոտ 40 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել:

 Արցախն ավանդաբար նաև ձիաբուծության կենտրոնն էր:

 Արցախի Հանրապետության պետական արժույթը ԼՂՀ դրամն է, բայց փաստացի գործածվում է ՀՀ դրամը (AMD):

Մշտական ներկայացուցչություններ

Հայաստանի Հանրապետությունում
Հեռ. +37410 249928,
Հյուպատոսական բաժին (+37410) 24-97-05

Ռուսաստանի Դաշնությունում
Հեռ. +7 495 628-9781

Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում (Նյու Յորք)
Հեռ. +1 (202) 223-4330

Ֆրանսիայում
Հեռ. +33 1 53751740

Ավստրալիայում
Հեռ.  +02 9551 2882

Մերձավոր Արևելքի երկրներում (Բեյրութ)
Հեռ. +961 124 1024

Գերմանիայում
Հեռ. + 49 1578-52-78-778


Վեբ դոմեն` .am,

ISO – ARM,

Հեռախոսային կոդ` +374 47

Ժամանակը` Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ

© "Cultural Center of the East" NGO; Yerevan 2014-2017