Անցումային դժվարին փուլում գտնվող Հայաստանի Հանրապետությունն իր պետականության շինարարությունն իրականացրեց ըստ էության պատերազմական պայմաններում: Հանրապետության լիակատար շրջափակումը, որին 1990-ական թվականների սկզբներից փաստորեն մասնակցում էր նաև Թուրքիան, պատերազմը Լեռնային Ղարարաղում, Ադրբեջանից բռնագաղթված փախստականների օրհասական դրությունն ու Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքները հանրապետությունում սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակ ստեղծեցին:
Հայաստանի Հանրապետության իշխանության նոր մարմինների ձևավորման գործընթացը սկսվել էր 1990 թ. մայիս-հունիսին կայացած Գերագույն խորհրդի ընտրություններից հետո, երբ խորհուրդներից անցում կատարվեց դեպի խորհրդարանական հանրապետություն: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունը կենտրոնացած էր խորհրդարանի ձեռքում, ապա գործադիր իշխանությունը բաժանված էր վարչապետի, նրա կաբինետի և Գերագույն խորհրդի նախագահության միջև: Փաստորեն, հանրապետությունում առկա էր պետական կառավարման համակարգի նախկին և նոր կառույցների զուգորդում, որը հաղթահարվեց անկախության առաջին տարիների ընթացքում:
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվել է հանրաքվե’ Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախանալու հարցով: Բնակչության ճնշող մեծամասնությունը’ 2 միլիոն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 %-ը) «այո» է ասել անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտեմբերի. 23-ին ՀՀ Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ, ինքնիշխան պետություն:
1991 թ. սեպտեմբերի 29-ին Ամենայն հայոց Վաղգեն Ա կաթողիկոսն օրհնեց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին մյուռոնը` անվանելով այն «Անկախության մյուռոն»:
1991-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ տեղի են ունեցել նախագահական ընտրություններ’ 6 թեկնածուի մասնակցությամբ: Ձայների ճնշող մեծամասնությամբ (83 %) հանրապետության նախագահ է ընտրվել Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, փոխնախագահ’ ԳԽ նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը:
Նորանկախ հանրապետությունն անցել է ծանր փորձություններով, նոյեմբերին հերթական անգամ Ադրբեջանը կասեցրել է գազի մատակարարումը ՀՀ-ին իր տարածքով անցնող գազամուղով: 1992 թվականից Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանը միանում է Թուրքիան: Ընդհատվել է նաև երկաթուղային կապը: Դադարեցվել են գրեթե բոլոր ձեռնարկությունների աշխատանքները, ուսումնական հաստատություններում’ պարապմունքները, բնակչությունը զրկվել է ջեռուցումից: Օրըստօրե ծանրացել է ժողովրդի սոցիալ – տնտեսական վիճակը, լարվածությունը տարածաշրջանում ավելի է սրվել:
Դեկտեմբերի 8-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մերձակա Բելովեժսկ բնակավայրում ԽՍՀՄ 3 սլավոնական հանրապետությունների (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) ղեկավարները’ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ստորագրել են համատեղ համաձայնագիր (Բելովեժյան արձանագրություն)’ ԽՍՀՄ-ի’ որպես միջազգային սուբյեկտի և աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման վերաբերյալ: Հայտարարվել է միջազգային համագործակցության նոր սուբյեկտի’ Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) կազմավորելու մասին:
1991-ի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում 11 ինքնիշխան պետություններ (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Մոլդովա, Հայաստան) ստորագրել են համաձայնագիր’ ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ, որով արձանագրվել է ԽՍՀՄ-ի փլուզումը: Երկրի նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել:
ՀՀ պետականության կայացման գործընթացն սկսվել է «Անկախ պետության հիմնադրույթների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ընդունումով (1991թ. սեպտեմբերի 25), որով սահմանվել է իշխանության պետական կարգը, ապահովվել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը: 1991-ի օգոստոսի 1-ին ընդունվել է «ՀՀ նախագահի մասին» օրենքը, իսկ նոյեմբերին և դեկտեմբերին «ՀՀ Գերագույն խորհրդի» և «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքներով սահմանվել են իշխանության պետական բարձրագույն մարմինների գործունեության շրջանակները: ՀՀ Կառավարության առաջին վարչապետ է նշանակվել Վազգեն Մանուկյանը (1990-91):
Դեռևս 1990-ի օգոստոսի 4-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհդրի (1995-ից’ Ազգային ժողով) նախագահ էր ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը, որին, ՀՀ նախագահ ընտրվելուց (1991թ. հոկտեմբերի 16) հետո, փոխարինել է Բաբկեն Արարքցյանը: 1991-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար է նշանակվել Վազգեն Մանուկյանը: 1992-ի հունվարի 28-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշում, որով իրավաբանորեն ստեղծվել է Հայոց բանակը: Նորաստեղծ նախարարությանն են հանձնվել ՆԳ նախարարության միլիցիայի պարեկապահակային, հատուկ նշանակության օպերատիվ և քաղաքացիական պաշտպանության գնդերն ու հանրապետական զինկոմիսարիատը: Այնուհետև հիմնվել է ՊՆ կենտըոնական ապարատը’ գլխավոր շտաբը, վարչություններն ու աոանձին բաժիններ:
1992-ի մայիսին ՊՆ-ն, ըստ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի, սկսել է առաջին զորակոչը հանրապետության տարածքում, որը մինչ այդ կատարվում էր կամավորության սկզբունքով: Նորակազմ զորամասերի անձնակազմերը մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ընդունել են 1-ին զինվորական երդումը, որից էլ սկսվել է Հայոց բանակի ամրացման ու զարգացման փուլը: 1992-ին հանրապետության ղեկավարությունը կարողացել է պայմանագրային հիմունքներով ստանալ ԽՍՀՄ սպառազինության’ Հայաստանի չափաբաժինը: Դրա շնորհիվ ռուսական զենքի մի մասը մնացել է ՀՀ-ում, որը հետագայում դարձել է ռազմական բազայի հիմքը և երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը:
1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է պետության հիմնական օրենքը’ ՀՀ Սահմանադրությունը, որով դրվել է ժողովրդավարական պետություն կառուցելու իրավական հիմքը: Սկսել են ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ:
Սահմանադրությամբ ընդունվել է նախագահական հանրապետության մոդելը’ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումով: Բարձրագույն օրենսդիր մարմինը’ Գերագույն Խորհուրդը, վերանվանվել է Ազգային ժողովի (Աժ): Սակայն Սահմանադրությունն ուներ ակնառու թերություններ, ինչպիսիք էին իշխանության 3 թևերի միջև փոխադարձ զսպումների և հակակշիռների մեխանիզմների բացակայությունը, ՀՀ նախագահին ընձեռված բացառիկ մենաշնորհային լիազորությունները, գործադիր իշխանության նկատմամբ ՀՀ Աժ-ի վերահսկողության լիազորությունների բացակայությունը, դատ. իշխանությունների ոչ իրական անկախությունը ևն: Դրանց վերացման և սահմանադրական այլ բարեփոխումների նպատակով ՀՀ Սահմանադրության մեջ կատարվել են մեծածավալ փոփոխություններ, որոնք ընդունվել են 2005-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեով (ուժի մեջ են մտել նույն թվականի դեկտեմբերի 6-ից):
Սահմանադրությունը հնարավորություն է ընձեռել ստեղծելու կայուն պետական կառույց, դիմակայելու այնպիսի լուրջ քաղաքական ճգնաժամի, ինչպիսին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր 1998-ի փետրվարի 3-ին և արտահերթ նախագահ. ընտրությունները:
ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նոր դատական համակարգի կազմավորումն ավարտվել է 1999-ին: Կարևոր էին Առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ, ինչպես նաև Սահմանադրական, տնտեսական, զինվորական և այլ դատարանների ստեղծումը, դատախազության համակարգի վերափոխմանն ուղղված միջոցառումները:
Սահմանադրության երկրորդ փոփոխությունները հաստատվեցին 2015 թ. դեկտեմբերի 6 ի Սահմանադրական համաժողովրդական հանրաքվեով: Նորացված Սահմանադրությամբ գործադիր իշխանությունն ամբողջությամբ պատկանում է կառավարությանը, որտեղ վարչապետն ունի բավական ուժեղ դիրք: Գործադիր իշխանությունը մշտապես գտնվելու է խորհրդարանական վերահսկողության ներքո և պատասխանատու է միայն խորհրդարանի առջև: Խորհրդարանական ընդդիմության իրավունքների ընդլայնումը դրսևորվում է խորհրդարանական վերահսկողությանը նրա մասնակցությամբ: Բոլոր հաջողությունների և առանձնապես անհաջողությունների, ձախողումների պատասխանատվությունը առաջին հերթին կրում է կառավարությունը և իշխող կուսակցությանը: Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ու շուտ, քան 1 տարի անց՝. նոր վարչապետ ընտրելու միջոցով: Այսպիսով’ կառավարման կիսանախագահական ձևը փոխարինվում է խորհրդարանականով: (Տես՝ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը)
Հանրապետության կառավարման կառուցվածքի բարելավման և տեղերում ինքնակառավարման խորացման նպատակով 1995-ի դեկտեմբերին կատարվել են վարչատարածքային փոփոխություններ, կազմավորվել են նոր միավորումներ’ մարզեր ու համայնքներ: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով (1995) հանրապետության 37 վարչական շրջանների միավորմամբ ստեղծվել է 10 մարզ’ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Տավուշի, իսկ մայրաքաղաք Երևանին տրվել է մարզի կարգավիճակ: 2005-ի դեկտեմբերին փոփոխված Սահմանադրությամբ (108 -րդ հոդված) Երևանը վերածվել է համայնքի:
1988-ի երկրաշարժի հետևանքով կյանքը երկրի տարածքի 1/3-ում կազմալուծվել էր, ժողտնտեսությունն ավելի քան 13 միլիարդ ռուբլու վնաս էր կրել: Չնայած 113 պետությունների և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների համակողմանի օգնությանը’ հնարավոր չի եղել վերականգնել աղետի գոտին:
1988 – 1992-ին խորացող տնտեսական ճգնաժամին ավելացել են նաև գրեթե լիակատար շրջափակման, ինչպես նաև Արցախյան պատերազմով և 1990-ից հանրապետություն բռնագաղթած փախստականներով պայմանավորված դժվարությունները: Ատոմակայանի փակման և էլեկտրաէներգիայի ու վառելանյութի բացակայության պատճառով սկսվել են զանգվածային ծառահատումները, որոնք երկիրը կանգնեցրել են բնապահպանական աղետի առջև: Այդպիսի իրավիճակում տնտեսության մեջ անցում է կատարվել ազատ շուկայական հարաբերությունների:
1990-ի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» և հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքներով կատարվել են պետական մենատիրության վերացման և շուկայական հարաբերությունների ձևավորման առաջին քայլերը:
Տնտեսության բարեփոխման գործընթացում պետությունն ի սկզբանե որդեգրել է արտադրության մեջ իր դերը կրճատելու և մասնավոր բաժինը տնտեսական զարգացման հիմնական աղբյուր դարձնելու քաղաքականություն: Դրա իրականացման հետևանքով արդեն 1999-ին համախառն ներքին արտադրանքի 85 %-ը ձևավորվել է մասնավոր հատվածում, որն ապահովվել է ի հաշիվ զանգվածային սեփականաշնորհման և նոր’ մասնավոր բիզնեսի մուտքով շուկա: Կառավարությունը շուկայական տնտեսությանն անցնելու հիմնական բաղադրիչը համարել է գների ազատականացումը, որն անցկացվել է մի շարք փուլերով և ուղեկցվել բնակչության սոցիալ. դրության կտրուկ վատթարացմամբ: Մինչև 1994-ը երկրի տնտեսությունը կտրուկ անկում է ապրել, որի պատճառները ոչ միայն Հայաստանի փաստացի շրջափակումն ու նախկին տնտեսական կապերի խզումն էին, այլև տնտեսական վերափոխումների իրականացման ձևերի անարդյունավետությունն ու փորձի բացակայությունը: Կառավարությունը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական հողերի, պետական (հանրային) բնակարանային ֆոնդի, պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարական օբյեկտների մասնավորեցմանը: Հայաստանը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինը, 1991-ին կարճ ժամանակամիջոցում, առանց լուրջ նախապատրաստման, հաշվառման ու գնահատման, սեփականաշնորհել է հողը, լուծարել անգամ նախկինում արղյունավետորեն գործող տնտեսությունները, որի հետևանքով գյուղում ձևավորված արտադրությունն ու սոցիալական ենթակառուցվածքները մասնատվել ու փոշիացել են: Անասնապահության բնագավառում սեփականաշնորհման անվան տակ համատարած կողոպտվել են տասնամյակների ընթացքում ստեղծված ֆերմաները:
1991-92-ին լուծարվել են հանրապետության մոտ 900 կոլտնտեսություններն ու պետական տնտեսությունները, որոնք թողարկում էին ճյուղի արտադրանքի ավելի քան 90 %-ը: Դրանց փոխարեն ձևավորվել են 320 հազարից ավելի անհատ, գյուղացիական տնտեսություններ, որոնց փոխանցվել են հողերի 66 %-ը և նախկին կոլտնտեսությունների գրեթե ողջ հիմնական միջոցները: Այդ ամենի շնորհիվ գյուղատնտեսական արտադրությունն սկզբնական շրջանում այնպիսի ճգնաժամ չի ապրել, ինչպես արդյունաբերությունը կամ շինարարությունը, թեև 1993-ին ոլորտի զուտ արտադրանքի ծավալը 1989-ի նկատմամբ նվազել է 18 %-ով: Այդուհանդերձ, 1990 – ական թթ-ին գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ունեցել է աճի միտում: Եթե խորհրդային շրջանում այն կազմել է 12-12,5 %, ապա 1990-ին’ 12,2 %, 1999-ին’ 25,3 %, իսկ 2001-ին’ 28 %: Սակայն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների, կարգավորված արտադր. հարա- թերությունների, պետական հովանավորության բացակայության պատճառով գյուղատնտեսությունը հետագայում մեծ անկում է ապրել: Սակավահող Հայաստանում 1996- ին ցանքատարածությունները կրճատվել են մոտ 100 հազար հա-ով (ավելի քան 20 %), բազմամյա տնկարկների տարածությունը’ ավելի քան 30 հազար հա-ով (35,9 %), խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը’ 191,1 հազարով (27,7 %), ոչխարներինն ու այծերինը’ 437 հազարով (33,8 %), խոզերինը’ 245 հազարով, թռչուններինը’ 8261,1 հազարով:
Վերափոխումների ընթացքում գյուղատնտեսությունը չի հարմարվել շուկայական հարաբերություններին’ մի շարք սխալների պատճառով: 2011 թ. մարտին ՀՀ գյուղատնտեսության ոլորտը գերակա ճյուղ հայտարարվեց: Մշակվել է գյուղատնտեսության զարգացման հատուկ ազգային ծրագիրը:
Խորհրդային Միության փլուզումից հետո խոր ճգնաժամի մեջ է հայտնվել նաև Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղը’ արդյունաբերությունը. նրա մի շարք ճյուղեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դադարել են գործելուց: 1990-93-ին ԱՊՀ երկրներից ամենամեծ անկումը գրանցվել է ՀՀ արդյունաբերության մեջ’ մոտ 60,3 %: 1992-ին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է ՀՆԱ-ի 41,8 %-ի անկում’ ԱՊՀ-ի համանման միջին ցուցանիշը գերազանցելով ավելի քան 6 անգամ:
Արդյունաբերության ոլորտում չհիմնավորված արագացված սեփականաշնորհումն ըստ էության վերածվել է վիթխարի կառույցների փոշիացման և յուրացման:
Ձեռնարկությունների սեփականաշնորհումն իրականացվել է 2 փուլով: 1992 – 1993-ից սկսվել է «փոքր օբյեկտների սեփականաշնորհումը», իսկ 1995-ից’ միջին և խոշոր ձեռնարկությունների զանգվածային սեփականաշնորհումը: «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով (1992)’ 1994-ին սեփականաշնորհվել են արդյունաբերության նախարարության 286 և թեթև արդյունաբերության 147 ձեռնարկություններ: 1994- 1995-ին սեփականաշնորհվել են մոտ 800 արդյունաբերական ձեռնարկություններ: Միայն 1996-ի նոյեմբերին է ստեղծվել սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն, որը հետագայում վերանվանվել է սեփականաշնորհումների նախարարության, 2000-ի փետրվարին’ պետական գույքի կառավարման նախարարության, իսկ 2003-ի մարտից այն դարձել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:
Արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո հոգ չի տարվել ունեցվածքի պահպանման համար, և մետաղե թանկարժեք սարքավորումները ջարդոնի անվան տակ վաճառվել են արտասահմանյան երկրներում (հատկապես Իրանում ու Թուրքիայում), որը ծանր հարված է հասցրել արդյունաբերությանն ու ողջ տնտեսությանը: Մեծ դժվարություններ են առաջացել արտադրանքի իրացման գործում, որը, արտահանման դժվարություններից բացի, նաև մրցունակ չէր միջազգային շուկայում:
Արդյունաբերության անկման հետևանքով ծանր կացության մեջ է հայտնվել նաև ՀՀ ֆինանսավարկային համակարգը: Չնայած իշխանությունների ջանքերին’ Հայաստանը չի ընդգրկվել ռուսական ռուբլու գոտու մեջ: 1993-ի նոյեմբերին Կառավարությունը հարկադրված շրջանառության մեջ է դրել հայոց ազգային դրամը, որն անկախ պետականության գործառնության առաջին արտահայտություններից էր: Դրանից հետո է միայն Հայաստանը հնարավորություն ստացել ինքնուրույն տնօրինելու տնտեսական լծակները: Սակայն տնտեսական համապատասխան երաշխիքների բացակայության պայմաններում այն արագ արժեզրկվել է, որն զգալիորեն նպաստել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացմանը: Սղաճի մակարդակն արագորեն աճել է, որի հետևանքով տեղի է ունեցել ժողովրդի խնայողությունների և ավանդների փոշիացում: Միլիարդավոր ռուբլիներ կազմող գումարների փոխարեն ազգաբնակչությունն ստացել է դրանց արժեքից շատ քիչ փոխհատուցում, որով գների աճի պայմաններում հնարավոր չէր հոգալ անգամ ամենատարրական կարիքները: Այդուհանդերձ, սեփական դրամը շրջանառության մեջ դնելն աստիճանաբար կառուցվածքային տեղաշարժեր է առաջ բերել հանրապետության ֆինանսական համակարգում: Ստեղծվել է Հայաստանի կենտրոնական բանկը, ձևավորվել են շուրջ 60 առևտրային դրամատներ ու մասնավոր բանկեր:
Արդյունաբերական ձեռնարկությունները Հայաստանում սեփականաշնորհվել են սերտիֆիկատների (վաուչեր) միջոցով, իսկ նախկին պետական ձեռնարկությունները հիմնականում վերածվել են բաց կամ փակ բաժնետիրական ընկերությունների:
Եկամուտների կտրուկ անկման պայմաններում բնակչության ճնշող մեծամասնությունն իր սերտիֆիկատները վաճառել է շատ ցածր գներով’ ընթացիկ կենցաղային հոգսերը հոգալու համար: Հախուռն ու հապճեպ սեփականաշնորհման հետևանքով Հայաստանի ընտանիքների 8 %-ը տիրացել է մասնավորեցված գույքի ավելի քան 90 %-ին: Դրա հետևանքով, 2000-ի տվյալներով, առավել հարուստ ընտանիքների 4-5 %-ը տնօրինել է ողջ ազգային հարստության կեսից ավելիին:
1998-ից Կառավարության որոշմամբ դադարեցվել է սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկումը և անցում է կատարվել ձեռնարկությունների վաճառքի ու արտասահմանյան ներդրումների ներգրավման’ միջազգային աճուրդների:
1997-ի վերջին միջազգային մրցույթով վաճառվել է ազգային հեռահաղորդակցման ձեռնարկության’ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 %-ը, իսկ 1998-ին’ Երևանի կոնյակի գործարանը և «Արմենիա» հյուրանոցը: ՌԴ-ն ներդրումներ է կատարել էներգետիկայի համակարգում, միջազգային մրցույթ է հայտարարվել Երևանի հյուրանոցների, օդանավակայանի, Հայկական ավիաուղիների, էլեկտրաէներգիայի արտադրության, տեղափոխման և բաշխման ձեռնարկությունների սեփականաշնորհման համար: Լուրջ հաջողություն է համարվել 2002-ին «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ պայմանագրի կնքումն արգենտինահայ էդուարդո էռնեկյանի հետ: Սեփականաշնորհման այդ տարբերակի շնորհիվ ավելացել են պետբյուջեի մուտքերը:
1992-93-ը հատկապես ծանր էին երկրի էներգետիկայի համար: Հանրապետության ղեկավարության անձեռնահասության պատճառով էներգիայի արտադրությունը խիստ կրճատվել է: Չեն գործել արտադրական ձեռնարկություններն ու տրանսպորտը, երկիրը հայտնվել է համատարած խավարի մեջ, միևնույն ժամանակ էլեկտրաէներգիա է տրվել Վրաստանին: 1999-ին ձեռնարկվել են միջոցառումներ 1992-99-ին էներգետիկայի ոլորտում կատարված չարաշահումներն ու դրանց մեղավորներին բացահայտելու ուղղությամբ: Սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած եղերական դեպքերի պատճառով այդ նպատակով ստեղծած ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքն ընդհատվել է 2000-ի հունիսին’ առանց որևէ որոշում ընդունելու: Ըստ հրապարակված տվյալների’ այդ ոլորտում պետությանը հասցվել է շուրջ 200 միլիոն դոլարի վնաս:
Մյուս կողմից’ 1992-93-ի ձմռանն ընդհատումներով էլեկտրաէներգիա մատակարարելու (օրական 1-2 ժ) հետևանքով էներգահամակարգի գերբեռնվածությունը բերել է բազմաթիվ ենթակայանների և բաշխիչ ցանցերի վթարների, էլեկտրաէներգիայի պակասի պայմաններում կատարվել են էներգիայի հսկայական չարաշահումներ:
Այս պայմաններում անխուսափելի էին ՀԱԷԿ-ի վերագործարկումը (1996) և Հրազդանի ջէկի 5-րդ բլոկի շահագործումը, որոնց շնորհիվ հաջողվել է աստիճանաբար վերացնել ստեղծված էներգետիկ ճգնաժամը և հիմք ստեղծել արդյունաբերության առանձին ճյուղերի վերագործարկման համար:
Արդյունաբերությունն աստիճանաբար սկսեց տնտեսական աճ ապահովել, մասնավորապես հանբահումքային, մետաղագործական, շինանյութերի, մեքենաշինական, քիմիական ոլորտներում:1996-2006 թթ վերագործարկվեցին ու հզորություններն ավելացրին շուրջ 50 խոշոր ձեռնարկություններ, հիմնվեցին ավելի քան 2500 միջին և փոքր արդյունաբերական ընկերություններ:
Քիմիական արդյունաբերության ոլորտում զարգացումն ընթացավ «մեծ քիմիայից» «փոքր քիմիայի» անցնելու քաղաքականության շրջանակներում:
2000-ականներին մեծ զարգացում ապրեցին ադամանդագործության և ոսկերչության ոլորտները: 1997-2007 թթ. ընթացքում ՀՀ-ում արտադրվել է մոտ 1.65 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք, որր գրեթե ամբողջությամբ արտահանվել է: Նույն ժամանակահատվածում ոլորտում զբաղվածների թիվն աճել է 3-4 անգամ:
2000 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը ՀՀ ի տնտեսության զարգացման գերակա ճյուղ է հռչակվել: Եթե 1992 թ. ՀՀ-ում գործում էին ոլորտի մոտ 70, ապա 2008 թ,՝. ավելի քան 230 ձեռնարկություններ: Այս բնագավառում հայաստանյան մասնաճյուղեր են հիմնում ն գործունեության ընդլայնելու ծրագրեր են իրագործում «Մայքրոսոֆթ», «Սինոփսիս». «Ալկաթել», «Լայքս»- և օտարերկրյա այլ ընկերություններ:
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ծանր վիճակը կտրուկ փոխեց հասարակության ճնշող մեծամասնության կենսապայմանները: Հասարակությունը կանգնեց սոցիալիստական հասարակարգից կապիտալիստականի անցման ճանապարհին: Տասնյակ տարիների ընթացքում երաշխավորված աշխատատեղին և աշխատավարձին սովոր, աշխատասեր ժողովրդի մի ակտիվ մաս փաստացի հայտնվեց գործազուրկի կարգավիճակում: Աշխատանքային շուկայում աոաջացած վիճակը հանգեցրեց նրան, որ աշխատավարձի միջին մակարդակն այլևս չէր ապահովում բնակչության մեծ մասի նույնիսկ նվազագույն կենսապայմանները: 1996 թվականին ազգաբնակչության աղքատության մակարդակը հասել է 60%-ի:
1999 – 2006 թթ. տնտեսական աճի պայմաններում աղքատության մակարդակը 56,1 %-ից կրճատվեց մինչև 26.5 %-ի, բայց համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի պայմաններում աղքատությունը նորից աճի միտում ձեռք բերեց, 2010-ին հասնելով 35%-ի: 2016թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,4 %: Երևանում աղքատության մակարդակը 24.9% է, այլ քաղաքներում՝ 33.2%։ Միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները: ՀՀ Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ՀՀ ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 29.4% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 1.8 %-ը ծայրահեղ աղքատ է, 8.0%-ը` շատ աղքատ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ է: Հայաստանի բնակչության եկամուտների բևեռացումը համարվում է ամենամեծը նախկին ԽՍՀՄ տարածքում:
Երկրի սոցիալ- տնտեսական վիճակի վատացման պատճառով դեռ 1991-ին Հանրապետությունից սկսվեց մեծ արտագաղթ: Արտագաղթողների մեծ մասը մեկնեց Ռուսաստան. իսկ 25-30 %-ր հանգրվանեց այլ երկրներում, մեծամասամբ՝ ԱՄՆ և Արևելյան Եվրոպայում: 1992-ից ի վեր Հայաստանում միայն երեք տարի՝ 2004, 2005 և 2006 թվականին է, որ երկրից միգրացիոն հոսքերը՝ ժամանածների և մեկնածների միջև տարբերությունը՝ միգրացիոն սալդոն, եղել է դրական: 2008 թվականին սկսվեց արտագաղթի նոր ալիքը:
Հայաստանից կանոնավոր արտագաղթին զուգահեռ 2014թ. նկատվեց ներգաղթ, որը, սակայն, պայմանավորված էր Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող ռազմաքաղաքական իրավիճակով: Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր Սիրիայից Հայաստան է ներգաղթել ավելի քան 17 հազար սիրիահայ, որոնցից 12 հազարը մնացել են Հայաստանում: Սիրիահայերի մյուս մասն արտագաղթել է Հայաստանից հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրների, Հայաստանում չադապտացվելու պատճառով: