«Ես ուրախ եմ, որ այցելեցի Հայաստան, քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին երկիր, և ես բոլորին շնորհակալություն եմ հայտնում ընդունելության համար», – գրել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր թվիթերյան էջում` «Զվարթնոց» օդանավակայանից հունիսի 26-ին Հռոմ մեկնելուց անմիջապես հետո: Այսպես եզրափակվեց Սրբազան Քահանայապետի եռօրյա այցը Հայաստան:
Հռոմի պապը ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան հունիսի 26-ին, ժամը 15:00` «Այց առաջին քրիստենեական երկիր» խորագրով: Պապին դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Այնուհետ Քահանայապետը մեկնեց Էջմիածին:
Մայր Աթոռ Սուրբ Էրմիածնի Տրդատ կամարի մոտից հոգևորականների հանդիսավոր թափորը, բազաթիվ ուխտավորներ դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Հռոմի պապին: Տեղի ունեցավ Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Հովվապետերը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ժամանեց Երևան: ՀՀ նախագահական նստավայրի մուտքի մոտ Սրբազան Քահանայապետին դիմավորեց նախագահ Սերժ Սարգսյանը և առաջնորդեց ընդունելության դահլիճ: Այնտեղ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Պապի առաձնազրույցը: Սրբազան Քահանայապետը հանդիպեց նաև ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Նախագահն ու Հռոմի պապը հանդես եկան ելույթներուվ:
ՀՀ Նախագահը Հռոմի Պապին նվիրել է «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը: Նախագահի նստավայրում Սրբազան Քահանայապետի այցի ժամանակ մարվել և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ են դրվել «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ, որոնք ձևավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ: Հանրապետության Նախագահը դրանք ևս նվիրել է Ֆրանցիսկոս Պապին:Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է Հայաստանի Հանրապետություն իր այցի առիթով հատուկ պատրաստված հուշամեդալի մայր օրինակը:
Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր` ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել:
Հռոմի պապը` Հայաստանի Հանրապետության նախագահի և Ամենայն Հայող կաթողիկոսի հետ այնուհետ ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն` հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Այնուհետև հնչեց Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված շարականը, որը հեղինակել է Գերաշնորհ Տ. Զարեհ արքեպիսկոպոս Ազնավորյանը: Հնչեց նաև հայկական դուդուկ՝ վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանի և Կամո Սեյրանյանի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի կատարմամբ:
Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան Քահանայապետը:
Երևանից Ֆրանցիսկոս Պապը մեկնեց Գյումրի, որտեղ Սուրբ Վարդանանց հրապարակում Սրբազան Քահանայապետը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Լատինական ծեսով մատուցեց Սուրբ Պատարագ: Հովվապետերը հանդես եկան աղոթքով և քարոզով: Պապի կողմից մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում, ներկաներին նշխար է բաժանվել: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համատեղ մատուցված սուրբ աղոթքի ժամանակ օրհնվեցին հացի կտորներ, որոնք հոգևորականների կողմից բաժանվեցին մարդկանց:
Գյումրիում Սրբազան Քահանայապետն այցելեց նաև Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:
Նույն օրը երեկոյան Սրբաղան Քահանայապետը ժամանեց Երևան: Երևանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո Հանրապետության հրապարակում սկսվեց Էկումենիկ արարողությունը, որին մասնակցեցին Հայ առաքելական ու Հռոմեական եկեղեցիների հոգևոր առաջնորդները: Հանրապետության հրապարակում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Հանրապետության հրապարակի բեմահարթակից միասնական աղոթք հնչեցրին աշխարհի խաղաղության համար:
Հռոմի պապն իր խոսքում նշեց. «Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ ձեզ հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու. այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցու, որ ձեզ սիրում է և ձեր կողքին է»:
Էյկումենիկ աղոթքի արարողությունից հետո ներկայացվեց համերգային ծրագիր նվիրված Հռոմի Պապի այցին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: Հանրապետության հրապարակում առաջին անգամ հնչեց Գարրի Քեսայանի «Ավե, Մարիա» ստեղծագործությունը՝ գրված սոպրանոյի և նվագախմբի համար: Հեղինակն այս գործն ամբողջականացրել և նվիրել է Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցին: Մենակատարն էր գերմանաբնակ հայազգի սոպրանո Հրաչուհի Բազենցը:
Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Սբ. Տրդատի բաց խորանի առջև տեղի ունեցավ Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համատեղ Առաջնորդական սուրբ պատարագի մատուցման արարողությունը: Պատարագի ժամանակ Հռոմի պապը օրհնեց Հայաստանյաց Առաքելական եկեղեցին, փոխադարձաբար ստանալով նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը:
«Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա եւ մեր միջեւ խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի «ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհներին որ Աստված տված է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագործության մեծ խորհուրդը, իրագործված Տեր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիվ», – ասել է Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապի պատմական վանքն էր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը պատվիրակությունների ուղեկցությամբ այցելեցին Խոր Վիրապ: Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռում երկու հովվապետերը գբից հանված կենսապարգև լույսով վառեցին իրենց մոմերը։ Ս. Աստվածածին եկեղեցում նույն այդ լույսից վառվեց այցի առիթով Ֆրանցիսկոս Պապի կողմից Խոր Վիրապի վանքին ընծայված կանթեղը: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հայերեն և իտալերեն լեզուներով խաղաղության համար աղոթք հնչեցրեցին:
Այս ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի երգչախմբերի կողմից կատարվեց համաքրիստոնեական սուրբ և Հայ Եկեղեցու երկրորդ Լուսավորիչ Ս. Գրիգորին նվիրված «Լերինք ամենայն» հոգեպարար շարականը: Արարողությունը եզրափակվեց միասնական Տերունական աղոթքով:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու Հռոմի Սրբազան Քահանայապետն առաջնորդվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող բարձրահարթակ, որտեղից, ի նշան խաղաղության, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ արձակվեցին երկու աղավնիներ:
Վանք այցելությունից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հրաժեշտի պաշտոնական արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, վերադարձավ Վատիկան:
Բագրատ Մովսեսյան