Խորհրդային կարգերի փլուզումից հետո հայկական կինոն հայտնվել է նոր որոնումների բեկումնային փուլում: Անկախության առաջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում նկարահանվել են 30-ից ավելի լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր: Հիմնվել են մի շարք անկախ կինոստուդիաներ, որոնց մի մասը տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով փակվել է: Կինոարտադրության վերածնունդը նշանավորվել է միայն XXI դարում` այն էլ հիմնականում հեռուստասերիալներով:
Հայկական կինոյի ավանդական հիմքի վրա ստեղծվել են Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտ» (1991թ.), Սերգեյ Իսրայելյանի «Պատանդներ (1991), Առնոլդ Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», (1992), Արման Մանասյանի «Ընկեր Փանջունի» (1992), Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները» (1991) և «Աղետ» (1993), Ալեքսանդր Քաջվորյանի «Հին աստվածներ» (1993), Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» (2000) և այլ ֆիլմեր:
Ա.Աղաբաբյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (ըստ Զ.Խափլանյանի) ֆիլմ-վիպագրությունը հայկական առաջին բազմասերիանոց (5 սերիա) կինոնկար է, որն ընդգրկում է հայ ժողովրդի դրամատիկական շրջադարձերով հագեցված մի ողջ ժամանակաշրջան` խորհրդային կարգերի հաստատումից մինչև 1980-ական թվականները:
Արդի պատմական, սոցիալ – հոգեբանական, հասարակական փոփոխություններին յուրովի են արձագանքել ավագ, միջին և երիտասարդ սերունդների ռեժիսորները: «Պատանդներ» ֆիլմում իշխանություն և բարձր հասարակական դիրք ունեցող հերոսը կործանվում է` գործելով «նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով: «Ուրախ ավտոբուսը» ներկայացնում է 1988թ-ի երկրաշարժից հետո վերականգնվող Գյումրին, ավերված քաղաքի փողոցներով ամեն օր երթևեկող «ուրախ» ավտոբուսը ծիծաղելու ունակությունը երբեք չկորցնող մարդկանց հավաքական խորհրդանիշ է:
Նոր կենսամտածողությունն առավելապես արտահայտվել է դեռևս 1980-ականների ռեժիսորների մոտ` Սուրեն Բաբայանի «Արյուն» (1991), Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…» (1991) , Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» (1995), «Տէր ողորմեա» (1997) և այլ ֆիլմերում: Ժամանակի հոգին ցայտուն ձևով դրևորվել է Էդգար Բաղդասարյանի «Սև պատը» ֆիլմում (1997): Անցյալի և ներկայի փոխհարաբերություններն են պատկերված Տիգրան Խզմալյանի «Պիեռլեկինո կամ Օդից թեթև» ֆիլմում (2000), որի առանցքը խորհրդային տարիներին ծեր ծաղրածուի փշրված ճակատագիրն է, նրա սիրո ու կյանքի տխուր պատմությունը:
Ստեղծագործական բարդ ուղի է անցնել նաև արդի վավերագրական կինոն, որն ավելի անմիջականորեն է արձագանքել կյանքի փոփոխություններին և երկրում կատարվող իրադարձություններին: Տնտեսական ճգնաժամը համեմատաբար քիչ է ազդել հայկական մուլտիպլիկացիոն կինոյի զարգացման վրա:
2000-ականներից հետո ՀՀ-ում նկարահանվել է ավելի քան 60 լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր: Նոր ժամանակների իրականությունն են արտացոլել Ս.Բաբայանի «Խենթ հրեշտակ» (2001), Վ.Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» (2001), «Ժանո» (2004), «Մի նայիր հայելուն», «Մաեստրոն» (2009), Հ.Խաչատրյանի «Վավերագրողը» (2003), «Պետի վերադարձը» (2006), «Սահման» (2006) և այլ կինոնկարները: Ռեժիսորնեը ներկայացրել են արդի կեցության արատավոր կողմերը, նոր ժանակներին բնորոշ անկայուն արժեքները, սահմանները բարու և չարի, աստվածայինի ու դիվայինի միջև՝ «Խենթ հրեշտակ», խորհրդային տարիներին անհատի ձևափոխման խնդիրը՝ «Լռության սիմֆոնիան»:
«Սահման» ֆիլմում ռեժիսորը վերացրել է վավերագրականի և գեղարվեստականի սահմանները` ստեղծելով պատկերի վրա հիմնված, առանց երկխոսությունների կինոպատում:
Պատկերվող նյութի թարմությամբ առանձնանում են Է. Բաղդասարյանի «Մարիամը» 2005, Վ.Չալդրանյանի «Քրմուհին» (2007), Դովլաթյանի «Սողանքը» (2009) և Հ. Գալստյանի «Խճճված զուգահեռները» (2009):
Վերջին տարիների բազմաթիվ ֆիլմեր ներկայացված են միջազգային կինոփառատոնների: Երևանում 2004 թվականին հիմնվել է սեփական ամենամյա միջազգային կինոփառատոնը` «Ոսկե ծիրանը» :
Ըստ` Սիրանույշ Գալստյանի
Ընկեր Փանջունի
Ուրախ ավտոբուս
Ձայն բարբառոյ…
Որտեղ էիր, մարդ Աստծո?
Անիծվածները
Կյանք ու կռիվ
Լռության սիմֆոնիան
Վավերագրողը
Առաջին Դեմք