Հայկական երաժշտությունը հայ ժողովրդի մշակույթի բազմադարյան ոլորտներից մեկն է։ Սաղմնավորվելով ժողովրդական բանահյուսության ընդերքում, հայկական երաժշտարվեստի արմատները հասնում են հազարամյակների խորքը։ Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել է իր ազգային ներկապնակի ազդեցությունը` տալով համամարդկային արժեքներ:
Հայկական երաժշտությունը մոնոդիկ է ՝ հիմնված գերազանցապես դիատոնիկ կամ մեծացված սեկունդա պարունակող ձայնակարգերի վրա: Բնորոշ են չափի փոփոխականությունը, ռիթմի անհամաչափությունը: Տարածված են հիմնականում երկմաս և բարդ ձևերը:
Հայկական երաժշտարվեստի զարգացումը ընթանում էր պատմական մի քանի փուլերով` հնագույն (մ.թ.ա IV-I հազարամյակներ), հին (մ. թ. ա. VI – մ.թ. III դարեր), վաղմիջնադարյան (IV–VII դարեր), զարգացած միջնադարյան (IX – XIV դարեր), ուշմիջնադարյան (XVII–XVIII դարեր), նոր ( (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) և նորագույն (1918 թվականից):
Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներում կերպավորված ծիսական տարբեր, այդ թվում և «հնչող», պարային տեսարանները գաղափար են տալիս դիտարկվող ժամանակներին հատուկ հասարակական զարգացման մակարդակի և մտայնության մասին։ Արդեն մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը, առաջ են եկել հայկական ժողովրդական գործիքները, որոնցից փանդիռը, թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը: Երաժշտությունը Հայաստանի տարածքում սկզբնավորվել է մ. թ. ա. XX—XVIII դդ.՝ Առաջավոր և Փոքր Ասիայի ժոդովուրդների երաժշտական մշակույթի փոխազդեցությամբ: Երաժշտական ֆոլկլորի ծիսաձևերի մասին տեղեկություններ կան մ. թ. ա. XIV դ. խեթական սեպագրում:
Արվեստի նշանավոր ստեղծագործություններ են մ․ թ․ ա․ XI—IX դդ․ դրվագման տեխնիկայով պատրաստված իրական և երևակայական խիստ ոճավորված կենդանիների, թռչունների, մարդկանց, երկրաչափական, արևի, երկնային լուսատուների, ջրի պաշտամունքի հետ կապված խորհրդանշական պատկերները, առասպելական բնույթի բարդ հորինվածքներով որսի, պտղաբերության և տիեզերածնական տեսարանները։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբներին՝ հինավուրց արվեստի աչքի ընկնող հուշարձաններ են։
Արարատյան թագավորության (Ուրարտու) միջոցով հայերը մոտ երեք դար մոտիկից հաղորդակցվում են ասորա–բաբելոնական մշակույթին։ Կարմիր բլուրում հայտնաբերված են մ․ թ․ ա․ VII դ․ վերաբերող մի զույգ բրոնզե ծնծղաներ, որից եզրակացվում է, թե տվյալ քաղաքակրթությունը ծանոթ էր ժամանակի մերձավորարևելյան երաժշտական մյուս գործիքներին ևս։ Արարատյան թագավորության գոյության ընթացքում մասնագիտացված երգ–երաժշտությունը ճյուղավորվելով զարգանում է պաշտամունքային և աշխարհիկ ուղղություններով։
Արարատյան թագավորության քայքայումից հետո ծաղկում են ապրում թաղման ծեսի հետ կապված ողբը, որի ընդերքում աստիճանաբար զգալի կշիռ է ստանում վիպական նախասկիզբը, հայոց երաժշտա–բանաստեղծական հնագույն ձևերից մեկը` ասմունքելով ու մեջընդմեջ երգելով պատմված յուրատեսակ պոեմը:
Մ. թ․ ա․ III դ․ հին արևելյան ակունքներից սնված հայկական մշակույթը աստիճանաբար մերձենում է հելլենիստական քաղաքակրթությանը։ Հայկական առօրյայում տարածում է գտնում 5-ձայնանցք սրինգը: Տիգրան Բ Մեծի ու Արտավազդ Բ–ի գահակալության տարիներին վերելք են ապրում հայոց ռազմական և ծիսական, մասնավորապես հարսանեկան երգերը, որոնցում, ժամանակի ընթացքում, զգալի դեր է կատարում քնարական նախասկիզբը։ Կիրառվել են հարվածային, փողային և լարային նվագարաններ։ Հելլենիստական Հայաստանում մասնագիտացված երաժշտարվեստը ներկայացված է եղել վիպասանների, գուսանների և վարձակների դասերով, տաճարային երգիչների (մեներգիչ քուրմերի, քրմուհիների ու երգեցիկ խմբերի մասնակիցների) կարգերով, ինչպես և թատերական երաժիշտների հատուկ խավով։
Քրիստենեությունը պետական կրոն հռչակելուց հետո հայկական եկեղեցին իր վերահսկողության տակ է առնում հայոց մշակութային, այդ թվում և երաժշտական կյանքը։ Աշխարհիկ արվեստը շարունակում է զարգանալ։ Գեղջկականից անջատվելով, այլ որակ են դրսևորում հայկական վաղմիջնադարյան քաղաքի ժողովրդական երգն ու պարը։ Աշխարհիկ երգ–երաժշտության շրջանակներում որպես մասնագիտացված արվեստի միակ ներկայացուցիչներ մնում են գուսանները։
Ապրելով նախնական խմորման հարյուրամյա շրջան, գրերի գյուտի շնորհիվ հայկական երաժշտությունը բարձրանում է հայոց մասնագիտացված և արդեն գրական լեզվի վրա խարսխված ձևով ու բովանդակությամբ նորոգված և ազգայնացված արվեստի աստիճանին և, անցնելով բարեշրջման մեծ բովով, այդ պատմաշրջանի վերջերում դուրս է գալիս, իր ժամանակի չափանիշով զարգացման մայրուղիներից մեկը: Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, եկեղեցական երաժշտության հիմքում դնելով հայոց ավանդական ձայնեղանակները` դարձան նաև հայկական հոգևոր ինքնուրույն երգի նահապետները:
VIII դ․ 1-ին քառորդում, Ստեփանոս Սյունեցի Երկրորդի ջանքերով սկզբունքորեն ընդունվում է եկեղեցական միևնույն տոնին վերաբերող 8–9 երգերից բաղկացած «կանոնի» արևելաքրիստոնեական ժանրը։ Մշակվում է ձայնեղանակների երկրորդ մեծ համակարգը՝ հոգևոր ինքնուրույն (ոչ աստվածաշնչային) երգերին վերաբերող չափանմուշ մեղեդիների խումբը։ Ծագում է նաև հայկ․ խազագրերի նախնական համակարգը, որն հարստանում է երգչային նորանոր նշաններով։
Հայաստանի երաժշտական կյանքում X– XI դդ․ իրագործված մեծագույն տեղաշարժի ներքին բովանդակությունը կազմում է տաղային արվեստի ծաղկումը։ Ընդգրկելով մեղեդիների, սրբասացությունների, նաև` ծանր ու ստեղի շարականների հորինումը, այն ներկայացրել է նորակերտ ստեղծագործությունների մի ուրույն ոլորտ։ Հաստատվում և զարգանում է երաժշտական մի նոր ոճ ։
Ներսես Շնորհալու երաժշտա–բանաստեղծական ժառանգության մեջ իրենց գրեթե վերջնական կերպարանքն են ստանում հայկական ավատատիրական մշակույթին կապված երաժշտարվեստի մնայուն բոլոր արժեքները, պատարագը (թվերգերի, մեներգերի և խմբերգերի հիմնական մասերով, ինչպես և տաղերի, մեղեդիների, սրբասացությունների տոնական հատվածներով), Շարակնոցը, ժամագիրքը և այլ մատյաններ։
Երաժշտական գեղագիտության բնագավառում X–XV դդ․ հայ գիտնականները անդրադարձել են երաժշտական արվեստի ծագման, երաժշտության էության, նրա ներգործության ուժի ու բնույթի, աշխարհիկ և հոգևոր երաժշտության փոխհարաբերության, իրականության հետ երաժշտական արվեստի հարաբերության հարցերին։
Հոգևոր երգարվեստում ուշ միջնադարի սկզբից ևեթ երևան եկած ստեղծագործական զգալի ճգնաժամի պայմաններում մասնագիտացված երաժշտության հետագա ճակատագիրն իրենց ձեռքն են վերցնում աշխարհիկ արվեստի և աշխարհականացող տաղերգության մշակները։ Դրա նախադրյալներն ստեղծված են եղել նույն զարգացած միջնադարում: Բարձր զարգացման է հասնում նաև հայ ժողովրդական–քաղաքային ու գուսանական գործիքային նվագը։ Հայոց հին գուսանական արվեստը շարունակում է ապրել, մասամբ հենց իրենց՝ գուսանների շնորհիվ, մասամբ՝ ժողովրդական զանգվածների կենցաղում, մասամբ էլ` ուսումնական մարդկանց ջանքերով, որոնք, միջնադարյան տաղարաններում գրի են առել գուսանական հայրենների շարքեր։
XVI – XVII դդ Պարսկաստանի հյուսիսում և Արևմտյան Հայաստանում, հայ–թուրքական միջավայրում, քաղաքաբնակ արհեստավորների շրջանակներում ծագում է աշուղությունը: Դաստիարակված լինելով բազմալեզու միջավայրում, այդ երաժիշտներն իրենց արվեստի մի քանի էական կողմերով ու բազմաթիվ արտաքին հատկանիշներով սկզբում ընդհանուր շատ գծեր ունեին Մերձավոր Արևելքի այլազգի աշուղների և սազանդարների հետ։ Բայց նրանք ծառայում էին հայ գաղթական քաղաքացուն, արտահայտում նրա խոհերը, վշտերն ու ուրախությունները: Նրանց արվեստում սկզբից ևեթ այս կամ այն չափով առկա էր հայկական ազգային խորքը, որը և հետզհետե բացահայտվեց, ընդունելով ազգային ձև ու կերպարանք՝ հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության արթնացման ու մշակույթի վերելքին զուգընթաց։
Հայ տաղերգությունը զարգացման մի նոր աստիճանի է բարձրանում XVII – XVIII դդ․։ Իրենց աշխարհիկ (հատկապես սիրային) տաղերի համար եղանակներ ընտրելիս, նույնպես օգտագործելով ինչպես հայկական (նաև ինքնաստեղծ), այնպես էլ ընդհանուր արևելյան մեղեդիներ, հայ տաղերգուները դիմում են օսմանյան (Կ․ Պոլսի) երաժշտական փորձին (որի զարգացմանը մասնակցություն են ունեցել նաև հայերը):
XVII–XVIII դդ․ հայ գիտնականները աշխատում են հավաքել միջնադարյան ինքնուրույն ու թարգմանական մատենագրության մեջ սփռված երաժշտատեսական հատվածները և նույնիսկ բանաքաղելու միջոցով ամբողջական հոդվածներ են ստեղծում։
Վերանորոգության շրջանում (XVII–XVIII դդ․), հայ երաժշտությունը, ներգրավվելով սեփական միջնադարյան քաղաքակրթության երևույթները վերագտնելու շարժման, ինչպես և մշակույթի նաև եվրոպական ակունքներին դիմելու փորձի մեջ, կենսական զգալի ուժերով դիմավորեց XIX դարը և առհասարակ ազգային զարթոնքի ժամանակաշրջանը: Վերջինս սկսվեց ինքնագիտակցության եկող հայկական քաղաքային մշակույթի աշխուժացմամբ և ազգային քաղաքական ու հասարակական մտքի վերելքով։ Հայ շինականն իր անհատական հիշողության խորքերից կյանքի էր կոչում անգամ հեթանոսական անցյալի հետ կապված խաղիկներ ու տոնական պարերգեր, զինվորական երկարաձիգ մեներգեր ու դրանց հետևող վառվռուն թռնոքիներ ու խելահեղ ծափպարեր, որոնք քիչ ավելի ուշ հնչելու էին ֆիդայիների ու կամավորների շուրթերից։ Շարունակում են արդյունավետ գործել աշուղները, սազանդարները, եկեղեցական երաժիշտները։
Մենահամերգներ են տրվում ինչպես արևելյան, նույնպես և արդի եվրոպական նվագարաններին տիրապետող երաժիշտների ուժերով։ Հանդես են գալիս մենակատար երգիչ – երգչուհիներ ևն։ Մեծագույն հեղաբեկում է կատարվում երաժշտական ստեղծագործության բնագավառում, իրագործվում է անցումը միաձայնային արվեստից դեպի բազմաձայնայինը։ Ժամանակաշրջանի նշանակալի երևույթներից էր եվրոպական երաժշտական բարձրագույն կրթություն ստացած հայ կատարողների հայտնությունը։ Նրանց առջև ծանրանում էր կատարողական արվեստի եվրոպոպական փորձը յուրացնելով, այն հայ նոր երաժշտության զարգացմանը ծառայեցնելու խնդիրը։
Համբարձում Լիմոնչյանը 1813-1815թթ ստեղծում է հայկական նոր նոտագրություն։ Այդ ժամանակ գրառվեցին ինչպես ժողովրդական երաժշտության նմուշներ, այնպես էլ հոգևոր: Երաժշտական մշակույթի նոր վերելք նկատվեց 19-րդ դարի երկրորդ կեսին, որը պայմանավորված էր նաև ազգային-ազատագրական գաղափարներով։ Թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, վերածնվում է հայկական երաժշտահասարակական կյանքը։ Հրատարակվում են երգերի բազմաթիվ ժողովածուներ, ստեղծվում են երաժշտական համայնքներ։ Այդ ժամանակաշրջանի կարևոր մշակութային ձեռքբերումը դառնում է հայկական երաժշտական պարբերականը։ Հայկական երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ դեր խաղացին Լազարյան ճեմարանը, Ներսեսյան դպրոցը, Գևորգյան ճեմարանը։ Ձևավորվում է նաև համերգային կյանքը։ Բացի աշուղների, դուդուկ, քամանչա նվագողների, ժողովրդական երգիչների միությունների ստեղծումից, հայտնվում են ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան կոնսերվատորիաներ ավարտած առաջին երաժիշտները։ Ստեղծվում են նաև գործիքային համույթներ և սիմֆոնիկ նվագախմբեր: Պատմական նշանակություն ուներ 1868թ Տիգրան Չուխաճյանի կողմից ստեղծված առաջին հայկական օպերան՝ «Արշակ II»-ը։ 1880-ական թվականներից պրոֆեսիոնալ կոմպոզիտորներն սկսում են հավաքել և մշակել հին հայկական ժողովրդական երգերը։ 1880-ական – 1910-ականներին բարձր մակարդակի է հասնում հայկական վոլակային արվեստը: 1919թ Թիֆլիսում ստեղծվեց հայկական երաժշտության տեսաբանների միությունը։
Հայաստանի խորհրդայնացումից հետո նոր հնարավորություններ են ստեղծվում երաժշտական մշակույթի զարգացման համար` բացվում են բոր ստուդիաներ, երաժշտական դպրոցներ, օպերա, կոնսերվատորիա, այլ հաստատություններ: Միաժամանակ` երաժշտությունը դառնում է իշխող վարչակարգի կարևորագույն գաղափաչական գործիքներից մեկը, ծառայեցվում զանգվածների մոտ համապատասխան բարոյա-հոգեբանական մթնոլորտ ձևավորման համար: Թերևս` երաժշտության գաղափարական նման բեռվածությունը չի խանգարում նաև հայկական երաժշտական մշակույթի ավանդույթների էլ ավելի ամրապնդմանը և զարգացմանը: Հանդես են գալիս ավանդականն ու արդիականը սինթեզող աշխարհահռչակ ստեղծագործություններ:
Չնայած պատերազմական ժամանակների ծանր պայմաններին, Հայաստանում համերգային և երաժշտական մշակութային կյանքը չի ընդհատվել։ Ինչպես և գրականությունը, երաժշտությունը դարձավ հայրենասիրության, խաղաղասիրության գաղափարական լրջագույն քարոզչամիջոց: Ստեղծվում են մարտիկի ուժը, խիսախությունը գովերգով ստեղծագործություններ, վերամշալման են ենթարկվում եղածները, մանսավորապես` ժողովրդական ծագման:
Հետպատերազմյան տարիներին երաժշտական կյանքը զարգացել է բարդ և բազմազան ձևերով։ Որակապես նոր աստիճանի է բարձրացել կատարողական արվեստը, ստեղծվել են թե դասական, թե էստրադային, ջազ, այլ ոլորտների բազմաբնույթ ստեղծագործություններ: Թեև գաղափարական ներգործությունը դեռ ուժեղ էր, այնուամենայնիվ` հայկական երաժշտությունը պահպանում է իր դարավոր ժողովրդական ավանդույթները` համադրելով դրանք արդիականության նոր շնչի հետ: Ծաղկում են ապրում նաև երաժշտական հիմնարկները, ուսումնական հաստատությունները:
Անկախության վերականգնումից (1991) հետո Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանները բացասաբար են ազդել նաև եչաժշտական արվեստի զարգացման վրա: Առաջին տարիներին անհատ ստեղծագործողներն ու երաժշտական խմբերը մնացել են առանց պետական հոգածության, խմբերի մեծ մասը լուծարվեց: Իրավիճակի աստիճանաբար կարգավորմանը մեծապես օգնել են անհատներ, բարերարներ, ինչպես նաև սփյուռքահայ արվեստագետները: Հայաստանյան արդի երաժշտությունը շարունակում է դարավոր ավանդույթները, թեև զգալի են դարձել օտարածին տարրեր: Հայ երաժշտական գործիչները մասնակցում է միջազգային տարբեր մրցույթների` պատվով ներկայացնելով Հայաստանը:
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը
Հ.Բադալյան, Ռ. Մաթևոսյան և Գ. Բադալյան Հորովել.
Ջ.Գասպարյան և Ջ. Գասպարյան Կրտսեր
Թար. Հակոբ Խալաթյան. Մշո Անտունի
Ջութակ. Կարապետ Հայրապետյան. Ընտրանի
Դհոլ.Զևա Գաբոյան և Հայկ Մանասյան
Ա.Խաչատուրյան. Ջութակի կոնցերտ
Արամ MP3, Իվետա Մուկուչյան. Դաշտերով լեռներով
Պատարագ – հատվածներ
«Սուրբ Սուրբ» – Կատարում է Լուսինե Զաքարյանը
Աշուղների երգեր («Սայաթ-Նովա» անսամբլ)
«Կոմիտաս» քառյակի կատարումներից
Հայկական քանոն . Հասմիկ Լեյլոյան. «Էքսպրոմտ»
Առնո Բաբաջանյան . Նոկտյուրն
(կատարում է հեղինակը)
Քանի վուր ջանի. «Կադանս» անսամբլի կատարում
Հայկական ջազ` ընտրանի . մաս 1
Հայկական ջազ` ընտրանի . մաս 2
Սեդա և Շառլ Ազնավուր – Ջան իմ Յարը
Մ.Ահարոնյան «Սուրբերու աչքեր»