Հայկական լեռնաշխարհին բնորոշ են կլիմայական հակադրությունները, այստեղ հերթափոխվում են կլիմայի բոլոր տիպերը՝ մերձարևադարձայինից մինչև հավերժական ձյան և սառցի կլիման: Կլիմայի բազմազանությունը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով, մթնոլորտի շրջանառության առանձնահատկություններով, ռելիեֆի բնույթով, Միջերկրական, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների մոտիկությամբ:
Լեռնաշխարհը գտնվում է մերձարևադարձային զոնայում և արևոտ է: Արևափայլքի միջին տարեկան տևողությունը 1600—2800 ժամ է, անարև օրերի թիվը՝ 15—80 օր: Բարձրավանդակի կենտրոնական մասում, 900 մ բարձրության սահմաններում, մակերևույթի վրա արեգակնային ճառագայթման միջին ուժգնությունը րոպեում՝ 1,35, իսկ 3200 մ-ի վրա 1,57 կալ/քառ.սմ է, առավելագույնը՝ 1,70 կալ/քառ.սմ: Ճառագայթային էներգիայի հաշվեկշիռը մինչև 3800—4000 մ բարձրությունները դրական է, ավելի վեր՝ բացասական:
Հայկական լեռնաշխարհի կլիման հիմնականում ձևավորվում է բարեխառն լայնությունների օդային զանգվածների ազդեցության տակ: Ձմռանը գերակշռում են մթնոլորտային բարձր ճնշման գոտու հյուսիս-արևելյան լեզվակները և արևմտյան ցիկլոնները: Հունվարի միջին ջերմաստիճանը 4°C-ից մինչև – 15°C է, նվազագույնը՝ մինչև —46°C (Կարս): Ամռանը Հայկական լեռնաշխարհի կլիման ձևավորվում է Առաջավոր Ասիայի ջերմային դեպրեսիայում, արևադարձային օդի պայմաններում: Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին 4° C -ից 28°C է, առավելագույնը՝ մինչև 45°C: Տարվա ցուրտ կեսին լեռնաշխարհի վրա ձևավորվող Կարսի անտիցիկլոնի քամիներն ուղղվում են դեպի շրջակա ծովերը, ամռանը՝ ընդհակառակը, ծովերից դեպի ցամաք: Ձմռանը գոգավորությունների հատակում գերակշռում են թույլ քամիներով անհողմ եղանակներ:
Քամիների առավելագույն արագությունը դիտվում է լեռնանցքներում և բարձրլեռնային գոտում (7—9 մ/վրկ): Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիները և առավելագույն ուժի (մինչև 15—20 մ/վրկ) հասնում կեսօրից հետո:
Տարեկան տեղումները Պոնտական և Տավրոս լեռների համապատասխան լանջերին 1000—3000 մմ են, միջլեռնային իջվածքների ցածրադիր և նախալեռնային մասերում (Միջին Արաքսյան գոգավորություն)՝ 200—300 մմ: Կոշտ տեղումների տեսակարար կշիռը ավելանում է ըստ բարձրության: Միջին և բարձրլեռնային գոտիներում ձևավորվում է հաստատուն ձյունածածկույթ: Ցածրադիր գոտում ձյունածածկույթ օրերի թիվը 0—10 է, բարձրլեռնային գոտում՝ ավելի քան 150: Ձյան շերտի հաստությունը համապատասխանաբար 5 սմ-ից մինչև 2 մետր և ավելի է: Ձյան կլիմայական սահմանն ընկած է ավելի քան 4200 մ բարձրության վրա, լեռնագրական սահմանը՝ 3200 մ և ավելի բարձր:
Առավելագույն տեղումները լեռնաշխարհի մեծ մասում դիտվում են գարնան երկրորդ կեսին (մայիսին): Բարձրավանդակում խոնավ մերձարևադարձային կլիմա ձևավորվում է Պոնտական ն Տավրոսի լեռների ծովահայաց լանջերին, չոր մերձարևադարձային՝ ներքին շրջանների գոգ-հովիտների ցածրադիր և նախալեռնային մասերում մինչև 1000—1200 մ բարձրությունները (Արաքսի, Կուրի, Եփրատի հովիտներում, Ուրմիա և Վանա լճերի ավազանների ցածրադիր մասերում), որտեղ օղի միջին տարեկան ջերմաստիճանները լինում են 12—14°C, հունվարինը՝ 16 C ից մինչև -5°C, հուլիսինը՝ 24°-ից 27°C, նվազագույնը՝ -35°C, առավելագույնը՝ 45°C:
Ձմեռը բարձրլեռնային գոտում տևական է՝ հաստատուն և խոր ձյունածածկույթով: Այդտեղ հաճախ են ձնաբքերն ու մառախուղները: Պարզկա գիշերների շնորհիվ գերիշխում են չոր սառնամանիքային եղանակները: Ամառները կարճատև են, զով եղանակների գերակշռությամբ, ամպամած և անձրևային օրերի առավելագույն թվով:
Միջին լեռնային գոտում կլիմայական եղանակները համընկնում են տարվա եղանակների հետ: Ձմռանը չափավոր ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանները տատանվում են -5° C-ից -9° C -ի սահմաններում, նվազագույնը՝ -35°C: Անսառնամանիք ժամանակի տևողությունը 150—200 օր է, ձյունածածկույթը, նայած ռելիեֆի բնույթին, լինում է 30—150 սմ: Մի քանի բարձր լեռնագագաթներ (Արարատ, Սիֆան, Նեմրութ, Արագած) ունեն հավերժական ձյան և սառույցի դաշտեր: