Հայկական լեռնաշխարհում ճարտարապետության պատմությունը սկսվում է նոր քարի դարից, երբ հնադարյան մարդը, դուրս գալով քառայրերից` կսկսել է կառուցել արհեստական կացարաններ: Ճարտարապետության զարգացման համար հիմնարար նշանակություն է ունեցել «նեոլիթյան հեղափոխության» ժամանակաշրջանը: Վաղ բրոնզե դարում հանդես է գալիս կացարանը, առաջացել է հայկական ժողովրդական բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպը: Երևան են գալիս նաև հնագույն քաղաքային տիպերը, շինարարական տարբեր ոճեր, պաշտամունքային և այլ նշանակության օբյեկտներ:
Հայկական լեռնաշխարհում վաղ հին քարի դարի աշելյան շրջանից սկսած մարդը որպես կացարան օգտագործել է քարայրերը, որոնք ավելի ուշ՝ վաղ հին քարի դարի վերջում և ուշ հին քարի դարում լրացվել են արհեստական հնագույն շինվածքներով (Երևան՝ 1-ին քարայր, Ղարաղաշ՝ Արածանիի հովտում)։ (Տես.՝ Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում)
Ճարտարապետության զարգացման համար հիմնարար նշանակություն է ունեցել «նեոլիթյան հեղափոխության» ժամանակաշրջանը, երբ հայտնագործվել են կավաշաղախի կապակցող հատկությունները, ստեղծվել է առաջին արհեստական շինանյութը՝ հում աղյուսը, իսկ քարայրը, որպես հիմնական կացարան իր տեղը զիջել է բացօթյա բնակարաններին։ Սկսվել է ճարտարապետության արագընթաց կատարելագործում, որը Հայկական լեռնաշխարհում առայժմ վկայված է Արղանա ավանի մոտ (այժմ՝ Թուրքիայում)՝ Չայոնու-Թեփեսի բնակավայրի (մ․ թ․ ա․ VIII հազարամյակ) պեղումներով։ Վերջինիս ճարտարապետական զարգացման համեմատաբար բարձր մակարդակը շեշտվում է ստանդարտ ձևերի կառույցների առկայությամբ․ բացվել են շինարարական տարբեր տեխնիկաների կիրառությամբ կառուցված ուղղանկյուն հատակաձևով բնակելի և տնտեսական շինությունների չորս տիպ։ Այսպիսով Հայաստանում հաստատագրվում է գործառական սահմանափակ, մասնագիտացված նշանակության կառույցների հատուկ ձևերի ստեղծման հնագույն փաստերից մեկը։
Հայկական լեռնաշխարհում, ներառյալ մ․ թ․ ա․ IV հազարամյակի 1-ին կեսը, զարգացել են նեոլիթյան և էնեոլիթյան վաղ երկրագործական մի շարք հնագիտական մշակույթներ, որոնց ուսումնասիրությամբ վերակազմվում են ճարտարապետական տարբեր ավանդույթներ։ Այդ ավանդույթների բազմապիսի յուրահատկությունները հիմնականում դրսևորվել են բնակավայրերի կառուցապատման եղանակների և բնակարանաշինության (շինանյութեր, հատակաձևեր, տան առանձին բջիջների դասավորություն, ներքին և արտաքին ծավալների կազմակերպում) մեջ։ Լեռնաշխարհի հյուսիսում բացարձակապես գերիշխողը հում աղյուսից կառուցված շինությունների կլոր հատակաձևն էր, իսկ հարավում և հարավ-արևելյան ծայրամասերում՝ քառանկյուն տների կառուցման ավանդույթը։ Արարատյան դաշտում տարբեր ժամանակաշրջաններում այդ ավանդույթները փոխարինել են մեկը մյուսին։
Մ․ թ․ ա․ III հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհը ամբողջությամբ ընդգրկվել է մշակութային մեկ ընդհանրության մեջ, որի միջուկը վաղ բրոնզի դարի շենգավիթյան մշակույթն է (Տես. Բրոնզեդարյան քաղաքակրթությունը Հայկական լեռնաշխարհում): Վերջինիս բնորոշ է ճարտարապետության ֆունկցիոնալ ճյուղավորման խորացում, ճարտարապետական նոր ձևերի առաջացում։ Տոհմական համայնքների բնակավայրերի կողքին առաջացել են քաղաքային քաղաքակրթության տարրեր կրող հնագույն նախաքաղաքներ։ Բնաաշխարհագրական տարբեր միջավայրերում կազմավորվել են յուրահատուկ հարթավայրային և լեռնային տիպերի բնակավայրեր։ Արմատապես փոխվել է բնակարանաշինությունը։
Շենգավիթյան մշակույթի ժամանակագրական սահմաններում ավարտվել է կլոր հատակաձևի կիրառումը, որը վերջնականապես փոխարինվել է քառանկյուն կառույցներից կազմված բնակելի համալիրներով։ Առաջացել են հայկական ժողովրդական բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպը, տանիքը կրող բազմասյուն կառուցվածքներ, տների երկհարկայնություն։ Երևան է եկել մոնումենտալ ճարտարապտություն, որի հնագույն հուշարձաններն են պաշտամունքային (Մոխրաբլուր) և ամրոցաշինական կառույցները։
Պաշտպանական հնագույն համակարգերը ձևավորվել են դաշտավայրային շրջաններում, կառուցվել են հում աղյուսից (Ցանիք-Թեփե, Մոխրաբլուր, Շրեշ-բլուր ևն), այնուհետև տարածվել են նաև լեռնային գոտում, կառուցվելով հսկայական անմշակ ժայռաբեկորներից՝ «կիկլոպյան» տեխնիկայով (Գառնի, Ձյանբերդ ևն)։
Մ․թ․ա․III հազարամյակի 2-րդ կեսին Հայկական լեռնաշխարհի մշակութային միասնությունը տրոհվել է։ Հարավ-արևմուտքում վաղ բրոնզի դարի վերջին փուլում շարունակվել է քաղաքային մշակույթի զարգացումը, որի հանգուցային ճարտարապետական հուշարձանը Նորշուն-Թեփեի պալատական կամ տաճարային համալիրի մառաններն են։ Լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային մասում նկատվում է նստակյաց կյանքի անկում, ուստի ճարտարապետական հուշարձանները մինչև մ․ թ․ ա․ II հազարամյակի կեսը ներկայանում են ոչ թե բնակավայրերով, այլ դամբարաններով։
Այդ ժամանակաշրջանի իշխանական դամբանաբլուրները հսկայական կառույցներ են մինչև 150 մ² մակերես ունեցող գերանածածկ դամբանասրահներով, ծածկված մի քանի հազար մ³ ծավալով թմբերով։ Սալային «կեղծ թաղ», հարթ կամ երկթեք ծածկ ունեցող փոքր ծավալի քարաշեն դամբանասրահների հոծ ու կանոնավոր դասավորության դեպքում առաջանում էին «մեռյալների քաղաքներ», որոնց լավագույն օրինակը Զորաքարն է Սիսիանի մոտ։
Մ․թ․ա․ II հազարամյակի 3-րդ քառորդում համատարած կայունացել է Հայաստանի բնակչության նստակեցությունը։ Սկսվել է Հայկական լեռնաշխարհի վաղ քաղաքային մշակույթի ձևավորման երկրորդ փուլը։ Լեռնաշխարհի արևմտյան կողմը ընդգրկվել է խեթական թագավորության, իսկ հարավային` Միտաննիի պետության սահմաններում։ Իշուվա պետությունում (Խարբերդի դաշտ) իշխել են խեթական ճարտարապետական ավանդույթները, որոնց ազդեցությունը հասել է մինչև Արարատյան դաշտ։
Մ․թ․ա․II հազարամյակի 2-րդ կեսին և I հազարամյակի սկզբին Կուրի և Արաքսի միջագետքի առավելապես զարգացած շրջաններում առաջացել են տասնյակ հեկտարների մակերես զբաղեցնող հնագույն քաղաքներ, խոշոր ժայռաբեկորների օգտագործմամբ «միդիս» շինարարական տեխնիկայով կառուցված պարիսպներով, հզոր միջնաբերդերով, լայն ու նեղ փողոցներով (Լճաշեն, Լազարավան, Մոտկանբերդ ևն)։ Քաղաքների կենտրոնում գտնվում է հասարակական – պաշտամունքային կենտրոնը, շատ հաճախ` գլխավոր տաճառով: Նոր որակի է հասել դամբարանային ճարտարապետությունը, ուր նկատելի են ճարտարապետության և քանդակի սինթեզի փորձեր (Շամիրամ, Մեծամոր ևն)։
Հայկական պետական հնագույն կազմավորումների հետ զուգահեռ զարգանում է նաև քաղաքաշինությունն ու ամրոցաշինությունը: Մ.թ.ա II հազարամյակի երկրորդ կեսին Եփրատ գետի ակունքներում գոյություն ունեցող Հայասա ցեղային միությունը խեթական արձանագրություններում բնութագրվում է որպես «բազմաթիվ քաղաքների երկիր», հայտնի էր նաև իր Անի – Կամախ ամրոց-մայրաքաղաքով: