Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին: Այնուամենայնիվ, գիտական հետազոտությունները վկայում են, որ հայ ժողովրդի ծագումը համապատասխանում է Մովսես Խորենացու տարեգրությանը:
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում չէր ասվում թե հայերի նախահայր Հայկի հայրը ով է։ Հետագայում հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակով թվագրվող մի շումերաքադդական սեպագիր արձանագրություն, որտեղ ասվում է, որ Հայկը «Այ»-ի որդին է։ Այը եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։ Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները: Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա – Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. 20-18-րդ դարերին։
Ըստ Խորենացու՝ մ.թ.ա 2492 թվականի օգոստոսի 11-ին Հայկը պարտության է մատնում Միջագետքի տիրակալ Բելին և վերահաստատում իր անկախությունը: Այդ օրվանից է մեկնարկում Բուն հայոց տոմարը:
Հունական ավանդազրույց
Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր «Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային:
Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական հավաստի տեղեկություններ չկան: Ենթադրվում է, որ առասպելը ծագել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ:
Վրացական ավանդազրույց
XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի «Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում: Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին: Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը: Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան: Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն:
Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ: Ենթադրվում է, որ ավանդությունը գրի է առնվել Վրաց Բագրատունիների՝ Հայաստանի նկատմամբ հավակնությունների օրինականացման նպատակով:
Արաբական ավանդություն
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։
Հինեբրայական (հրեական) ավանդություն
Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (մ.թ.ա. I – մ.թ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։