
Հայկական կրկեսն ունի դարերի պատմություն: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում համամարդկային մշակութային ժառանգության շրջանակներում` ունենալով զարգացման ինքնատիպ պատմություն` լի անկումներով և վերելքներով:
Հայաստանը կարող է համարվել կրկեսի հայրենիքներից մեկը: Մատենագրության տվյալները և ավանդված իրողությունները հայկական հին ու միջնադարյան կրկեսը ներկայացնում են շրջիկ թատրոնի տեսքով: Միջնադարում կրկեսը եղել է նաև ուժային ցույցերի, կոփամարտի և ըմբշամարտի վայր: Կիլիկյան աղբյուրներում տեղեկություններ կան հեծելախաղային կրկեսի մասին:
Կրկեսը, որպես խաղային բանահյուսության և խորհրդապաշտական արվեստի հնագույն ձևերից, հայ միջնադարում եղել է թատրոնի ամենաընդունված տեսակը և կոչվել «թատր» կամ «թէատրոն»։ Մատենագրական տվյալները և ավանդված իրողությունները հայկական հին ու միջնադարյան կրկեսը ներկայացնում են շրջիկ թատրոնի տեսքով։ Այն լարախաղացության մեջ դրսևորվել է իր իմաստաբանության և գեղագիտության բոլոր գծերով։ Լարախաղացությունն ավելի շոշափելի պատկերացում է տալիս այն կրկեսի մասին, որի ակնհայտ հետքերը կան միջնադարյան բազում մանրանկարներում։
1846-ին Կ.Պոլսում բացված հայկական կրկեսը կոչվել է «Արամյան թատրոն»` ունենալով միաժամանակ կենտրոնացույց ու հայելակամար, էքսցենտրիկ երաժշտա-դրամատիկական բնույթ։ Կրկեսային բաժինը կազմված էր ուժային, զարմանք ու վախ ազդող ցույցերից, տեխնիկապես բարդ ու թատերասյուժետային լարախաղերից (պար, մենամարտ, հրդեհ, խնջույք լարի վրա)։ «Արամյան թատրոն»–ը գործել է 20 տարի, մինչև 1866-ի վերջը, որպես առաջին և իր շրջանում միակ պրոֆեսիոնալ կրկեսը Մերձավոր. Արևելքում։
Դարերից եկող ազգային կրկեսային կատարողական լավագույն ավանդույթներն իրենց զարգացումն են գտել Խորհրդային Հայաստանում։ 1930-ական թվականներին Երևանում եղել է ժամանակավոր կրկեսի փայտաշեն շենքը, որի տեղը 1939 թվականին կառուցվել է նորը, իսկ 1962-ին` վերակառուցվել է: Կրկեսի հայ արտիստները` մինչև 1956 թվական հանդես են եկել ԽՍՀՄ պետականն կրկեսների կենտրոնական վարչության համակարգի տարբեր կոլեկտիվներում: 1956-ին, հայկական արվեստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկական կրկեսի կոլեկտիվը (1961-ից՝ «Երևան»), որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչված էկվիլիբրիստ Վ. Արզումանյանը։ Կոլեկտիվի առջև դրված էր ազգային ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը: Խորհդրային տարիներին բուռն զարգացում են ապրել հայկական կրկեսի բոլոր ավանդական ճյուղերը, բոլոր ժամանակակից ժանրերը: Բազմաթիվ անհատ արտիստներ և նույնիսկ արտիստների ընտանիքներ հայտնի են դարձել ամբողջ աշխարհով` ակրոբատիկա, կենդանիների վարժեցում:
Հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը ստեղծել է ՀԽՍՀ ժողովրական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լեոնիդ Ենգիբարյանը։ Նա ստեղծել է ավանդական ծաղրածուի դիմակ՝ մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ, բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն։ Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին։ Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր, և նա ստեղծել է իր՝ ենգիբարյանական մնջախաղը։
Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն իր բացասական ազդեցություն է ունեցել հայկական կրկեսի վրա: Տարիների ընթացքում ոչ միայն պակասել է Երևանի պետական կրկեսի խաղացանքը, այլ` 2014 թվականին այն զրկվեց շենքից` վերակառուցման նպատակով:
1990-ականներից առավել ընդլայնվել է կապը արտասահմանյան կրկեսների հետ. փոխադարձ հյուրախաղերով ելույթներ էին ունենում հայ և օտար կրկեսների արտիստները: Հայկական արդի կրկեսը փորձում է պահպանել խորհրդային տարիների ավանդույթները, միաժամանակ` փոխառնելով նաև միջազգային փորձը: Աշխարհի տարբեր կրկեսներում հանդես են գալիս բազմաթիվ հայ արտիստներ:
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը
Լ.Ենգիբարով. Մեդալներ
Հայկական կրկեսը Պրահայում (1963թ)
Սոս Պետրոսյան