OST Armenia
  • Welcome to the official site of the Non – Governmental Organization “Cultural center of the East”.
  • Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:
  • Добро пожаловать на официальный сайт ОО «Центр Культуры Востока».

Հայաստանի Հայրապետություն

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ), կարճ` Հայաստան, պետություն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում: Հանրապետությունը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում` զբաղեցնելով պատմական հայրենիքի միայն 1/10-ը:

Հանրապետությունը Հայաստանում հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին: 1920 թվականին Հայաստանը հռչակվել է խորհրդային սոցիալիստական հանրապետություն: 1990 թվականի օգոստոսի 23-ին խորհրդարանը հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախության մասին, որը հաստատվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով:

Հյուսիսից Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային։ Ելք դեպի ծով չունի:

Տարածքը 29743 քառ. կմ է (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին):

Բնակչությունը` 3.2 մլն.մարդ (ըստ մշտական բնակչության ցուցանիշի), 3.0 մլն. մարդ (ըստ առկա բնակչության ցուցանիշի):

Մայրաքաղաքը` Երևան  (համայնքի կարգավիճակով)

1991թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ
1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ
2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ
2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ
2015 թ.-ի հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ


Պետական կառուցվածք

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։

 ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005 թ. նոյեմբերի 27-ի և 2015 թ. դեկտեմբերի  6-ի համաժողովրդական հանրաքվեների արդյունքում: 2018-ից Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևի:

 Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը Նա հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով՝ Ազգային ժողովի ընտրիչների կողմից: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ,  իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

 Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Խորհրդարանը կազմված է հարյուր մեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով  խորհրդարանում տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար:

Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Այն պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

 Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այն կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա:

 Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:

  ra-govՀայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում է նաև վարչական դատարանը, օրենքով կարող են նախատեսվել այլ մասնագիտացված դատարաններ։

 Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։

Մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:  Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, ով հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպություններից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:  ՄԻՊ-ին ընտրում է Աժ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով։

Վարչատարածքային բաժանում

 Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է 10 մարզերի: Մարզերը իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում է 915 համայնք, որոնցից 49 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ և 12 վարչական շրջաններ՝ Երևան քաղաքում։ ՀՀ-ում կա 949 գյուղ: Երևանը ունի առանձին համայնքի կարգավիճակ` իր 12 վարչական շրջաններով:

Հայաստանի Հանրապետություն. Վարչատարածքային բաժանում    Հայաստանի Հանրապետության մարզերն են.
Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք,
Լոռի, Կոտայք, Շիրակ, Uյունիք, Վայոց ձոր, Տավուշ

Մանրամասն`ՀՀ Վարչատարածքային բաժանում→


Հայաստանի Հանրապետության դրոշն ու զինանշանը 

ra-flagՀՀ դրոշը պետական խորհրդանշաններից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։

Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։

1992 թվականին որպես պետական զինանշան վերականգնվեց Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Հայաստանի Հանրապետության պետական օրհներգ

Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:

Աշխարհագրություն

 Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Ասիայի արևմտյան մասում: Գրավում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածը` Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև (Կուր և Արաքս գետերի միջին հոսանքների միջգետային տարածքը): Ընդհանուր տարածքն ընկած է հյուսիսային լայնության 38° 50′ – 41º 18′ -ի և արևելյան երկայնության 43º 27′ – 46º 37′ -ի միջև:

 Երկրի տարածքի 68.9%1-ը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 11.2%1-ը` անտառային, 11.1%1-ը` հատուկ պահպանվող տարածքների և 8.8%1 -ը` այլ հողերը: ՀՀ տարածքի 36.4%-ը լեռներն են, բարձ- րավանդակներն ու այլ հողերը:

Ամենաերկար ձգվածությունը հյուսիս – արևմուտքից հարավ-արևելք 360 կմ է, իսկ արևմուտքից արևելք` 200 կմ: Միջին բարձրությունը ծովի մակերևույթից` 1800 մ: Երկրի տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա: Լեռները և բարձրավանդակները զբաղեցնում են տարածքի 36.4 %-ը:

Ցամաքի ամենացածր կետը Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանն է` 375 մ
Ամենաբարձր կետը Արագած լեռան գագաթն է` 4090 մ

Ջրային պաշարներ` տարեկան` 8.5 մլրդ.խոր.մ, որից 6.54 մլրդ.խոր.մ` մակերեսային հոսք

Միջին ջերմաստիճանը`

հունվարին -2.3 C,
հունիսին +16.3 C

Տեղումների տարեկան միջին քանակը` 652.6 մմ

Կլիմա` Չոր, ցամաքային   Մանրամասն

 Բնակչություն

 2017 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ազգաբնակչությունը  կազմում է  շուրջ 2  986 500  մարդ։ Միջին խտությունը կազմում է 102 մարդ 1 քառ. կմ-ի վրա: Ամենախիտ բնակեցվածը Երևանն է (4754 մարդ/քառ.կմ):

Քաղաքային բնակչությունը կազմում է 63.3 %-ը, որի գերակշիռ մասը` (55.5 %) մայրաքաղաքում: Հայաստանի խոշոր քաղաքմերն են Գյումրին և Վանաձորը:

Բնակչության միջին տարիքը կազմում է 35.5 տարեկան: Կանանց թվաքանակը կազմում է 1 մլն 571 հազար, իսկ տղամարդկանցը` 1 448 հազար  (52/48):

Բնակչության 96%-ը հայեր են։ Ազգային փոքրամասնությունների հիմնական մեծ խմբեր են կազմում ռուսները, եզդիները, քրդերը, ասորիները, հրեաները, հույները, վրացիները, պարսիկները, ուկրաինացիները և այլն:

Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է: Բնակչության մոտ 94 %-ը տոկոսը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Կրոնական փոքրամասնությունների թվում են.

կաթոլիկներ, մոլոկաններ, ռուս ուղղափառներ, ավետարանականներ, բապտիստներ, հոգեգալստականներ, խարիզմատական քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, եզդիներ, հուդայականներ, սուննի մուսուլմաններ (հիմնականում՝ քրդեր) և շիա մահմեդականներ։

Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 66 կրոնական համայնք:

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի դրույթներին համաձայն որպես երկրորդ լեզու է ճանաչվել ռուսերենը:   Մանրամասն→

Մշակույթ

Հայաստանը հաճախ անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Զբոսաշրջիկները Հայաստանի ողջ տարածքում կարող են գտնել մոտ 4.000 պատմական հուշարձան, որ ընդգրկում են երկրի պատմության տարբեր դարաշրջանները` նախապատմական շրջանից մինչև հելլենիստական, և վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից մինչև միջնադարյան: Դարեր շարունակ հայերը ստեղծել են իրենց գլուխգործոցները խաղաղության և հարաբերական բարգավաճման հազվադեպ ժամանակաշրջաններում: Միայն Երևանում կան գեղարվեստի ավելի քան 40 թանգարաններ և պատկերասրահներ:

UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Հայաստանի Հանրապետութունը ներկայացնում են.

Սանահին և Հաղպատ վանական համալիրները

– Էջմիածնի Մայր տաճառն ու եկեղեցիները (սբ.Հռիփսիմե, սբ.Գայանե, Զվարթնոց)

– Ազատ գետի վերին հոսանքի ավազանն ու Գեղարդի վանքը

UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ոչ նյութական ժառանգության ցուցակում են գրանցված ազգային «Սասնա ծռեր» էպոսը, հայկական խաչքարերի պատրաստման վարպետությունը, ազգային դուդուկն ու այդ գործիքի կատարուըմները, ազգային հացի` լավաշի պատրաստումը:

Տնտեսություն

ra-dramՀայաստանը արդյունաբերաագրարային երկիր է: Հայկական տնտեսությունը 2016 թ. ավարտել է ՀՆԱ 3,2% աճով և 3% գնաճով:

Գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ 21,1% -ը, արդյունաբերությունը` 37,7%, ծառայությունների ոլորտը` 41,2%:

Հայաստանում աշխատուժի 19,1%-ը գործազուրկ է:


Վեբ դոմեն` .am,

ISO – ARM,

Հեռախոսային կոդ` +374

Ժամանակը` Գրինվիչի ժամանակին +4 ժամ

© "Cultural Center of the East" NGO; Yerevan 2014-2017