Հայ հին առասպելներն ավանդվել են գրավոր՝ պատմական զրույցների, ավանդությունների և վիպական երգերի տեսքով։ Պահպանվել են նաև հին ու նոր ժողովրդական վեպերի, հեքիաթների, ավանդությունների, հանելուկների և երգերի մեջ։ Հնագույներն են Հայկի, Արամի, Արա Գեղեցիկի, Անգեղյա Տորքի, Արտավազդի, Վահագնի, Տիգրանի և Աժդահակի, Երվանդի և Երվազի, վիշապների և վիշապազունների մասին վիպվող զրույցներն ու երգերը, որոնց մեջ հին առասպելական կերպարները վիպականացվել են, պատմականացվել, դարձել հայ ցեղի նախնիներ, արքաներ, արքայազուններ կամ նրանց օտար հակառակորդներ։
Հայկական հին առասպելները կառուցված են դասական առասպելաբանությանը յուրահատուկ երկհակադրության սկզբունքով, հակոտնյա կերպարների հակադրության և պայքարի վրա․ դրական կամ բարի սկզբունքը մարմնավորում են յուրային հերոսները, բացասականը՝ օտար ու չար հակառակորդները։ Այդ հակադրությունն ու պայքարը ավարտվում է մեծ մասամբ յուրայինի, բարու հաղթանակով և օտարի, չարի պարտությամբ։
Հայկական ցեղի առասպելական նախնու՝ Հայկի վիպական պատմության ընդերքում ընկած է խավարն ու տիեզերական խառնաշփոթությունը խորհրդանշող՝ բռնակալ Բելի դեմ աստեղային հերոս, առասպելական որսորդ, աղեղնավոր Հայկի մղած պայքարի առասպելը։ Հայկը դարձել է հայկական ցեղի, երկրի հիմնադիր, անվանատու նախնի, իսկ նրա հակառակորդ Բելը՝ հայրենի երկիրը խուժած բաբելոնացի բռնակալ։ Հայկը կռվով ելնում է Բելի դեմ, սպանում նրան, ապահովում իր ցեղի ու երկրի գոյատևումը։ Հայկը Օրիոն համաստեղության հայկական անվանումն է, Բելը՝ արևմտյան սեմական ցեղերի գերագույն աստծու։
Հայկական ցեղի երկրորդ անվանատու նախնին է Հայկի տոհմից սերված առասպելական Արամը (թերևս ծագած նախահայկական արիմ ցեղանունից) ։
Մեռնող-հառնող երիտասարդ աստծու առասպելն է մարմնավորում Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմականացած զրույցը։
Վիշապների դեմ մղված ամպրոպային աստծու տիեզերական կռվի վաղնջական առասպելն իր տարբեր արտահայտություններն է գտել հայ հնագույն «Վիպասանք» կամ հատկապես՝ Տիգրանի և Աժդահակի, վիշապաքաղ Վահագնի, Արտավազդի և վիշապազունների մասին երգվող ու վիպվող դրվագներում։ Հայոց ամպրոպային աստված Վահագնը ծնվում է Երկնքի ու Երկրի և ծիրանի ծովի երկունքից, ծովում բոցավառվող եղեգնի փողից։ Ծնվելուն պես նա շտապում է տիեզերակործան վիշապների դեմ կռվելու։
Տիգրանի և Աժդահակի վիպական դրվագներում ամպրոպային աստվածը պատմականացել է, դարձել հայոց Տիգրան թագավոր, իսկ նրա հակառակորդ վիշապը՝ թշնամի Մարաստանի Աժդահակ (վիշապ) թագավոր։
Վահագնը ևս պատմականանալով՝ դարձել է Տիգրանի երրորդ զավակը, իսկ մեկ այլ առասպելում՝ հայոց ազգի նախնի, որ գողանում է ասորեստանցիների նախնի Բարշամի հարդը՝ դրա հետքը ընդմիշտ դաջված թողնելով երկնքում (այստեղից էլ՝ «հարդագողի ճանապարհ»)։(Տես նաև՝ Երվանդունիների թագավորությունները Հայաստանում)
Ժայռում կամ ջրերում արգելափակված հերոսի առասպելաբանական սյուժեի տարբեր դրսևորումներն են Մասիսի վիհում Արտաշեսի որդի Արտավազդի կամ վերջինիս որդի Շիդարի, Դավթի որդի Փոքր Մհերի («Սասնա ծռեր» վեպում), ջրերի խորքում Երվանդի՝ վիշապներից կամ քաջքերից բանտարկվելու վիպական զրույցները։ Սրբազան երկվորյակների վաղնջական պաշտամունքի և առասպելի տարբեր արտահայտություններ են Երվանդի և Երվազի, Սարասարի և Ադրամելիքի («Սասնա ծռերում»՝ Սանասարի և Բաղդասարի), Մամիկի ու Կռնակի, Դեմետրի և Գիսանեի պամականացած ու վիպականացած զրոույցւները։
Մի շարք առասպելներ պահպանվել են նաև բանավոր ավանդությամբ։ «Սասնա ծռեր» վեպում պահպանվել են հայոց երկնային լույսի և արեգակի աստված Միհրի անունը (Մեծ և Փոքր Մհեր) և առասպելաբանական մոտիվները (Մեծ Մհերի առյուծ սպանելը, Փոքր Մհերի ժայռում փակվելը, առանձին տոների՝ նրա ժայռից դուրս գալը) ։
Բազմաթիվ ավանդական զրույցներ կան Արևի և Լուսնի, Արևամանկան և Արևամոր, համաստեղությունների (Մեծ արջ, Ծիր Կաթին), ջրի և հրի, թռչունների (արագիլ, ագռավ, կռունկ, աղավնի, ծիծեռնակ), կենդանիների, բույսերի ծագման, անձնավորման, անունների ստուգաբանության վերաբերյալ։
Առասպելների հետ են զուգորդվում ավանդությունները` կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներն ու հուշապատումները՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Մեծամասամբ լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ պատմական անձանց որևէ արարք վիպող։ Ավանդություններին են հարում նաև սնահավատական զրույցները (կոչվել են նաև «բան», «բանս»), ժողովրդական հավատալիքների հիման վրա ձևավորված մանրապատում-հուշապատումները (գերբնական էակների, ոգիների մասին) ընկալվում են իբրև եղելություններ՝ կատարված հաճախ զրույցը պատմող ականատեսի հետ։