Արարատի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում, ամենամեծն է գյուղական բնակչությամբ: Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 7%-ը, իր մեջ ընդգրկում Արտաշատի, Արարատի և Մասիսի տարածաշրջանները: Մարզկենտրոնն է Արտաշատ քաղաքը:
Տարածքը 2096.0 քառ.կմ է
Բնակչությունը` 258.4 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)
Արարատի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին:
Անցյալում ընդգրկել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան Հայոց, Ուրծ, Արած գավառները և Մազազ գավառի մի մասը, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո’ Երևանի նահանգի մի մասը:
1918 – 1920 թթ Հայաստանի Հանրապետության՝ Երևանի նահանգի մասն է, ՀՍԽՀ տարիներին այստեղ էին Արարատի (մինչև 1968 թվականը – Վեդու), Մասիսի (մինչև 1953 թ.` Զանգիբասարի շրջան, 1953-1969 թ.-ին մտել է Էջմիածնի ու Արտաշատի շրջանների մեջ, 1969 թ.՝ վերակազմավորվել) և Արտաշատի շրջանները:
Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի կազմում, առաջնորդանիստը Երևանի Սբ Սարգիս եկեղեցին է:
Սահմանակից է Երևանին, ՀՀ Արմավիրի, Կոտայքի (հյուսիսում), Գեղարքունիքի (արևելքում) մարզերին, պետական սահմանով՝ Թուրքիային (արևմուտքում) և Նախիջևանի Հանրապետությանը (հարավում):
Աշխարհագրություն
Արարատի մարզի հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը: Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է: Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով: Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածն է: Արևելքում Մժկատար լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան. սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։
Մարզի կենտրոնում Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։ Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։
Խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները` Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն: Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։ Ոռոգման աշխատանքները մարզում արդյունավետ կազմակերպելու նպատակով XIX- XX դարերում կառուցվել են Կախանովի և Արտաշատի ջրանցքները։ Ոռոգման սեզոնին ջրի պակաս է զգացվում առանձնապես Արարատի տարածաշրջանում: Ոռոգման ջրային ռեսուրսների պակասը լրացնելու նպատակով Արարատի տարածաշրջանում սկսվել են Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները: Մարզի տարածքում է գտնվում հանրապետության ոռոգման համակարգի կարևոր կառույցներից մեկը` Ազատի ջրամբարը` 70 միլիոն խ. մ ծավալով: Արարատի մարզում տարածված են ՀՀ-ում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները, բայց հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան (Գեղամա լեռնաշղթայի լանջերին)։
Կլիման ենթակա է վերընթաց գոտիականության,և այստեղ առկա են ՀՀ-ում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը: Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձրալեռնային շրջանների միջև տատանվում է +10°C-ի և -2°C-ի միջև: Հունվարյան միջին ջերմաստիճանն է այդ շրջաններում համապատասխանաբար -6°C և -12°C, հուլիսյան ջերմաստիճանը` +26°C և +8°C, միջին տարեկան տեղումները` 200մմ և 1000մմ: Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33°C և +42°C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում: Ընդհանուր առմամբ Արարատի մարզը աչքի է ընկնում կլիմայի չորությամբ:
Մարզի տարածքում է գտնվում Խոսրովի պետական արգելոցը (ծովի մակերևույթից 1 600 – 2 300 մ բարձրության վրա):
Այստեղ կան նաև հանքային ջրեր՝ Արարատ և Վեդի բնակավայրերում։ Մարզը հարուստ է ստորերկրյա քաղցրահամ ջրերով: Գրեթե անտառներ չկան՝ անտառապատ տարածքները կազմում են ընդհանուր հողերի 0.1%-ը: Առկա են տրավերտինի, ավազի, մարմարի և բազալտի հանքավայրեր։ Մետաղական հանածոների արդյունաբերական պաշարներ մարզում չկան:
Բնակչություն
Արարատի մարզը Հայաստանի համեմատաբար խիտ բնակեցված մարզերից մեկն է, բնակչության խտությունը կազմում է 124 մարդ/1ք.կմ (2-րդ տեղ՝ Արմավիրից հետո): Մարզում բնակվում է շուրջ 258.4 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 8.2%-ը:
Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով, կազմում է 72.7 հազար մարդ կամ 29.5%: Գյուղական բնակչությունը կազմում է 185.7 հազար մարդ կամ 70.5 %: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության նկատմամբ` 47.7%, իսկ կանայք` 52.3%-ը:
Բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ, ամենամեծ կուտակումները մարզում Արտաշատի և Մասիսի տարածաշրջաններում են: Գրեթե բոլոր բնակավայրերը գտնվում են մարզի հարթավայրային փոքր մասում: Լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:
Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Մարզը բնակչությամբ ներկայումս գրեթե միատարր է, հիմնականում բնակեցված է հայերով՝ 97.2%, ազգային փոքրամասնություններից մարզում ապրում են եզդիներ՝ 1.9%, ասորիներ՝ 0.6%, ռուսներ՝ 0.2%, ինչպես նաև հույներ, քրդեր: Ասորիները մեծ թիվ են կազմում հատկապես Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Եզդիների թիվը մեծ է Այնթապ, Մարմարաշեն, Մխչյան, Ռանչպար, Նորամարգ գյուղական համայնքներում:
Քաղաքային համայնքների թիվը` 4 համայնք /Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի/
Գյուղական համայնքների թիվը` 93 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 94 բնակավայր
Արարատի տեսարժան վայրեր
Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այստեղ հաշվառված է 906 հուշարձան, որոնցից 808-ը գտնվում է պետական պահպանման տակ:
Արարատում են գտնվում մի քանի վանական համալիր, պատմական Հայաստանի երկու պատմական մայրաքաղաքների՝ Դվինի և Արտաշատի քաղաքատեղիները, նշանավոր եկեղեցիներ, խաչքարեր, բնության հուշարձաններ, գյուղատեղիներ:
Առանձնակի պատմական արժեք են ներկայացնում Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող 10-15-րդ դարերի հնություն ունեցող Մանկուքի խաչքարերը և տապանաքարերը, ինչպես նաև քարանձավային գեղանկարները (մ.թ.ա..XIII- Xդդ.) և վիշապ-կոթողները (մ.թ.ա.III-II հազարամյակներ.),
Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ
Խոր վիրապ վանք (V-XVII դդ )
Դալարի Սբ Աստվածածին (1890) եկեղեցի
Հովհաննես Կարապետ վանք (1301, Ձնջռլու),
Գևորգ Մարզպետունու վանք (X-XIII դդ.),
Աղջոց վանական համալիր (XIII դ.)
Մրգավանի Սբ Հակոբ (XIX դ.) եկեղեցի
Հավուց Թառ վանական համալիր
Արգավանդի Սբ Սարգիս (XIX դ.) եկեղեցի
Կաքավաբերդ (Գեղիի կամ Քեղիի բերդ)
Վերին Արտաշատի Սբ Աստվածածին (XIX դ.) եկեղեցի
Արտաշատ պատմական մայրաքաղաքի ավերակներ
Դվին պատմական մայրաքաղաքի ավերակներ
Ուրծաձորի մենաստան և Ուրծօ քաղաքատեղի (IV-XVII դդ.),
Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը
ՀՀ Արարատի մարզը հանրապետության տնտեսապես զարգացած մարզերից է: Խորհրդային տարիներին ներկայիս Արարատի մարզն ընդգրկող քաղաքներում, շրջաններում առկա էր արդյունաբերական հզոր համալիր` որն ընդգրկում էր արդյունաբերության բոլոր ճյուղերը:
Անկախության տարիների ընթացքում մարզի արդյունաբերությունը ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների, չնայած առաջատար է մնացել գյուղմթերքների մշակող արդյունաբերությունը, զգալիորեն բարձրացել է սննդի արդյունաբերության տեսակարար կշիռը: Իրենց դիրքերը զիջել են մեքենաշինությունը և սարքաշինությունը: Մարզի արդյունաբերական համալիրում ըստ արտադրության ծավալի արդյունաբերության ներուժը կենտրոնացված է Արարատի տարածաշրջանում:
Մարզի տնտեսության ներկայիս հիմքը գյուղատնտեսությունն է: Այն հիմնականում մասնագիտացած է խաղողագործության, պտղաբուծության և բանջարաբուծության մեջ:
Արդյունաբերության առաջատար ուղղությունները սննդամթերքի, ներառյալ` խմիչքների, արտադրություններն են և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը: Մարզի բազմաճյուղ արդյունաբերության հիմնական և գլխավոր ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունը (մրգերի, բանջարեղենի վերամշակում և պահածոյացում, թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն), ծխախոտի արտադրությունը (ծխախոտի խմորում` ֆերմենտացիա) և ոչ մետաղական հանքային արտադրանքի արտադրություն (ցեմենտի, կրի, ասբոցեմենտային իրերի արտադրություն, քարի կտրում և վերամշակում): Մարզում զարգացած է նաև արդյունագործական ձկնաբուծությունը:
2017 թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 53.1%-ը: Աղքատության մակարդակը մարզի բնակչության 27.3 % է: Գործազրկության խնդիրը ավելի խիստ է քաղաքային համայնքներում:Մարզում կան 4 բժշկական կենտրոններ, 1 ծննդատուն, 1 առողջության կենտրոն, 4 բժշկական կենտրոններ, 50 բուժամբուլատորիաներ:
Կրթական համակարգում գործում են 78 մանկապարտեզ, 23 նախակրթարաններ, 112 հանրակրթական, 21 երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, 6 քոլեջ, 1 բարձրագույն ուսումնական հաստատություն` «Արտաշատ» համալսարանը, 1 պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական, 4 պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, 83 մշակույթի տներ ևն:
Արարատի մարզում այսօր գործում է 96 գրադարան, որից 86-ը` գյուղական, 6-ը` քաղաքային, 2-ը` մանկական, 1-ական` մարզային կենտրոնական եւ տարածքային կենտրոնական:
Տրանսպորտ և կապ
ՀՀ Արարատի մարզի տարածքով է անցնում Երևան–Երասխ երկաթուղին (95 կմ) և Երևան–Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, որը հանդիսանում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մի հատվածը:
Բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապն ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից: Բնակավայրերը 100%-ով ապահովված են բջջային և ինտերնետ ծածկույթով՝ օպտիկամանրաթելային և եթերային-շարժական, ինտերնետի որակը բավարար է:
Լարային հեռախոսակապ ապահոված է 4 քաղաքներում և 18 գյուղական համայնքներում համայնքներում: Այստեղ գործում են «Հայփոստ» ՓԲԸ-ի 95 փոստայինբաժանմունքներ:
Մարզի ամբողջ տարածքը ընդգրկվել է թվային հեռուստահաղորդումների ծածկույթում: Այստեղ հեռարձակվում են 8 հըանրապխետական և 1 տեղական նշանակության հեռուստատեսութուններ: Լույս են տեսնում «Արարատ» (1996-ից) մարզային պաշտոնաթերթը, «Արտաշատ» (1958) թերթը:
Հեռախոսային կոդեր՝ Վեդի – 234 Փոստային ինդեքսներ — 0601-0823
Արագածոտնի մարզպետարան Հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Արարատ – 238
Արտաշատ- 235
Մասիս- 236
էլ հասցե՝ ararat.mtad.am
էլ փոստ՝ ararat.qartughar@mta.gov.am
Հեռ./Ֆաքս՝`(010 )25-60-23, (0235) 2-52-16