Lեհաստանի վրա 1939-ի սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիայի հարձակումով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն ավարտվել է 1945-ի սեպտեմբերի 2-ին’ Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությամբ:
Թեև Երկրորդ աշխարհամարտն անմիջապես չի ընթացել Հայաստանի տարածքում, ավելի քան 600 հազար հայ մասնակցություն է ունեցել գրեթե բոլոր ռազմաճակատներում:
Առաջին աշխարհամարտում (1914- 1918) պարտված Գերմանիան, օգտագործելով Արևմուտքի երկրների, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև եղած հակասությունները և թողտվության քաղաքականությունը, վերականգնել է ռազմ, արդ-ը, իսկ 1933-ի հունվ. 30-ին իշխանության գլուխ անցած ֆաշիստ, կուս-ը Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ նախապատրաստվել է պատերազմի: 1936-ի նոյեմբ-ին Գերմանիան և ճապոնիան ստորագրել են համագործակցության պայմանագիր, որին 1 տարի անց միացել է Իտալիան: Ձևավորվել է Բեռլին-Հռոմ-Տոկիո առանցքը, որը պայքար է ծավալել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղ. տիրապետությունը չեզոքացնելու և աշխարհի նոր վերաբաժանման համար: Կարևոր խնդիր էր նաև ԽՍՀՄ-ի տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:
1939- ի օգոստ. 23-ին Մոսկվայում ԽՍՀՄ-ը և Գերմանիան ստորագրել են 10 տարի ժամկետով չհարձակման պայմանագիր, որն ուներ նաև գաղտնի արձանագրություն’ Արևելյան Եվրոպան ազդեցության գոտիների բաժանելու վերաբերյալ:
1939-ի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմի սկզբնական փուլում Գերմանիան գրավել է գրեթե ողջ Արևմտյան Եվրոպան, իսկ Խորհրդային Միությունն ընդարձակել է իր սահմանները (նվաճել է Արևմտյան Ուկրաինան, Արևմտյան Բելոռուսիան, Մերձբալթյան երկրները, Արևելյան Եվրոպայի այլ տարածքներ) և ուժեղացրել դիրքերը: ԽՍՀՄ-ը հյուսիս – արևմտյան սահմանների և Լենինգրադի (այժմ’ Ս. Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով 1939-ի նոյեմբերի 30-ին պատերազմ է սկսել Ֆինլանդիայի դեմ: 105-օրյա մարտական գործողությունների ժամանակ խորհրդ. զորքերը կորցրել են 333.084 մարդ (այդ թվում’ վիրավոր ու ցրտահարված), որից 126 հազար 875-ը’ սպանված: Պատերազմին մասնակցած 16 հազար հայերից շուրջ 2 հազարը զոհվել են:
1940-ի մարտի 12-ին Մոսկվայում կնքված պայմանագրով ավարտվել է Խորհրդա-ֆիննական պատերազմը, և պետ. սահմանն զգալիորեն հետ է տարվել’ ուժեղացնելով ԽՍՀՄ սահմանների անվտանգությունը: Բարելավվել է նաև Բալթիկ ծովի կողմից պետական սահմանների պաշտպանությունը: Խորհրդա-ֆիննական պատերազմի մասնակից 412 զինծառայողի շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, որոնց թվում’ 4 հայի:
1941-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ-ի հետ կնքած չհարձակման մասին պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու հարձակվել է Խորհրդ. Միության վրա: Սկսվել է խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը, որն ավարտվել է ԽՍՀՄ-ի հաղթանակով’ 1945-ի մայիսի 9-ին: Հարձակվելուց 6 օր առաջ’ հունիսի 16-ին, Թուրքիայի և Գերմանիայի միջև կնքված պայմանագրի համաձայն’ Գերմանիան և նրա դաշնակից Իտալիան իրավունք են ստացել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով իրենց ռազմանավերն անարգել մտցնելու Սև ծով: Այդ պայմանագրով Թուրքիան փաստացի դարձել է ֆաշիստական զավթիչների դաշնակիցը: 1942 թվականի աշնանը Թուրքիան Խորհրդային Միության հետ սահմանին ոչ միայն 26 դիվիզիա էր կենտրոնացրել, այլ 1941-ի նոյեմբերին Բոսֆորի նեղուցում խոցել է խորհրդային երկու ռազմանավ ՝ միաժամանակ անարգել թողնելով Սև ծով գործել գերմանական և իտալական նավերին: Ավելին՝ 1942-ի ամառը թուրք-խորհրդային սահմանին ակտիվ փոխհրաձգություն էր ընթանում, որը, թերևս, լուրջ ռազմական գործողությունների չվերաճեց: Միայն 1944-ի օգոստոսին Թուրքիան հայտարարել էր Գերմանիայի հետ բոլոր հարաբերությունների կասեցման մասին, և 1945-ի փետրվարին հայտարարել է Գերմանիային պատերազմ:
Պատերազմի սկսվելու պահին Կարմիր բանակում ծառայել է շուրջ 60 հազար հայ, որոնցից 40 հազարը’ Հայաստանից: Հետագա զորահավաքներով նրանց թվաքանակը հասել է շուրջ 500 հազարի (300 հազարը’ Խորհրդային Հայաստանից): Միայն ԼՂԻՄ- ից գործող բանակ է զորակոչվել 45 հազար հայ, որոնցից 22 հազարը զոհվել են: Իսկ Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ. 200 հզ-ը զոհվել են:
Ֆաշիզմի վտանգն ստիպել է Ի. Ստալինին դադարեցնել բռնությունները’ ժողովուրդներին պատերազմի մեջ ներգրավելու և վերացված ազգային զորամիավորումները վերականգնելու համար: Հայ ռազմիկներից կազմվել է ազգային 6 դիվիզիա:
Առաջին’ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կազմավորվել է դեռևս 1920-22- ին: Սխրագործությունների համար այն ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի հրամանով վերակազմվել է 51-րդ գվարդիական դիվիզիայի: Աչքի է ընկել հատկապես Ստալինգրադի ճակատամարտում (մասնակցել է 30 հազար հայ), ապա մասնակցել է Կուրսկի ճակատամարտին, Ուկրաինայի ու Մերձբալթիկայի ազատագրմանը:
89-րդ դիվիզիան ստեղծվել է 1941-ի դեկտեմբերին Երևանում: Ռազմաճակատ է մեկնել 1942-ի սեպտեմբերին և Կովկասյան նախալեռներից 3700 կմ մարտական ուղիով հասել Բեռլին: Դիվիզիան Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային զորամիավորումն է: Հրամանատարներ են եղել փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը, Արտաշես Վասիլյանը, նրա զոհվելուց հետո’ գեներալ – մայոր Նվեր Սաֆարյանը: Վերջինիս ղեկավարությամբ դիվիզիան Թաման թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար կոչվել է «89-րդ Թամանյան դիվիզիա»:
390-րդ դիվիզիան կազմվել է 1941-ի աշնանը Անդրկովկասում: 1942-ի գարնանը Նովոռոսիյսկից ծովով, որպես դե^ սանտ, իջեցվել է Ղրիմի Կերչի թերակղզում: Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվել է, զոհվել է նաև հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը: Ձախողվել է Ղրիմի թերակղզու ազատագրման խորհրդային հրամանատարության հարձակման պլանը:
409-րդ դիվիզիայի (նույնպես կազմավորվել է 1941-ի աշնանը) մարտուղին սկսվել է Մոզդոկի շրջանից և ավարտվել Չեխոսլովակիայում ու Ավստրիայում:
408-րդ դիվիզիան կազմավորվել է Երևանում 1942-ի գարնանը: Նույն թվականի սեպտեմբեր – նոյեմբերին մասնակցել է Կովկասի սևծովյան ափերի ծանր մարտերին: 261-րդ դիվիզիան կազմավորվել է 1942-ի ամռանը Հայաստանում և պաշտ- պանել է ԽՍՀՄ-ի սահմանը Թուրքիայի հարձակումից, որը ՀԽՍՀ-ի սահմանների մոտ կենտրոնացրել էր սպառազեն 26 դիվիզիա ու սպասում էր հարմար պահի’ Մոսկվայի, ապա’ նաև Ստալինգրադի անկմանը’ երկիր ներխուժելու համար: Բացի վերոհիշյալ միավորումներից’ Հայաստանում կազմավորվել կամ համալրվել են 31-րդ, 61-րդ (70 %-ը’ հայեր), 136-րդ (15-րդ գվարդիական), 138-րդ (70-րդ գվարդիական), 236-րդ, 320-րդ (87,5 %-ը’ հայեր) և 406-րդ հրաձգային դիվիզիաները, որոնց անձնակազմերի զգալի մասը պատերազմի առաջին շրջանում հայեր էին:
Ավելի քան 67 հազար հայ զորակոչվել է հայկական 6 դիվիզիա: 1941-ի դեկտեմբերի 1-ի տվյալներով’ Հայաստանի տարածքում ստեղծվել է աշխարհազորի 52 ջոկատ, որտեղ ընդգրկվել է շուրջ 25 հազար 500 մարտիկ:
Պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել 108 հայի, որից 4-ին’ Խորհրդա-ֆիննական պատերազմում, 101-ին’ Հայրենական մեծ պատերազմում, և 3- ին’ հետպատերազմյան խաղաղ շինարարության տարիներին կատարած աշխատանքային սխրանքների համար: Զորավար Հովհաննես Բաղրամյանը (եղել է բանակի, ապա’ ռազմաճակատի հրամանատար), գրոհային օդաչու, գվարդիայի փոխգնդ. Նելսոն Ստեփանյանն այդ կոչմանն արժանացել են կրկնակի (պատերազմի տարիներին այդ պատվին արժանացել է ընդամենը 115 մարդ): Կարմիր բանակում առաջինը Փառքի 3 աստիճանի շքանշանով է պարգևատրվել սակրավոր Գևորգ հսրայելյանը, ապա այդ շքանշանին են արժանացել ևս 26 հայ ռազմիկներ, որոնց իրավունքները հավասարեցված են ԽՍՀՄ հեիոսի կոչում ունեցողներին: Պատերազմի տարիներին գիտության և արդյունաբերության բնագավառի 8 հայորդու շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում (Համո Յոլյան, Իվան Թևոսյան, Բագրատ Հարությունով, Նիկոլայ Նարինյան, Բորիս Սալամբեկով, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Օրբելի, Անաստաս Միկոյան): «ՄիԳ» կործանիչ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր, ինժեներա- տեխնիկական զորքերի գեներալ – գնդապետ Արտեմ Միկոյանին և ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին այդ կոչումը շնորհվել է կրկնակի, հրթիռամիջուկային վահանակի ստեղծման գլխավոր կոնստրուկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցին’ քառակի: Մեդալներով և շքանշաններով պարգևատրվել է շուրջ 80 հազար հայ:
1945-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով’ պատերազմին մասնակցել են 68 հայ գեներալներ, ավիացիայի 1 մարշալ (Ա. Խանփերյանց) և 1 ծովակալ: Պատերազմի մասնակից հայ սպաներից այնուհետև ևս 93 հոգու շնորհվել է գեներալի, 1955-ին բանակի գեներալի, Հ. Բաղրամյանին’ Խորհրդային Միության մարշալի, Հովհաննես Իսակովին’ նավատորմի ծովակալի, 1975-ին Համազասպ Բաբաջանյանին’ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի, 1980-ին Սերգեյ Ագանովին’ ինժեներական զորքերի մարշալի կոչում:
1945-ի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած պատմական Հաղթանակի զորահանդեսին մասնակցել է Կարմիր բանակի առավել աչքի ընկած 40 հազար ներկայացուցիչ, այդ թվում’ 150 հայորդի:
Մինչև պատերազմի սկիզբը ՀՍԽՀ բնակչության թիվը հասել էր 1,5 միլիոնի, սակայն շարունակում էր մնալ ամենափոքրը Խորհրդային Միության կազմում (ԽՍՀՄ բնակչության 1,1%-ը): Չնայած այս հանգամանքին՝ 1941-1945 թթ. սովետական բանակ զինակոչվեց շուրջ 500 հազար հայ, նրանցից յուրաքանչյուր երկրորդը ռազմաճակատից ետ չեկավ: Սովետական Հայաստանի հայերի կորուստները կարելի է համեմատել պատերազմում ամերիկյան կողմի կորուստների հետ` ավելի քան 300 հազար մարդ:
1939-45-ին հայերն արժանի ավանդ են ներդրել նաև պարտիզանական պայքարում և Դիմադրության շարժման մեջ: Ուկրաինայում և Բելոռուսիայում մարտնչել են 2 հազար («Հաղթանակ» ու «Միկոյանի անվան» ջոկատները), Ղրիմում և Հյուսիսային Կովկասում’ 500, Լենինգրադի («Գրմանի անվ. ջոկատ») ու Կալինինի մարզերում և Մերձբալթիկայում’ 200, Ֆրանսիայում’ 1200 (Խորհրդային 1-ին պարտիզանական գունդ), Հունաստանում’ ավելի քան 1000 («Ազատություն» ջոկատ), Հոլանդիայում’ շուրջ 800 հայ պարտիզաններ:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին սփյուռքահայերի ճնշող մեծամասնությունը կողմնորոշվել է դեպի մայր հայրենիք և համախմբվել հակաֆաշիստական ազգային ճակատի կազմակերպությունների մեջ: Նրանց հանգանակության շնորհիվ, որը նախաձեռնել է Հայ առաքելական եկեղեցին’ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ արք. Գևորգ Չորեքչյանի գլխավորությամբ, ստեղծվել է «Սասունցի Դավիթ», իրանահայերի հանգանակած գումարով’ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյունը:
Ավելի քան 50 հազար սփյուռքահայ ֆաշիզմի դեմ մարտնչել է Հակա հիտլերյան կոալիցիայի անդամ երկրների (ԱՄՆ, ՄԵծ Բրիտանիա, Ֆրանսիա ևն) բանակներում, գործուն մասնակցություն ունեցել հակաֆաշիստական Դիմադրության շարժմանը Եվրոպայում: ԱՍՆ-ի բանակում կռվող 20 հազար հայից լեյտենանտ Երվանդ Դերվիշյանն արժանացել է ԱՄՆ-ի հերոսի’ «Կոնգրեսի պատվո մեդալ» շքանշանի, որով պատերազմի տարիներին ԱՄՆ-ի բանակում պարգևատրվել է ընդամենը 87 մարդ: ԱՄՆ-ի բանակի գեներալներ են դարձել Ջորջ Մարտիկյանը և Հայկ Շեքերջյանը, Սիրիայի բանակի գեներալ – լեյտեննատ Արամ Կարամանուկյանը, Բուլղարիայի բանակի գեներալ Գաբրիել Գաբրիելյանը:
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանակներում կար շուրջ 30 հազար հայ, որոնց զգալի մասը զորակոչվել էր Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից և այլ երկրներից: Իր սխրանքով Ֆրանսիայում հռչակվել է բանաստեղծ Միսաք Մանուշյանը’ հետմահու արժանանալով Ֆրանսիայի Դիմադրության շարժման հերոսի կոչման:
Ավելի քան 300 հայորդի ընկել է Հունաստանի դիմադրության պայքարում: Բուլղարիայում հայտնի էր հերոսուհի պարտիզան Սաշկայի (Հերմինե Ռազգրադլյան) անունը, որին ֆաշիստները տանջամահ են արել: Ուկրաինական 3-րդ ռազմաճակատում կռվող բուլղարական բանակների շարքերում կար ավելի քան 1000 բուլղարահայ:
Գերմանական հրամանատարությունը խորհրդային ռազմագերիներից կազմակերպել է ազգային լեգեոններ: Հայկական լեգեոնի ստեղծմանը մասնակցել են ՀՅԴ ղեկեկավարներ Արտաշես Աբեղյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Գարեգին Նժդեհը և ուրիշներ: Հրամանատար է նշանակվել ռազմագերի, խորհրդային բանակի մայոր Վարդան Սարգսյանը, որին գերմանացիները շնորհել են գեներալ-մայորի կոչում: Վերջիններս հայկական լեգեոնի (8-9 հազար մարդ, 10 գումարտակ) միջոցով ձգտել են ֆաշիստական հնարավոր ճնշումներից պաշտպանել հայ ժողովրդին, եթե պատերազմն ավարտվեր Գերմանիայի հաղթանակով:
Ավելի քան 30 հազար հայ ռազմիկ մասնակցել է Խորհրդա-ճապոնական պատերազմին (9 օգոստոսի – 2 սեպտեմբեր, 1945)’ Հեռավոր Արևելքում: Նրանց թվում էր Անդրբայկալյան ռազմաճակատի 12-րդ օդային բանակի հրամանատար ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Հեռավորարևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանու հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Պարսեղովը, գեներալ-մայորներ Անդրանիկ Դազարյանը, Տիմոֆեյ Դեդօղլյանը (Դեդօղլու), դիվիզիայի հրամանատար գնդապետ Կոստանդին Լազարյանը (Լազարև) և ուր.: Աչքի է ընկել 352-րդ զենիթահրետանային կանանց հատուկ գունդը, որտեղ մարտնչել է կոմերիտմիության ուղեզրով ռազմաճակատ մեկնած 504 հայուհի:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում մեծ ավանդ ունեն նաև թիկունքի աշխատողները, որոնց նշանաբանն էր’ «Ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար»: Բանվորների, գյուղացիների ու մտավորականների մեծ մասը զորակոչվել է բանակ, իսկ աշխատանքային ճակատում նրանց փոխարինել են կանայք, տարեցները, երեխաներն ու հաշմանդամները, որոնք, շնորհիվ իրենց հերոս, աշխատանքի, կատարել են ռազմաճակատի բոլոր պատվերները: 1941-45-ին ՀԽՍՀ-ում շահագործման են հանձնվել 30 արդյունաբերական նոր ձեռնարկություններ ու 110 արտադրամասեր, յուրացվել 300 նոր արտադրատեսակների (ականանետներ, նռնակներ, ինքնաթիռներ, 10 տեսակի զինամթերք ևն) արտադրություն: Երևանում շարք են մտել ժամացույցի, կոմպրեսորների, «Հայէլեկտրո», ավտոպահեստամասերի, շարժիչավերանորոգման, ավտոդողերի, էլեկտրաշարժիչների, սոսնձի, Ալավերդիում’ քիմիական, Անիպեմզայում’ ցեմենտի, Համամլոտւմ (Սպիտակ)’ շաքարի, Հոկտեմբերյանում (Արմավիր)’ պահածոների, Աշտարակում’ «Խերես» գինու, Արզնիում’ ապակե տարաների, Ջերմուկում’ հանքային ջրերի գործարանները, Երևանում’ մետաքսե գործվածքների, մանվածքային, սայլաշինական, թամբագործական, մահուդի, պարկերի ու տարաների, Լենինականում’ ներկարարական ու դրվագման, Կիրովականում’ մորթու-մուշտակի, կտորեղենի, Ստեփանավանում’ գուլպա – տրիկոտաժի, գյուղատնտեսական. գործիքների ֆաբրիկաները, շահագործման են հանձնվել Ջաջուռի քարածխի, Ստեփանավանի, Կալինինոյի, Ամասիայի, Սևանի, Բասարգեչարի (Վարդենիս) տորֆի հանքերը, վերսկսվել են Քանաքեռի ալյումինի գործարանի, Սևան-Հրազդան կասկադի, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարության աշխատանքները:
Հրատապ է դարձել ռազմաճակատին ու բնակչությանը պարենամթերքով, իսկ արդյունաբերությունը’ հումքով ապահովելը: Կոլտնտեսությունների և խորհրդային տնտեսությունների ջանքերի շնորհիվ ոչ միայն չեն կրճատվել գյուղատնտ. մթերքների արտադրությունն ու ցանքատարածությունները, այլև զգալի չափով ավելացել են: Եթե 1940-ին հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 443,7 հազար հա, ապա 1945-ին’ 460,7 հազար հա, ծխախոտինը 5 հազար հա-ից հասել է 8 հազարի, շաքարի ճակնդեղինն ավելացել է 1000, խաղողի այգիներինը’ 3 հազար, պտղատու այգիներինը’ 5 հազար հա-ով: 1941-ի համեմատությամբ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1945-ին ավելացել է 11.200-ով և հասել 360 հազարի:
1943-ի նոյեմբերի 29-ին ՀԽՍՀ ԳԱ-ի բացումը (1-ին նախագահ’ Հովսեփ Օրբելի) ոչ միայն կարևոր դեր է խաղացել հանրապետությունում գիտության զարգացման մեջ, այլև մեծ չափով նպաստել է ռազմական արդյունաբերության ծավալմանը, գիտության նվաճումները ռազմական նպատակով օգտագործելուն: 1941-45 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 1152 դպրոց (10.307 ուսուցիչ, 278.500 աշակերտ): 1944-45 ուս. տարում կար 1164 դպրոց (12.140 ուսուցիչ, 250 հազար աշակերտ): 1941-ին ՀԽՍՀ-ում կար 9 բուհ, իսկ 1952-ին’ 12:
1941-45-ին Խորհրդային Հայաստանում գործել են 50-ից ավելի էվակոհոսպիտալներ, որտեղ բուժվել են 150 հազար վիրավոր ու հիվանդ զինվորներ: Նրանցից 105 հազարը բուժվելուց հետո վերադարձել են գործող բանակ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծված իրավիճակն զգալիորեն նպաստել է եկեղեցու նկատմամբ խորհրդային իշխանության քաղաքականության մեղմացմանը: Խորեն Ա Մուրադբեկյանի սպանությունից (1938) հետո իշխանություններն արգելել էին նոր կաթողիկոսի ընտրությունը, սակայն 1945-ի ապրիլի 19-ին Ի. Ստալինն ընդունել է կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս. Չորեքչյանին: Հունիսի 16-ին Սբ. էջմիածնի վանքում գումարվել է ազգային – եկեղեցական ժողով: ԽՍՀՄ-ից և աշխարհի 15 երկրից ժամանած 111 պատգամավոր վերջինիս ընտրել է Ամենայն հայոց կաթողիկոս (Գևորգ Զ Չորեքչյան, 1945-54):
Եվրոպայում պատերազմի ավարտից հետո Պոտսդամի (Բեռլինի մոտ) խորհրդաժողովում (1945-ի հուլիսի 17-օգոստ. 2) խորհրդային պատվիրակությունը բարձրացրել է Կարսը և Արդահանը վերադարձնելու հարցը: Սակայն դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) հանդես են եկել Թուրքիայի պաշտպանությամբ: