Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ին հանդես կգա ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ): Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին կներկայացնի Աարոն Կոպլենդի, Ռիխարդ Շտրաուսի, Ռաուլ Խաուրենայի ստեղծագործությունները: Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան նաև Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ):
Գերվասիո Տարագոնա Վալին նշում է՝ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել այս տարվա հունիսին՝ Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Տպավորված է հայերի ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքից:
«Մինչ այստեղ գալը լսել ու կատարել եմ Խաչատրյանի գործերից: Երբ սովորում էի Վենեսուելայում, մասնակցել էի մի համերգի, որին հնչել էր Հարությունյանի շեփորի կոնցերտը: »,-նշում է երաժիշտը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է Կամերային նվագախմբի հետ հայաստանյան համերգին:
Արտիստը նշում է, որ ՀՊԿՆ-ի հետ կատարելու է Աարոն Կոպլենդի կոնցերտը կլարնետի և լարային նվագախմբի համար, ինչպես նաև Ռաուլ Խաուրենայի՝ «Պիացոլայի հիշատակին» ստեղծագործությունը: Վերջինս յուրահատուկ հարգանքի տուրք է տանգոյի լեգենդին:
Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիոն առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը:
Այնուհետև որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ:
2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգային փառատոնը: Փառատոնը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է աշխարհի ճանաչված կլարնետահարներին և այլ երաժիշտների:
ostarmenia.com-ը հանդիսանում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի ինֆորմացիոն գործընկերը: