Սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Փշատավան գյուղում հիմք դրվեց մի նոր՝ իր տեսակի մեջ եզակի փառատոնի: Ամեն տարի այն ներկայացնելու է հայ մշակույթն իր ամբողջ հմայքով: Փառատոնի ընթացքում այցելուները ոչ միայն հնարավորություն կունենա բացահայտել հայկական մշակույթի, գյուղական կենցաղավարության, արհեստների ու արվեստների մի ամբողջ փունջ, այլև դառնալ դրանց անմիջական մասնակիցը, սովորել, ձեռք բերել այն ամենն՝ ինչ կարելի կլինի: Ի դեպ՝ «1000 տարվա գյուղամեջ»-ը կազմակերպվում է երրորդ, իսկ Փշատավանում՝ առաջին անգամ։
– Փառատոնի կազմակերպման նպատակը սահմանամերձ գյուղերում մշակութային կյանքի աշխույժացմանը և տնտեսության զարգացմանը խթանելն է, որը Հայաստանի սահմանապահ բնակավայրերի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն, ostarmenia.com-ին ասաց ծրագրի հեղինակ, հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը, ով կարողացավ իրականացնել նման ծավալի բարդ միջոցառումը նախաձեռնող խմբի հետ միասին:
Փանոսյանի և նրա գործընկերուհու՝ նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գրիգորյանի նվիրական ջանքերի ոչ միայն հայաստանցի, այլ նաև օտարերկրյա զբոսաշրջիկներին Փշատավանը ներկայացավ իր ինքնատիպ ավանդույթներով, ազգային երգ ու պարով, հյուրընկալ բնակիչներով:
«Խաղում ենք 1000 տարվա մեր խաղերը»
Փառատոնի հյուրերն այցելեցին գյուղի դպրոցը. բակում ազգային տարազ հագած երեխաները նրանց դիմավորեցին մեղրով ու հացով: Աշակերտները ներկայացնում էին հին հայկական ժողովրդական, բայց արդեն մոռացված խաղերը՝ յոթ քար, պարանի ձգում… Դպրոցի սաները ներկայացնում էին նաև ժողովրդական կիրառական արվեստներ՝ իրենց ձեռքի աշխատանքները՝ հելունագործություն, ասեղնագործություն, կարպետագործություն, կերամիկա, փայտի փորագրություն, ինչպես նաև կերպարվեստ: Աշակերտներից 16-ամյա Կարեն Մխիթարյանը, ով լսողության խնդիր ունի, պատկերել էր մեր մեծերի դիմանկարները.
-Մեծ ոգևորություն եմ ապրում այս միջոցառումից, քանի որ առիթ ունեցա ներկայացնելու իմ աշխատանքները, -ասաց նա:
Դպրոցի դահլիճում ցուցադրվեց տիկնիկային ներկայացում. Գյումրիից ժամանած Հայաստանի առաջին՝ Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի թատերախումբը ցուցադրեց Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը:
Փշատավանցիները մեծ ոգևորությամբ են ընդունել այն փաստը, որ իրենց համայնքում սկզբնավորվում է նման գեղեցիկ փառատոն, քանի որ դա եզակի հնարավորություն է ընձեռելու իրենց ապահովել զբոսաշրջային հոսք դեպի Հայաստանի հեռավոր բնակավայրեր՝ այդկերպ զարգացնելու տնտեսությունը, ստեղծել մշակութային ապագա աճող սերնդի համար, ինչպես նաև պահպանել պատմա-մշակութային հուշարձանները: Իսկ Արմավիրի մարզը հազարամյակներ ընդգրկող հարուստ պատմություն ունի՝ սկսած վաղ-բրոնզեդարյան շրջանից մինչև միջնադարյան վանքեր…
«Հազար տարվա գյուղամեջ» փառատոնին մասնակցելու եկած հյուրերն ամբողջ օրվա ընթացքում շրջեցին Փշատավանի փողոցներով՝ ծանոթանալով գյուղական կենցաղավարության, արհեստների ու արվեստների ցուցադրությանը, որի ընթացքում ներկայացվում էր մեղրի քամում, բրդի մշակում, լավաշի թխում, ինչպես նաև կավագործություն, դարբնություն, փայտամշակում, ձեռագործություն, գորգագործություն, տիկնիկագործություն և այլ բնույթի աշխատանքներ: Եվ այս ամենն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով՝ ճիշտ այնպես, ինչպես դարեր առաջ եղել է մեր նախնիների կենցաղում:
«Հազար տարվա գյուղամեջ» փառատոնի մասնակիցները ականատես եղան փշատավանցիների հյուրընկալությանը: Նախ «Արաքսի ափին» հյուրատանը վայելեցին հայկական խոհանոցի համեղ ուտեստները, հյուրատան այգուց հավաքված մրգերը, ապա շատերի օջախներում շփվեցին հայ մարդու հոգևոր նկարագիրը պահպանող այս մարդկանց հետ:
Զբոսանք Փշատավանի թաղերում
Չնայած դժվարություններին ՝ փշատավանցին ազգային ոգու և հայրենասիրության ակաս չունի: Դրանում համոզվելու համար բավական է այցելել առաջին պատահած տունը: Գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկում ապագա զինվորական է մեծանում՝ 16-ամյա Սամսոն Հովհաննիսյանը, ով արդեն իսկ պատրաստվում է ընդունվել և սովորել ռազմա-ուսումնական վարժարաններից մեկում: Նա մեծ ուրախությամբ պատմեց փառատոնից ստացած իր տպավորությունների մասին՝ ասելով.
-Շատ հրաշալի է, որ մեր գյուղում սկիզբ դրվեց գեղեցիկ ավանդույթի: Սա մեզ եզակի հնարավորություն է ընձեռելու պահպանել մեր արժեքները՝ հենց թեկուզ մոռացված ժողովրդական խաղերը, որոնք մանկության տարիներին իրար հետ շփվելու և ընկերանալու միջոց են եղել մեր պապերի համար: Մենք կկարողանանք ներկայացնել նաև մեր գյուղի երեխաների մարզական ներուժը, որոնցից շատերի անունները դեռ լսելու ենք միջազգային հարթակներից, -ասում է նա:
Փշատավանը հարուստ է ոչ միայն ապագա տաղանդներով, այլև համայնքի կոլորիտը ստեղծող հետաքրքիր մարդկանցով: Նրանցից մեկը դարբին Մարատ Դավթյանն է, ով նաև երաժիշտ է:
-Դարբնի գործը ժառանգել եմ հորիցս՝ Դավիթ Դավթյանից, -ասում է նա:-Կուզենյայի, որ նոր սերունդը ևս հետաքրքրվեր այս արհեստով: Մեր պապերից մեզ են հասել , օրինակ, մանկական օրորոցների այնպիսի նմուշներ, որոնք արվեստի գործեր են: Այդ ավանդույթները շարունակել է պետք: Ինքս ուզում եմ սկսել մի ծրագիր՝ պատրաստել ճոճանակներ, որոնք կունենան գեղագիտական լուծումներ: Պետք է ճանաչենք և նորովի մատուցենք մեր ավանդույթները և դրանք ներկայացնենք նաև օտարին:
Մեկ այլ հասցեում ապրող Աստղիկ Մխիթարյանը կարևորում է հայկական ասեղնագործության ավանդույնթերի փոխանցումը նոր սերնդին:
-Ասեղնագործել սովորել եմ իմ սասունցի տատիկից: Ուզում եմ, որ «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնն առիթ դառնա, որ գյուղում բացվեն ասեղնագործության խմբակներ, և մեր աղջիկները գնան ու սովորեն, պահպանեն ժողովրդական արվեստի այս կարևոր ճյուղը: Պատմությունից գիտենք, որ ասեղնագործելու շնորհը հայուհու կերպարի կարևոր գիծն է եղել,- ասում է նա:
-Փշատավանցի Աշոտ Մնացականյանի ընտանիքում էլ ավանդույթ է մեղվաբուծությունը: Նա ուրախությամբ է փաստում, որ երիտասարդները հետաքրքրված են գյուղատնտեսության այս ճյուղով:
-Այսօրվա միջոցառումն ինձ համար առանձնացավ նաև այն փաստով, որ մեկ ընդհանուր ծրագրի շուրջ միավորվեցին մազպետը, համայնքի ղեկավարն ու բնակիչները՝ զարգացնելու մեր տնտեսությունն ու մշակութային կյանքը, -նշեց նա:
«Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը շարունակվեց մինչև ուշ երեկո: Հանդես եկան նաև Երևանից ժամանած ազգագրական երգի ու պարի համույթներ: Այսպես է փորձում իր կյանքը կառուցել հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող Փշատավան համայնքը՝ անցյալի ու ապագայի խաչմերուկում պահպանելով մշակութային ավանդույթները…
Ostarmenia.com կայքը «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի ինֆորմացիոն գործընկերն է
Հասմիկ Պողոսյան
Լուսանկարները՝ Գագիկ Պողոսյանի
Երևան- Արմավիրի մարզ- Փշատավան